ՀարցուԳԻՏԱփորձ

Արդյո՞ք Արգիշտին Մենուայի որդին էր․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

Դարեր առաջ մի շարք գիտնականներ մեր երկիր եկան, որովհետև այստեղ ժայռերը «խոսում էին» ինչ-որ անհասկանալի լեզվով։

«Ուրարտերենը բարդ լեզու է, դժվար է սովորել։ Ավելի դժվար, քան` հայերենը»։

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է։ Այսօր խոսելու ենք այն լեզուների մասին, որոնցով էլ ոչ ոք չի խոսում։

***

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։ Այս բառերը դպրոցական դասագրքերում տպագրով գրվեցին մ․թ․ա․ 8-րդ դարում սեպագրով արված արձանագրության հիման վրա։ Բայց ինչպե՞ս մարդիկ կարողացան կարդալ մի լեզու, որը հասկացող ոչ մի մարդ այլևս չկար։ Ինչպե՞ս նշանը տառ դարձավ, ո՞վ ճանաչեց մեռած լեզուն։ Արդյո՞ք Մենուան Արգիշտիի որդին էր․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

Երևանի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը

«Արգիշտիխինիլի՞, թե՞ Արգիշտեխենելե։ Ես գրում էի Արգիշտեխենելե, քանի որ հասարակության մեջ ընդունված է հին ընթերցանության ձևը։ Ճիշտը պետք է լինի Արգիշթե, ոչ թե Արգիշտի, պետք է լինի Մինուա, ոչ թե Մենուա, բայց քանի որ հնուց հասարակությունը, լեզվաբանները ընդունել են այդ հին ընթերցանությունը, հենց գրում եմ Արգիշթի, «թ»-ն, շտկում են «տ»-ով, պիտի գնաս պայքարես»։

Սիմոն Հմայակյան․ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ուրարտագետ։ Հմայակյանի առաջին գիտական աշխատանքները Վանի թագավորության պետական կրոնի մասին էին։ Հենց սա ստիպեց սովորել մի լեզու, որն իր ծնվելու պահին արդեն մեռած էր։

«Բնականաբար, պետք էր կողմնոոշվել սեպագիր արձանագրություններում, պետք էր իմանալ կարդալ այդ սեպագրերը և օգտվել համապատասխան գրականությունից և այստեղ բախտս բերեց։ Ուրարտերենի մի հրաշալի ուսուցիչ ունեինք՝ Հովհաննես Կարագյոզյանը, շա՛տ մեծ գիտնական, որն աշխարհի ամենահամեստ մարդն էր․ իր գիտությունը՝ ուրարտագիտությունը, և իր աշակերտները։ Քիչ են լինում այդպիսի մարդիկ, բայց գոնե մեկին ես ճանաչում եմ»։

Բայց որտեղի՞ց էր եկել այդ գիտելիքը, որը Կարագյոզյանը կարողացավ փոխանցել աշակերտներին։ Պարզվում է՝ առաջինն ուրարտերենի մասին խոսել է Մովսես Խորենացին․

«Վանա ժայռի սեպագրերը նկարագրում է Մովսես Խորենացին։ Երբ նա թարգմանվեց լատիներենով, հետո՝ եվրոպական մյուս լեզուներով, եվրոպացիները զարմացած էին։ Չհավատացին և Հայաստան ուղարկվեց Շուլտս անունով գիտնականը։ Երիտասարդ մարդ էր, որը եկավ Վան և եղավ Մովսես Խորենացու ճշմարտացիությունն առաջին ապացուցողներից մեկը։ Հավաքեց 42 սեպագիր արձանագրություն, էստեղ էլ մահացավ։ 1840 թվականին այդ արձանագրությունները հրատարակվեցին։ Եվ ահա 1840 թվականն էլ կարող ենք համարել ուրարտագիտության սկիզբը»։

Այդ ժամանակ արդեն Մորթման անունով մի գիտնական ուրարտերեն արձանագրությունները կարդաց հայերենով։ Դրա համար հիմքեր ուներ․ կրկնվող բառերը շատ էին։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա բոլորովին ուրիշ մի լեզու է։

«Հետագայում հայտնաբերվեց Բեհիստունյան արձանագրությունը։ Ռաուլ Ինսթոն անունով ճանապարհորդը մեծ դժվարությամբ այդ արձանագրությունը արտանկարեց։ Այստեղ ինչն էր հետաքրքիր, որ գրված էր 3 լեզուներով՝ կենտրոնում՝ պարսկերեն, ձախ կողմում՝ աքքադերեն, աջ կողում՝ էլամերեն»։

Սա լուրջ դժվարություն էր գիտնականների համար։ Այսպիսով՝ եթե Ասորեստանի թագավոր Աշուրբանապալը մ․թ․ա․ 600-ական թվականներին չորոշեր գրադարան ստեղծել, կամ եթե նրա գրադարանը հետագայում չգտնվեր, մեռած լեզու աքքադերենը «վերակենդանանալու» ոչ մի հնարավորություն չէր ունենա։ Այնտեղ հեռատեսորեն ստեղծված մի բառարան կար, որը «պատկեր-դրա աքադդերեն անվանում» սկզբունքով էր կազմված։ Այսպես մարդիկ սկսեցին կարդալ այլևս չկիրառվող ու մոռացված լեզուն։

Բեհիստունյան արձանագրությունը

«Աքքադերենը հայտնի էր, և ուրարտերենի համար կային արձանագրություններ, որոնք գրված էին և աքադերեն, և ասորերեն, և ուրարտերեն։ Համանման տեքստերը համադրելով` բավականին ստույգ կարդացվեցին նաև ուրարտերեն տեքստերը։ Հետո հայտնաբերվեցին խեթերեն–աքքադերեն նամակներ, նույն հարցի վերաբերյալ, նույն բանը գրված էր խեթերեն ու աքադերեն։ Այդ ձևով Ռոզնի անունով գիտնականը կարդաց խեթերենը»։

Մեռած լեզուների կյանքը շարունակվում է նաև այսօր, քանի որ գիտնականները շարունակում են վիճել։ Սիմոն Հմայակայանն ասում է՝ բովանդակային, իմաստային սխալներ չկան, թարգմանություններն ամբողջական են։ Վեճերն այժմ ավելի մանր խնդիրների շուրջ են․

«Կա համեմատական լեզվաբանություն, մեծ ու հետաքրքիր գիտություն է, որը անչափ օժանդակում է ճշգրտմանը։ Անճշտություններ կարող են լինել «ս»-ի «շ»-ի միջև, կարդալ «ու՞» թե՞ «ի», «ո՞», թե՞ «-ի»։ Օրինակ՝ Խալդինի՞ պիտի կարդաս, թե՞ Խալդինե․  այս մանր խնդիրների վրա մինչև հիմա մեծ վեճեր են գնում»։

***

«Մեռած լեզու ու կենդանի լեզու սովորելու մեջ բավական մեծ տարբերություն կա։ Կենդանի լեզվով գոյություն ունի շփում, մարդիկ սովորում են խոսել, ավելի ակտիվ են տիրապետում։ Մեռած լեզվով մարդիկ սովորում են կարդալ տեքստեր, և դա սովորաբար ավելի դժվար գործընթաց է»։

Գոհար Մուրադյանին հանդիպում եմ Մատենադարանում, թարգմանական մատենագրության բաժնի վարիչն է։ Զրույցի նախնական՝ ծանոթության փուլում հարցնում եմ՝ քանի՞ լեզվի եք տիրապետում։ Թվարկում է լեզուներ, բոլորը՝ մեռած․ հին հունարեն, լատիներեն, գրաբար։

«Ես սովորել եմ Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասական բանասիրություն կոչված բաժնում, որտեղ շատ քիչ էին ուսանողները, որովհետև դա ամենադժվար բաժինն էր համարվում։ Այնտեղ ուսումնասիրում են հին հունարեն, լատիներեն, անտիկ գրագիտություն և, ընդհանրապես, անտիկ աշխարհ։ Դասական բանասիրությունը աշխարհում ընդունված մասնագիտություն է, մեզ մոտ, ցավոք, չկա»։

Մասնագիտությունը խիստ կիրառելի է ու կարևոր։ Մուրադյանն ուսումնասիրում է միջնադարյան ձեռագրերը, որոնցում ներառված են զանազան տեքստեր։ Դրանք հիմնականում հին հունարենից են թարգմանվել․

«Առանց որևէ խտրականության դրանք դարձել են մեր մշակույթի, մեր գրականության անկապտելի մասը։ Եվ ուսումնասիրելու համար պետք է համեմատել հունարեն սկզբնագրերի հետ, հասկանալ՝ ինչպե՞ս են թարգամանել, ճշգրի՞տ, թե՞ փոխել են, ինչու՞ են փոխել»։

Բայց նրա գիտական հետաքրքրության զգալի մասն ուղղված է եղել հին հունարենի՝ գրաբարի վրա ունեցած ազդեցությանը։ Ասում է՝ հայերենի գիտական բառապաշարը հատկապես դրա կրողն է։ Մի շարք տերմիններ այժմ էլ կիրառվում են գիտական, փիլիսոփայական, քերականագիտական ոլորտներում։

«Բացի այդ հին հունարենից և լատիներենից թարգմանություններով եմ զբաղվել վերջին տարիներին։ Վերջին գիրքը Հոմերոսի «Իլիական»-ն էր, հիմա «Ոդիսական»-ի վրա ենք աշխատում Արամ Թոփչյանի հետ, բոլոր գրքերը միասին ենք թարգմանել։ Դրանք եվրոպական գրականության առաջին գրական գործերն են, որոնք հսկայական ազդեցություն են թողել համաշխարհային գրականության վրա՝ գրված լինելով մ․թ․ա․  8-րդ դարում»։

Հին հունարեն կարդալու ավանդույթը երբեք չի դադարել։ Եթե ուրարտերենը կամ աքքադրենը հասկանալուց առաջ բացահայտելու կարիք կար, ապա հին հունարենն ու լատիներենը մեռած լեզուների շարքին են դասվում միայն այն պատճառով, որ այժմ չկան դրանցով խոսող մարդիկ․

«Լատիներենի մասին էլ չեմ խոսում, որ միջնադարում  Եվրոպայում եղել է գիտության դպրոցի լեզու, կաթոլիկ եկեղեցու լեզու, միշտ արհեստականորեն կենդանի է պահվել, և մինչ օրս անգամ բուսաբանության բնագավառում համարվում է ընդունված լեզու․ նոր բույսի անունը լատիներեն են գրում։ Եթե բառարաններում նայեք, ցանկացած լեզվով բույսերի անունների կողքը նաև լատիներեն տերմինն է դրվում։ Իսկ հին հունարենն ու լատիներենը Եվրոպայում հատկապես ակտիվացան վերածննդի դարաշրջանում»։

Գրաբարը ևս մոռացվելու խնդրին չի բախվել, թեև այժմ դրա ուսումնասիրությունը խիստ տեղային՝ մասնագիտական դաշտում է կազմակերպվում․

«18-19 դարերում Մխիթարյանները նոր զարկ տվեցին գրաբարին, և նրանք գրում էին, գրակա՛ն ստեղծագործություններ էին գրում։ Հոմերոսի «Իլիական»-ն առաջին անգամ Մխիթարյանները թարգմանել են գրաբար»։

«Եթե ես գնում եմ Հունաստան, ես հունարեն չեմ խոսում, այնքան է փոխվել լեզուն, պետք է հատուկ ուսումնասիրել նոր հունարենը։ Գուցե ավելի շատ է տարբերությունը, քան գրաբարի և մեր հայերենի միջև, ավելի դարերը շատ են անցել և արտասանությունը խիստ փոխվել է, բայց ցուցանակների գրությունների զգալի մասը հասկանալի է։ Նույն գիրն է, հաճախ նույն բառերն են, մի քիչ փոխված»,- ասում է Գոհար Մուրադյանը։

Այսպես մեր օրերում, մեր կողքին ապրող մարդիկ ուշադիր ու մանրակրկտորեն նայում են անցյալին՝ ամեն խազ ու նիշ, ամեն հիերոգլիֆ, ամեն պատկեր հասկանալու, դրանցում բառ կարդալու ջանքերով։ Նրանք գուցե չիմանան՝ ինչի մասին է խոսում այսօրվա աշխարհը, բայց լավ գիտեն՝ երեկվանը մեզ ինչ էր ասում։ Նրանք գիտելիքի շարունակականությունը ապահովելու պատրաստակամություն, անցյալը ապագա փոխանցելու նպատակադրում ունեն։ Ժայռերն ու մագաղաթները խոսում են այս գիտնականների հետ մի լեզվով, որը քչերին է հասկանալի։

Back to top button