Վերնատուն

Ձեռքի աշխատանքը՝ ճաշակի, մտածողության ու կենսունակության գրավական․ «Վերնատուն»

Մի օր աշխարհը պիտի ավելի կարևորի ձեռքի աշխատանքը ու համաժողովրդական մասշտաբով հասկանա դրա բուն էությունը՝ ասում է Հայաստանի Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։

«Ժողովրդական արվեստը ժողովրդի հազարամյակների մշակույթի արտացոլանքն է՝ աշխարհայացքի, գունային ճաշակի, արժեքային համակարգի, իսկ դրանք գալիս են կյանքի հանդեպ նրանց վերաբերմունքից․ ինչպե՞ս են ճանաչել կյանքը, ի՞նչ օրենքներով են նրանք առաջնորդվել։ Դրանք պատահական չեն հայտնվել, ամեն ինչ պատճառաբանված է, ու դրանց հետևում կա խորքային գիտելիք, որը տանում է դեպի հոգևորի ճանաչողություն և այդ գիտելիքներն ու համակարգը դրել են ամեն ինչի մեջ՝ ձևերի, զարդանախշերի, ծեսերի հաջորդականության, էպոսի ու հեքիաթների»։

Լալա Մնեյանը ժողովրդական արվեստնն ու ձեռագործությունը զարգացնելու հնարավորությունները տեսնում է հանրակրթական ծրագրերում դրանց ներառման մեջ, նշում է՝ այսօր հայաստանյան կրթական ծրագրերում կամ առհասարակ ոչինչ չկա, կամ չնչին դրվագներ են։

«Եթե մենք գնում ենք առաջադիմության ճանապարհով, ապա պիտի ուշադրություն դարձնենք՝ ինչպիսին է ձեռարվեստի հանդպ վերաբերմունքը և՛ արևմուտքում, և՛ արևելքում։ Եթե նայենք չինական կամ ճապոնական կրթական համակարգերին, կտեսնենք, որ նրանց ազգային ողջ մտածողությունը ներառված է։ Եվրոպայում ցանկացած ոչ մասնագետ մարդ հասկանում է տեքստիլից, նույնիսկ տղամարդիկ։ Մեր երեխաները արդյո՞ք տարբերում են ժանյակը ասեղնագործությունից, կարպետը գորգից և այլն, դրանք տարրական գիտելիքներ են», – ասում է Լալա Մնեյանը՝ հավելելով, որ ձեռքի աշխատանքը կամ որևէ արհեստ զարգացնելը հոգեբանորեն ամրապնդում է մարդուն, այն ոչ միայն թերապևտիկ նշանակություն ունի, այլ նաև կամքի հաղթահարում է, ճաշակի ու մտածողության զարգացում, մարդուն տալիս է կենսունակություն՝ կյանքում շատ այլ բաներ հաղթահարելու։

Back to top button