Անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները


Չորեքշաբթի Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքների պատճառով, հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
Ինչպես Ռիա Նովոստին է գրում, ավելի վաղ Ստամբուլում Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
«Գերմանիայի հյուպատոսությունը կփակվի փետրվարի 1-ին, բոլոր վիզային և անձնագրային հարցերը կասեցված են»,- ասվում է հյուպատոսության հաղորդագրությունում։
Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում, որտեղ 2022 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել ահաբեկչություն, Իսթիքլալից ոչ հեռու են գտնվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները։
ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին, որոնց թիրախը կարող են լինել եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ներկայացուցչությունները Ստամբուլում կամ օտարերկրացիների շրջանում հայտնի այլ վայրերում․ հատկապես նշվում են Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ թաղամասերը, Իսթիքլալ փողոցը ։
Անցյալ շաբաթ ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում ծայրահեղ աջերի կողմից Ղուրանի օրինակների այրման ֆոնին։ Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունն այնուհետեւ հանդես էր եկել նմանատիպ նախազգուշացումով՝ վկայակոչելով ամերիկյան դեսպանատան տեղեկատվությունը։