Գերդաստաններ

Սաթյաններ․ երաժշտությունը՝ որպես կենսակերպ․ «Գերդաստաններ»

Այնքան էլ հեշտ չէ լավ երգ ստեղծելը։ Երգեր շատ են ստեղծվում, բայց դրանցից քչերն են ապրում։ Դրանք այն երգերն են, որոնք թափանցում են մեր սրտերն ու հոգիները, ուրախության կամ տխրության պահին արթնանում մեր հիշողության մեջ ու  ծառայում մեր հույզերի արտահայտմանը։ Այդպիսին է «Մարտիկի երգը», որն  արթնանում է մեր մեջ, երբ մեր որդին զինվոր է կամ օտարության մեջ է, երբ հայրենի դաշտերում ենք կամ թեկուզ մի հեռավոր երկրում։

Եվ վերջապես սա երգ է, որը ստեղծողի՝ Աշոտ Սաթյանի, գերդաստանի անդամները ոչ միայն հիշում են ու երգում, այլև աշխատում են ստեղծել նման մնայուն գործեր։

Աշոտ Սաթյան

19-րդ դարի սկզբներին Զանգեզուրի Խնձորեսկ գյուղում էր ապրում Մովսես Սաթյանը, նա հիանալի նվագում էր ու երգում, ու ոչ միայն աշուղների և  տարբեր երգահանների, այլև իր ստեղծած երգերը։ Մովսեսը մինչև 1943 թվականը   Խնձորեսկում է ապրել, սակայն որդիները մեկնել են Բաքու, հետո ապրել Միջին Ասիայի հնագույն բնակավայրերից մեկում` թուրքմենական Մերվում, և վերջնականապես հաստատվել Երևանում։

Մովսեսը երեք որդի ուներ. Ավագը Պավելն էր, միջնակը՝ Աշոտը, կրտսերը` Արամը։ Երեքն էլ հորից ժառանգել էին նվագելու ձիրքը, սակայն ստեղծագործելու պարգևը ստացել էին Աշոտն ու Արամը։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը Բաքվում ապրելու տարիներին մտել էր Կարմիր բանակի շարքերը և 1921-26 թվականներին եղել փողային նվագախմբի ղեկավար, հետո սովորել Բաքվի «Հայաստան» երաժշտական ստուդիայում, իսկ Երևան տեղափոխվելուց հետո սովորել Կոնսերվատորիայի ստեղծագործական և դիրիժորական դասարաններում։ Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ։

Սաթյանի երգերը բազմազան են իրենց տեսակով ու մեղեդիական կերտվածքով։ Դրանք էստրադային երգեր են, ռոմանսներ, խմբերգեր ու զուգերգեր։ Բայց բազմաոճ երգերին միավորում է սաթյանական քնարականությունը։ Հենց այդպիսին է «Մարտիկի երգը», որը գրվեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ` 1944 թվականին, խոսքերի հեղինակը հանրահայտ բանաստեղծ Գեղամ Սարյանն էր։ Բայց արդեն պատերազմից հետո արգելվում է այս երգի կատարումը, քանի որ  խորհրդային քարոզչամեքենայի ղեկավարները կարծում էին, որ զինվորը հնարավոր չէ, որ բանակում նստի և երգի հայրենի տան կարոտի մասին։

Արամ Սաթունց

Աշոտ Սաթյանի այս բարձրարվեստ գործում վառ է արտահայտվում ազգային  երանգը, կոլորիտը, իսկ ռիթմը, հարմոնիան կապված են նրա երաժշտական մտածողության հետ։ Սա էթերևս նրա «Մարտիկի երգի» մնայուն և շատ սիրված լինելու գաղտնիքը։

«Մարտիկի երգն» այնքան հուզական է, այնքան հոգեհարազատ ժողովրդական  մեղեդայնությամբ, որ այն երգում են բոլորը, ապրում նրա յուրաքանչյուր ելևէջով։ Երբ մահացավ Աշոտ Սաթյանը, հենց այս երգն էր ողբաձայն երգում նրա մայրը, ասես, որդու կորստի ցավն ու հայրենի տան կարոտը ձուլվում էին միմյանց և ստեղծել մի  յուրահատուկ սիմֆոնիա։

Աշոտ Սաթյանի հետ Երևան է գալիս նաև եղբայրը՝ Արամ Սաթունցը, որը շուտով մեկնում է Հայրենական մեծ պատերազմ։ Սաթունցի «Փառք Սովետական բանակին» երգը մեծ ոգևորությամբ հնչում է Սովետական բանակում, հատուկ ուշադրության են արժանանում նրա քայլերգերը։ Սաթունցը 1955 թվականին Թամանյան դիվիզիայի Երգի և պարի ինքնագործ խմբի ղեկավարն էր։ Կոմպոզիտորի մահից հետո հնչեց Արամ Սաթունցի «Լուսնի շողով» սիմֆոնիան՝ անչափ քնարական մի գործ, որն  այսօր գրավում է ունկնդրին իր հարուստ հնչեղությամբ։

Ահա այսպիսի մթնոլորտում էր հասակ առնում, դաստիարակվում Սաթյանների 3-րդ սերնդի ամենախոստումնալից կոմպոզիտորը՝ Արամ Սաթունցի որդին՝ Արամ Սաթյանը։ Հայրը երբեք չէր պատկերացնում, որ որդին կոմպոզիտոր կդառնա։ Սակայն տղան 14 տարեկան էր, երբ հանրահայտ կոմպոզիտոր Էդուարդ  Բաղդասարյանը նկատեց տղայի տաղանդը։ Հետաքրքիրն այն է, որ հայրը չէր  աշխատել որդու հետ այնպես, ինչպես իր աշակերտների հետ։ Կրտսեր Արամը կողքից լսում ու տեսնում էր հոր աշխատանքը։  

Արամ Սաթյան

Արամ Սաթյանը երաժշտություն է գրել նաև ֆիլմերի համար։ Նա որպես Կոմպոզիտորների միության նախագահ լավ կազմակերպիչ է նաև։

Աշոտ Սաթյան կրտսերը լավագույն երգերի հեղինակ է։ Նա ևս հիշում է այն հիանալի  մթնոլորտը, որտեղ դաստիարակվել ու սովորել են ինքն ու իր եղբայր Ռուբենը։

Սաթյանների գերդաստանի չորրորդ սերունդը ներկայացնում են երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտորները, որոնք գործում են արտերկրում։ Պավելի թոռը՝ Արթուր Սաթյանը, փայլուն ջազմեն է, կրթություն է ստացել Երևանում, բայց այսօր   հանդես է գալիս Բեյրութում։ Արամ Սաթյանի որդին՝ Դավիթը գործում է Լոնդոնում։ Նրանց  կրթել է Արամ Սաթյանը և նրանք այսօր ճանաչելի են դարձնում հայ երգը  օտարներին։ 

Արամ Սաթյանի դուստր` Լիլիթը, այսօր Բրյուսելում է և զգալի հաջողություններ ունի։ Ճիշտ է՝ իր անձնական ընտանիքում հանգամանքներն այնպես են դասավորվել, որ չի կարողացել իր երաժշտական գործունեությունը շարունակել որպես երգիչ, բայց մեծ հաջողությունների է հասել որպես երգչախմբի ղեկավար։ Նա 18 տարեկան էր, երբ հայրիկի հեղինակային երեկոյին կատարեց նրա «Ավե Մարիան» և դահլիճը մեծ  հուզմունք ապրեց։

Սաթյանները շատ են ստեղծագործում սիրո թեմայով, դրանք երգեր են, ռոմանսներ։ Արամ Սաթյանը կարծում է, որ այդ թեման հոգեհարազատ է իրենց ողջ գերդաստանին, և որ երիտասարդներն էլ են շարունակում ստեղծագործել և այդ  ստեղծագործություններն այսօր նրանք ներկայացնում են այլ երկրներում։

Հաճախ են գերդաստանի անդամներով հավաքվում՝ և՛ մեծերը, և՛ երիտասարդները, հիշում ընտանեկան այն երաժշտական մթնոլորտը, որի շնորհիվ ձևավորվել են նրանց երաժշտական ճաշակն ու մասնագիտական կարողությունները։ Այսօր էլ, երբ հավաքվում են, միասին երգում են, ու իհարկե առաջինը «Մարտիկի երգն» է։

Back to top button