ԿարևորՏնտեսական

Տարվա երկրորդ կեսից հնարավոր է գնաճը նվազի ու մոտենա թիրախին

Տրամաբանված, տեղին ու պատշաճ․Կենտրոնական բանկի նախագահն այսօր այսպես է բնորոշել գլխավոր դրամատան՝ 2022–ի ընթացքում իրականացրած քայլերը։ Դրանց արդյունքում Հայաստանում տարին փակվել է 8․3  տոկոս գնաճով։ Սա, իհարկե, ԿԲ թիրախավորած ցուցանիշից՝ մոտ 4 տոկոսից բարձր է, բայց, Մարտին Գալստյանի գնահատմամբ, շատ երկրներում գրանցված գնաճի ցուցանիշից՝ ցածր։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն  այս տարի առաջին նիստն է  անցկացրել ու որոշել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝10․75 տոկոս։ Անփոփոխ է մնացել նաև  2023-ի տնտեսական աճի կանխատեսումը՝  4․6 տոկոս։ 2022–ը մի քանի ցուցանիշերի մասով ռեկորդային է եղել։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի 12 ամիսների ընթացքում 2021 թվականի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով: 2022–ին Հայաստանում գնաճը 8․3 տոկոս է կազմել։ Ցուցանիշը դրական է՝ համեմատած աշխարհի շատ այլ երկրների, արձանագրում է ԿԲ նախագահը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարի, 2021-ի համեմատ, ավելացել է  մոտ 8  տոկոսով: Ցուցանիշը զիջում է ծառայությունների ոլորտին․ այստեղ անցյալ տարի ավելի քան 28 տոկոս աճ է  գրանցվել, առևտրի ոլորտում՝ 17 տոկոս։

 «Համընդհանուր տնտեսության մեջ դիտարկելով արդյունաբերության ոլորտը, 2022–ին ծառայությունների ոլորտի համեմատ, բավականին ցածր  աճ է, բայց եթե նայենք սննսդի արդյունաբերությունը, աճը բարձր է, փոխարենը անկում է հանքարդյունաբերության ոլորտում։ Սննդի արդյունաբերության ոլորտն այն ոլորտն էր, որը շատ արագ կարողացավ օգտվել ՌԴ  շուկայում բացված հնարավորությունից»,-ասում է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։

Հայաստանում 2022-ին գրանցված տնտեսական աճի մեջ էական նշանակություն ունի ռուս–ուկրաինական պատերազմն ու դրանով պայմանավորված միջազգային այցելուների ներհոսքը։ Սա արձանագրում են նաև   2023-ի համար, թեև կանխատեսումներ անելը այնքան էլ հեշտ չէ։

«Այն ավելի շատ արտածին էր, մեր ներքին ներուժի արդյունավետությամբ չէր պայմանավորված, բայց 2023–ին պետք է ձգտել պահպանել ներուժը, օրինակ՝ կառավարությունը ՏՏ ոլորտին աջակցում է։ Սա նշանակում է, որ այս ոլորտի ձեռնարկությունները կունենան անվտանգության բարձիկներ, որպեսզի 2023–ին իրենց գործունեությունը շարունակեն»,-ընդգծում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը։ 

Հայաստանում 2022 թվականին մոտ 43 տոկոսով էլ աճել են  ավանդները։ Նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները, տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արձանագրում է՝    ռեզիդենտների ավանդների աճը կազմել է  մոտ 29․5  տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  ավելի քան 96 տոկոս։  2022–ին, կրկին ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, Հայաստան է ներհոսել աննախադեպ ծավալի տրանսֆերտ՝ արձանագրում է ԿԲ նախագահը․  

«Զուտ ներհոսքը 2․5 մլրդ դոլար է։ Առաջին երկիրը ՌԴ է, մոտավորապես 70 տոկոս, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում՝ այլ երկրները։«Այլը» երկրների համախումբ  է, ԱՄՆ չեմ ասի, ՌԴ 71 տոկոս է»։

2022-ին սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 2.6 տոկոսով: ԿԲ-ում կանխատեսում են, որ այս տարի գնաճի տեմպերն ավելի ցածր կլինեն։ Կանխատեսման հիմքում համաշխարհային շուկայի միտումներն են՝ հիմնական ապրանքատեսակների գները նվազում են․ մի մասի դեպքում՝ կտրուկ, մյուսների դեպքում՝ ոչ այդքան։ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային՝ 4% ցուցանիշի շուրջ: ԿԲ 2023-ի տնտեսական աճի կանխատեսումները չեն փոխվել՝ 4․6 տոկոս։ Աճն ապահովվող հիմնական ճյուղերը լինելու են շինարարությունը, արդյունաբերության ու ծառայությունների ոլորտը։ Հաշվի առնելով բոլոր զարգացումներն, այս պահին Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն 10․75տոկոս է։

Back to top button