ԿարևորՀասարակություն

Աջակցության ծրագրեր ու տնտեսական վնասների հաշվարկ․ շրջափակված Արցախում այսօր ակտիվություն կար

Շրջափակված Արցախում աջակցության ծրագրեր կիրականացվեն։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ փորձում են աջակցել տնտեսավարողներին, որ աշխատատեղերը պահպանվեն: Այս ընթացքում արդեն 5000  մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ «Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,– ասել է Վարդանյանը։ Նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն: Ավելի քան 50 օրվա ընդմիջումից հետո Ստեփանակերտի խանութներում  նարինջ ու մանդարին է վաճառվել։

Շրջափակված Արցախի մայրաքաղաքում փետրվարի առաջին օրն  անսովոր աշխուժություն էր տիրում։ Ստեփանակերտի  կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում  շուրջ 50 օրվա դադարից հետո նարինջ ու մանդարին է հայտնվել։ Ավելի վաղ խանութներում նաև գազար էր հայտնվել։ Ստեփանակերտի բնակիչ Կարինե Հայրապետյանը «Ռադիոլուրին»  պատմում է խանութների մոտ տիրող աշխուժության մասին։

«Մենակ շուկան չի, խանութներն էլ են ստացել գազար, նարինջ ու մանդարին։ Աշխուժություն է տիրում խանութների առաջ։ Հերթեր են կուտակվել, մարդիկ իրար հերթ չտալով` կանգնել են, որ մանդարին ու նարինջ գնեն»,– ասում է Կարինե Հայրապետյանը։

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գնումների չափ է սահմանել։ Նաև մրգի արժեքն են նախանշել․ մեկ սպառողը կարող է գնել մեկ կիլոգրամ։ Մանդարինի գինը 650 դրամ է, նարնջինը՝ 500 դրամ, իսկ գազարն արժե 430 դրամ։ Սրանք վաճառքի առավելագույն գներն են։

Միրգն ու բանջարեղենն այս օրերին ամենապահանջվածներից են Արցախում՝ ասում է Կարինե Հայրապետյանը․

«Երեխաները արդեն 50 օր է՝ մրգից ու բանջարեղենից կտրված են։ Ես դեռ չեմ վերցրել ո՛չ նարինջ, ո՛չ էլ մանդարին։ Գազար եմ վերցրել»։

Արցախի մյուս բնակավայրերում նշված ապրանքատեսակների վաճառքը իրականացնելու համար նույնպես աշխատանքներ են տարվում։

Գազամատակարարման վերականգնմանը զուգահեռ Ստեփանակերտում վերսկսկվել են դասերը։ Երեխաներն արդեն առավոտյան 9–ին են դպրոց հաճախում։ Հովհարային անջատումները, սակայն, շարունակվում են։ Դրանց գրաֆիկը կազմվել է համապատասխան հաշվարկներից հետո։ Տեղական արտադրության Էլեկտրաէներգիայի ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Այդ պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքը դժվարությամբ է ապահովվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմաններն ապահովելու համար: Արցախում վառելիքի խնդիր կա։ Կտրոնով են տրամադրվում ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքները, այլև՝ վառելիքը։

Այդ խնդիրները պարբերաբար քննարկվում են Արցախի օպերատիվ շտաբում։ Այստեղ կարևորում են խիստ խնայողության ռեժիմի պահպանումը, քանի որ ռեսուրսները սահմանափակ են։ Սոցիալական խնդիրների հետ Արցախում սրվում են նաև տնտեսական հարցերը։ Սա ուղիղ ազդեցություն է թողնում պետական  բյուջեի վրա։

«Բյուջեի ծախսերի, պարտավորությունների մի մասը դեկտեմբերին ամգրագրվեց լրացուցիչ դեֆիցիտի տեսքով։ Այդ պարտավորությունները ստիպված այս տարվա ընթացքում են կատարվելու։ 2023 թվականի պետական բյուջեն, որը մինչ շրջափակումն էր հաստատված, նախանշում էր նաև մոտավորապես 50 մլրդ դրամի սեփական եկամուտներ։ Հենց առաջին օրվանից պարզ է, որ հնարավոր չէ եկամուտների նման մակարդակ ունենալ»,– ասում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Այս ընթացքում 5000  մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ Արցախում կներդրվեն  շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ։ Ընդհանուր առմամբ մշակվել է 4 ծրագիր՝ երկու տնտեսական ու երկու սոցիալական ուղղվածության։ Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Ըստ ծրագրի, եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։

Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով  նրանց տրամադրվելու է  որոշակի գումարի աջակցություն։

Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակումից առավելապես տուժած ոլորտներին։ Դրանցով նախատեսվում է աջակցություն տրամադրել տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման հարցում։ Իսկ անհատ ձեռնարկատերերին նախատեսվում է ամսական աջակցություն տրամադրել:

Back to top button