ԿարևորՀասարակություն

«Մալաթիա» տոնավաճառը կաշխատի. թերությունները վերացնելու համար լրացուցիչ ժամանակ է տրվել

«Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը պարտավորվել է վերացնել առկա թերությունները։ Տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ մեկ տասնյակից ավելի առևտրականներ պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ աշխատանքների կատարմանը։ Տնօրինությունը պարտավորվել է առաջնահերթորեն վերացնել էլեկտրականության և առաստաղների հետ կապված խնդիրները, ապա՝ շտկել մյուս խախտումները։ Թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները կմեկնարկեն հենց այսօրվանից։

Այսօր վաղ առավոտից «Մալաթիա» տոնավաճառը փակ էր։ Աշխատակիցները ոչ թե իրենց տաղավարներում էին, այլ՝ տոնավաճառի դարպասների մոտ։ Պահանջում էին ժամանակ տալ ղեկավարությանը վերացնելու թերությունները, և ոչ թե կասեցնել  տոնավաճառի գործունեությունը:

Դեռ երեկ նրանք հույս ունեին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կընդառաջի եւ չի փակի տոնավաճառը, թույլ կտա աշխատել և զուգահեռաբար վերացնել հակահրդեհային կանոնների խախտումները։ Տոնավաճառը, սակայն, այսօր այդպես էլ չբացվեց։ Բայց ինչպես հայտնեց տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ տեսչական մարմնի հետ որոշակի համաձայնության եկել են։

«Երեկ երեկոյան տեսչական մարմինն այստեղ է եղել, նորից ամեն ինչ նայել են, տեսան, որ շատ հրդեհավտանգ չէ, ինչպես պատկերացնում էին։ Այսօր պետք էպատասխանեն, թե քանի օր ժամանակ են տալիս այդ թերությունները շտկելու համար, որ մենք նորից աշխատենք։ Մենք մի 10 հոգով հիմա կգնանք տեսչական մարմին։ Ղեկավարը մեզ է սպասում, միասին կորոշենք՝ ինչ անել»։

Տոնավաճառի տնօրինությունը և առևտրականներից մի խումբ իրավապահների ուղեկցությամբ ի վերջո հանդիպեցին տեսչական մարմնի ղեկավարի հետ։ Հանդիպումից հետո տեղեկացրին, որ տոնավաճառի տնօրինությանը մի քանի օր ժամանակ է տրվել թերությունները վերացնելու համար։ Առաջնահերթորեն  կվերացվեն էլեկտրականության հետ կապված թերությունները։ Առաստաղը պետք է փոխվի կամ ընդհանրապես չլինի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Գիշեր-ցերեկ կաշխատենք, թերությունները կվերացնենք, որ ժողովուրդն աշխատի՝ մնացածն ընթացքում վերացնելու պայմանով։ Ժողովրդին ասացինք, համաձայնվեցին, գնացին։ Վաղը ոչ ոք չի գա իրերը հավաքելու, ակցիաներ չեն լինի։ Մենք այսօրվանից արդեն սկսել ենք աշխատանքներ կատարել։ Պահեստամասերի տարածք կա, որը բաց տարածություն է, տեսչականը թույլատրել է աշխատել։ Գալու են նախագիծ, նախահաշվարկ են անելու։ Եթե պարզվի, որ մեծ գումարի հետ գործ ունենք, որը ես չեմ կարող ծախսել, պարզ է, որ կփակենք»։

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք ուղղակի և անմիջական սպառնալիք են հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։ Դրանից  հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։ Ըստ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի՝ եթե տնօրինությունը հստակ ժամկետում թերությունները չվերացնի, տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։

Back to top button