ԿարևորՄիջազգային

Ալեք Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել նկարահանման հրապարակում չկանխամտածված սպանություն գործելու համար

Ալեք Բոլդուինը հեռախոսով զրուցել է ֆիլմի նկարահանման ընթացքում հրազից օգտվելու վարժանքների ժամանակ, որի պատճառով սպանվել է կինոօպերատորը, հայտնել են դատախազները։ Դերասանին մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանություն կատարելու համար, հաղորդում է BBC-ն։

Սանտա Ֆեի շրջանային դատախազությունը դերասանին մեղադրել է «բազմաթիվ չափազանց անխոհեմ արարքներ գործելու մեջ»։

Հալինա Հաթչինսը մահացել է Նյու Մեքսիկոյում Rust ֆիլմի նկարահանման հրապարակում այն բանից հետո, երբ Բոլդուինը կրակել է հրացանից:

Դերասանի ուշադրությունը «շեղվել» էր՝ ատրճանակը փորձարկելու ժամանակ բջջային հեռախոսով ընտանիքի անդամների հետ խոսելու պատճառով՝ ասել է շրջանի դատախազության հատուկ քննիչ Ռոբերտ Շիլինգը։  

Եթե Բոլդուինը պահպաներ անվտանգության կանոնները և ատրճանակը չուղղեր օպերատորի ուղղությամբ, ապա «ողբերգությունը չէր լինի»՝ պնդել է Շիլինգը:

«Բոլդուինը գիտեր, որ զենքի անվտանգության առաջին կանոնն այն է, որ երբեք չի կարելի ատրճանակն ուղղել այն մարդու ուղղությամբ, ում մտադիր չեք կրակել», — ավելացրել  է Շիլինգը:

Մեղադրական փաստաթուղթը նախանշում է առնվազն մեկ տասնյակ «անզգուշության գործողություններ կամ անգործություն», որոնք հանգեցրել են կրակոցին:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Բոլդուինին սպառնում է մինչև 18 ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք: Նրան դատելու են երդվյալ ատենակալները։

Back to top button