Վանաձորում խնդիրներ կան, բայց դրանք լուծելի են. Լոռու մարզպետ


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խոսել է մարզի խնդիրների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել մարզկենտրոն Վանաձորի քաղաքաշինական տեսքին ու քաղաքային տնտեսության այն ոլորտներին, որոնք ամենաշատն են քննադատության առարկա դառնում: Մարզպետը վստահեցրել է, որ սուբվենցիոն ծրագրերի մեկնարկով առաջիկայում Վանաձորում լուրջ փոփոխություններ կկատարվեն:
Դեռ 2022-ի փետրվարին Լոռու մարզպետը հայտարարեց, որ նրանք, ովքեր միտումնավոր չարաշահումներ են թույլ տվել ու Վանաձորը դարձրել գավառական քաղաք, պատասխան են տալու: Մեկ տարի անց Արամ Խաչատրյանը իրավական գործընթացներն է մատնաշնում և հորդորում սպասել վերջնական իրավական գնահատականին: Մարզպետը վստահեցնում է, որ որևէ ապօրինություն չի հանդուրժելու․
«Նոր քաղաքապետի օրոք, երբևէ լսե՞լ եք, որ ինչ որ տարածքներ օտարեն: Պետք է տարբերակել ո՞ւմ օրոք ինչ է եղել: Ես, որպես մարզպետ, որևէ նման թույլտվություն որևէ համայնքում չեմ տվել, իմ օրոք նման թույլտվություն չի եղել և չի լինելու»:
Արամ Խաչատրյանը ապօրինություն է համարում Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք կատարված չարաշահումները: Բայց, քանի դեռ չկա իրավական գնահատական, ձեռնպահ է մնում մեկնաբանությունից․


«Իմ գնահատմամբ դա ապօրինի է: ՏԻՄ մարմինը որոշել է տալ, և հիմա էդ մասով դատական պրոցես է գնում: էդ որոշումները եղել են Մամիկոն Ասլանյանի օրոք, և դատարանի առջև ինքը կպատասխանի»:
Մեկ տարի Վանաձորի ՏԻՄ-ում քաղաքական ճգնաժամ էր. ավագանին նիստեր չէր գումարում: 2022-ի դեկտեմբերին, բազմաթիվ ձախողված փորձերից հետո, հաջողվեց նիստ անցկացնել, բյուջե ու սուբվենցիոն ծրագրերի փաթեթ հաստատել: Անցած մեկ տարում հանրապետության 3-րդ քաղաքը հասցրեց վերածվել աղբաշատ ու անտեսված բնակավայրի, անկանոն ու գերծանրաբեռնված աշխատող հասարակական տրանսպորտով ու մարդկանց անհանգստացնող թափառող շներով: Այժմ մարզկենտրոնի տեսքը վերականգնվում է, ապօրինի տեղադրված կրպակները հանվում են, ասում է մարզպետը։ Նա խոստանում է, որ շատ շուտով տեսանելի կլինի նաև սուբվենցիոն ծրագրերի արդյունքը․
«Ասել, որ խնդիրներ չկան Վանաձորում, այդպես չի, խնդիրներ կան, բազմաթիվ են, բազմապիսի, բայց չկնատել կատարված աշխատանքները, համաձայն չեմ: Վանաձորում սկսվել են աշխատանքները Դեմիրճյան փողոցի, որը սուբվենցիայի հետ կապ չունի: Մոտ 2,6 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացնելու սուբվենցիոն: Աղբահանության որակն է բարելավել, թեև աղբահանության հետ կապված էլ ամեն ինչ կարգին չէ, բայց շոշափելի, նկատելի փոփոխություն կա»:
2021-ին դատարանն ապացուցված էր համարել 1999-2016 թվականներին Վանաձորը ղեկավարած Սամվել Դարբինյանի կողմից 2000-ականներին գույքի ապօրինի օտարումների փաստը: Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Փելեշյանը դիմել էր դատարան՝ համայնքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Խոսքը 5 միավոր գույքի մասին է, որոնց օտարման արդյունքում համայնքին պատճառվել էր միլիոնների վնաս: Դրանցից 2-ը՝ Վանաձորի համայնքապետարանին ու Լոռու մարզպետարանին հարակից կասկադաձև շատրվանները, հանրապետական նշանակության հուշարձան Հայքի հրապարակի մաս են կազմում:
«Գործը նորից վերաբացվել է, քաղաքապետարանը դիմել է դատախազություն մոտավորապես 36 միլիոնի հափշտակություն է, որի մի մասը մուծվել է, մնացածը պարտավորվել են մինիչև հունիս ամիս կմուծեն»:
Մարզպետի տեղեկություններով, վերոնշյալ տարածքները պետք է վերադարձվեն համայնքին: Արամ Խաչատրյանը հորդորեց զինվել համբերությամբ մինչ իրավական գործընթացների ավարտը: