ԿարևորՔաղաքական

Մոսկվան պատրաստ է նոր հանդիպում նախաձեռնել

2023–ի առաջին շփումը Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի միջև տեղի է ունեցել հունվարի 31–ին։ Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի խնդրին և եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին։ Նույն օրը գրեթե նույն թեմաների շուրջ հեռախոսազրույց տեղի է ունեցել նաև Մոսկվայի և Բաքվի միջև, արդեն՝ արտգործնախարարների մակարդակով։ Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը։ Նույն ձևաչափով նախորդ հանդիպումը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում չէր կայացել։

Պաշտոնական լրատվությունը լռում է, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել այս տարվա առաջին հեռախոսակապը պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև։ Բայց ներկայացված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Փաշինյանն ու Պուտինը երկար են զրուցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են թե՛ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն առնչվող հարցերը, թե՛ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը, թե՛ եռակողմ հայտարարությունների ու պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Չեն շրջանցվել նաև հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերը։

Կարևոր ազդակը, սակայն, եկել է Մոսկվա–Բաքու հեռախոսազանգից հետո։ Արտգործնախարարների հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Առաջարկին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Արտգործնախարարների  մոսկովյան վերջին  հանդիպումը տապալվեց 2022–ի տարեվերջին։ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած խնդիրների հիմնավորմամբ Հայաստանի արտգործնախարարը չմեկնեց Մոսկվա։ Ավելի ուշ՝ արդեն 2023–ի հունվարին, Հայաստանի տարբեր պաշտոնյաներ նաև հաստատեցին, որ «խաղաղության պայմանագրին» առնչվող հայկական առաջարկների պատասխանները Երևանը Բաքվից դեռ չի ստացել։  

Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը համոզված է, որ Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը լուծելու համար իշխանությունը թերի քայլեր է ձեռնարկում և օգտագործում է վտանգավոր թեզեր։  

«Այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը, որովհետև դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Ամենավտանգավորը անցնող 50 օրերի ընթացքում իշխանության այն թեզն էր, որ Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահներն են, թեև նոյեմբերի 9–ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի ստորագրությունը, և հավասարազոր պարտականություն Հայաստանի իշխանությունը ունի Լաչինի միջանցքը բացելու հետ կապված»։

Ընդդիմադիր գործչի տեսակետը չի կիսում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։ Նա հենց այն պնդումների կողմնակիցն է, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանն է ստանձնել պատասխանատվություն ապահովելու միջանցքի բնականոն տեղաշարժը։ Համոզված է, որ հենց այդ հարցն էլ քննարկել են Փաշինյանն ու Պուտինը։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանը որևէ վերահսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ սահմանելու իրավունք չուներ եռակողմ հայտարարությամբ։ Սա, նախ, արձանագրում է, որ Ռուսաստանը չի կատարում այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի ստորագրությամբ, միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ շարունակվելու դեպքում այդ ճգնաժամն էլ ավելի խորանալու է, և մենք տեսնում ենք, որ հարցը միջազգայնացել է, ինչից խուսափում էր ադրբեջանական կողմը։ Ըստ էության՝ եռակողմ ձևաչափից խնդրի լուծման հեռանկարը նաև շատ ավելի է ընդարձակվում՝ ընդգրկելով միջազգային դատական ատյաններ, որոնք միանշանակորեն առաջնորդվում են ոչ թե ստորագրված որևէ եռակողմ հայտարարությամբ, այլ՝ միջազգային իրավունքով։ Այսինքն՝ այստեղ զուգահեռ գործընթացներ են գնում»։

Զուգահեռ գործընթացի մասին  թերևս վկայում է նաև ԵՄ դիտորդական երկրորդ առաքելության տեղակայումը Հայաստանում։ Փաստը ցավագին է ընդունել հենց Մոսկվան՝ պաշտոնապես հայտարարով, որ ռուս սահմանապահները ԵՄ դիտորդների ցանկացած գործողության կարձագանքեն տեղում։ Թե ինչ արձագանքի մասին է խոսքը, պարզաբանել է ՌԴ արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչը։

«Կլինեն ինչ-որ գործողություններ, կլինի համապատասխան արձագանք։ Չեն լինի գործողություններ, չի լինի նաև արձագանք։ Այս հարցում պետք չէ երևակայել»։

Ռուսական կողմը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել նաև նախորդ շաբաթ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ համաձայնեցված է նաև այն հարցը, որ ռազմական ոչ մի բեռ Լաչինի միջանցքով չպետք է տեղափոխվի։ Այն, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձևակերպում չկա, հայտնի է բոլորին, բայց Լավրովի արտահայտած միտքը նոր հարց է առաջացնում՝ արդյո՞ք կա առանձին հավելված կամ բանավոր պայմանավորվածություն։ Այս հարցին հստակ պատասխան տալու փոխարեն Զախարովան խորհուրդ է տվել հստակեցնել Երևանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Պնդում է, որ այն իրենց հայտնի չէ։

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել նաև ԵԽԽՎ–ում տեղի ունեցած քվեարկությունը։ Միջպետական խորհրդարանական կառույցը նախորդ շաբաթ կողմ քվեարկեց ուկրաինական պատերազմի հետաևանքները և ռուս պաշտոնյաների գործողությունները քննող Տրիբունալ ստեղծելու առաջարկին։ Հայկական պատվիրակությունը քվեարկությանը չմասնակցեց, Ադրբեջանի պատվիրակներից երկուսը կողմ քվերակեցին, մեկն անգամ դատապարտեց Ռուսաստանի ագրեսիան՝ խոսքը եզրափակելով «Փառք Ուկրաինային» հայտարարությամբ։ Զախարովան այս դրվագը պաշտոնապես մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում ու Հայաստանին է խորհուրդ տալիս հասկանալ «ժանրի կանոնները»։ Թե որ ժանրը կանոնների մասին է խոսքը,   ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը չի մանրամասնում։

Back to top button