ԿարևորՀասարակություն

Վանաձորում աղբի խնդիրն օրհասական է. վանաձորցիները դժգոհում են

Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում աղբահանության ոլորտը խոցելի է: Բացառություն չէ նաև Վանաձոր խոշորացված համայնքը: Նախորդ իշխանություններից ժառանգած խնդրահարույց այս ոլորտը կարգավորելու  ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, բայց դրանք ժամանակավոր լուծումեր են, մինչդեռ խնդիրը երկարաժամկետ կարգավորման կարիք ունի՝ նաև միջազգային առաջավոր փորձի կիրառմամբ: Վանաձորն այսօր ողողված է աղբով, բայց տեղական իշխանություններն առանձնապես ջանք չեն գործադրում ոլորտը կարգի բերելու համար, իսկ բնակիչներն ուզում են ապրել մաքուր ու բարեկարգ միջավայրում:

Եթե հայտարարվեր աղբաշատ համայնքի մրցույթ, Վանաձորն առանց մասնակցելու կհաղթեր: Վանաձորում աղբի հետ ու հարևանությամբ ապրելը վաղուց  սովորական է դարձել: Աղանիկ Աբրահամյանն ասում է՝ առաջ ես էի տրակտորով բերում, լցնում, հարթեցնում շինաղբը, հետո մրցույթով դարձրին, ես էլ թողեցի գործս, հիմա էլ աղբի ու աղբ թափողների հետ եմ կռիվ տալիս՝ անօգուտ, բնակիչները միասնական չեն՝ ասում է։

Աղանիկ Աբրահամյան․ «Արդեն 7-8 տարի  ու ավելի տրակտորիստը ես եմ եղել, առաջ ես էի բրթում, հիմի բերում տեղում փռում, փախչում գնում, ինչ ա 2 կոպեկ  փախցնեն-տանեն: Էն բետոնի ծերիցը սենց կրուգոմ լրիվ կենցաղ ա, ուրիշ բան չկա»:

Վանաձորի Տարոն 4 թաղամասի Տաջիկներ հատվածի 1-ին  բնակելի շենքից շուրջ 100 մետր հեռավորության վրա հսկայական աղբավայր է գոյացել:  «Ամեն ինչ կա՝ էլ շինարարական թափոն, էլ կենցաղային աղբ: Մարդիկ գալիս, քուջուջ են  անում, որը երկաթ  ա գտնում, որը պլաստիկ շիշ, որը ապակի, կոշիկի տակեր, փող են աշխատում»,- ասում է Աղանիկ Աբրահամյանը:   Հարևանությամբ էլ Կամակատար սրբավայրն է: Այստեղ են կուտակվում Վանաձորի տարբեր թաղամասերի շինարարական թափոնները, վերջերս դրանց է գումարվել նաև կենցաղային աղբը: Նման տեմպերի դեպքում չի բացառվում, որ այն չափերով նմանվի Արջուտի աղբավայրին՝6,5 հեկտար մակերեսով: Բնակիչներ դիմել են քաղաքային իշխանություններին, կոմունալ բաժնի պետն է եկել, շրջել, բայց դրանից ոչ աղբն է պակասել, ոչ խնդիրը լուծվել: «Եթե հետները կռիվ չտանք, աղբը շենքին կհասնի: Ամիսներով  պատուհան չենք բացում գարշահոտի պատճառով: Բա որ աղբն են վառում, անտանելի է դառնում»,- ասում են:

Բնակիչներ․ «Սատկած խոզ էլ են բերում, գցում, շուն, ինչ ասես: էն օրը կոմունալի պետն էր եկել, եկավ նայեց, բրախեց, գնաց»:

 «Ոչ մի բան էլ չի եղել, իրանք իրանցով հանել են էդ փոսը  որպես  շինարարական աղբի տեղ, բերել են ու կենցաղը անընդհատ վրա տվել: Սատկած խոզից  բռնած, տավարից բերում են, գնացեք նայեք, հերիք ա, նադայել ենք եղել, պնդաճակատ որ ասում են, իսկական ձեր քաղաքապետարանն ա»:

«Հենց դուռը բացում ենք, կռիսները սաղ ներքև են թափում, մեղք ենք: Շուն էլ են մեշոկները լցրած բերում, կենդանի շուն նույնիսկ: Քաղաքապետի համար իրար ջարդում են, որ քաղաքապետ դառնան, դե թող մաքրեն»:

«Բերում էին, ուղղակի գալիս մաքրում էին, հիմա չեն անում, վառում են»։

Բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն ասում է՝ աղբավայրերը ՀՀ-ի բոլոր խոշոր համայնքների ցավոտ խնդիրն են, չկան ստանդարտներին համապատասխանող աղբավայրեր:  Տարիներ շարունակ բոլոր իշխանությունների օրոք խնդիրն այդպես էլ չի լուծվել: Փոխարենը աղբահանող ձեռնարկությունների աշխատողներն են  հարմար լուծումներ գտնում՝ այրելով աղբավայրերը: Այրվող աղբի հետ ոչ միայն հողն է աղտոտվում, այլև՝ օդը: Դուլգարյանի դիտարկմամբ՝ խնդիրը խորքային է.  համայնքներում աղբի վերամշակման համապատասխան մեխանիզմների բացակայությունից մինչև համայնքի բնակիչների՝ առողջ միջավայրում ապրելու իրավունք ու առողջության պահպանումը, որի պատասխանատուն ՏԻՄ-երն են։ Համայնքի տնտեսական զարգացման մասին խոսելն էլ ավելորդ է: Ողջ աշխարհում աղբի վերամշակումը ոչ միայն նոր աշխատատեղ է, այլև՝ տնտեսական զարգացման լուրջ խթան:

Օլեգ Դուլգարյան, բնապահպան-իրավապաշտպան․

«Աղբի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք հեշտ ռեակցիայի արդյունքում այրվում են, արտանետումները քիմիական են, վնասում են մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին, նույնը վերաբերում է նաև շինարական աղբին, որովհետև այս աղբում հաճախ հենց թունավոր նյութեր են, որոնք ևս այրվելու դեպքում շատ վտանգավոր արտանետումներ են բաց թողնում շրջակայքում ապրող մարդկանց առողջության համար/3.26 այրվող նյութերից առաջանում են դիօկսիններ: Դիօկսինները քաղցկեղածին տարրեր են և շատ վտանգավոր: ՏԻՄ-երը պետք է փորձեն գտնել կառույցներ, որոնք իրականացնում են որոշ աղբատեսակների գնում կամ օգտագործում, այդ դեպքում ծանրաբեռնվածությունը քաղաքի աղբավայրերի վրա որոշակիորեն կթեթևանա»:  

Վանաձորի կոմունալ տնտեսության ոլորտի նախկին պատասխանատուներից մեկը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ են եղել փորձերը Վանաձորում աղբի վերամշակման արտադրություն հիմնելու, որը շղթայական տնտեսական էֆեկտ էր իր հետ բերելու՝ պլաստիկ շշերի վերամշակումից մինչև ջերմոցային տնտեսության հիմնում: Ցավում է, որ մշակած մեծածավալ  ծրագրերն այդպես էլ իրականություն չդարձան։

«Ճապոնական 2 կազմակերպություն՝ «Հոկայդո էլեկտրիկս»-ը և «Շիմիցու»-ն  եկան Վանաձոր: Արջուտի աղբավայրը ծածկեցին կավով, հետո ցելոֆան գցեցին, նորից ծածկեցին, կոնցենտրացիան որոշեցին աղբի գազերի: 2 ծրագիր էի ներկայացրել՝ մեկը Արջուտում դնեինք ջերմոցային տնտեսություն՝ էդ էներգիայի հաշվին կամ էլ պիտի տայինք քաղաքային ցանցին, որ մեր քաղաքի գիշերային լուսավորությունը ձրի լիներ: Դա հասավ 2 կառավարություների ստորագրման, և չստորագրվեց, որովհետև մի եսիմինչ մտածում էր, որ դա իր բիզնեսը պիտի լինի»: 

Վանաձորի աղբահանության ոլորտի մասին հիշատակվում է քաղաքի  2018-21 թվականների զարգացման ծրագրում: Հիմնականում պատճենումներ են զարգացման նախորդ ծրագրերից, մասնավորապես՝ առաջնային է համարվում կենցաղային և այլ թափոնների աղբահանության բարելավումը, կենցաղային աղբի համար նոր աղբավայրի գործարկումն ու շինարարական աղբավայրի արդիականացումը, նոր, ժամանակակից աղբատար մեքենաների ձեռքբերումը, ժամանակակից աղբարկղերի տեղադրումը, դրանց համար սանիտարական գոտիների առանձնացումը: Նշվածներից միայն վերջինն է իրականություն  դարձել: Վանաձորում աղբի մասին խոսել ոլորտի պատասխանատուները չեն սիրում, դժվարանում են թվեր ու ծրագրեր մեջբերել: Վանաձոր խոշորացված համայնքի կոմունալ ոլորտը համակարգող Բենիկ Նազարյանը դժվարացավ հստակեցնել Վանաձորում աղբ թափելու համար սահմանված տեղերի թիվը, նշեց միայն, որ Տարոն 4 թաղամասում խոշոր եզրաչափի, այսինքն՝ շինարարական թափոնների աղբավայրն օրինական է, պարզապես գործի պատասխանատուն է թերացել, չի հարթեցրել, կոնսերվացրել: 10 օրից, ասաց, մրցույթներ կլինեն ու ամեն ինչ իր տեղը կընկնի:  Նազարյանը չցանկացավ նշել շինաղբի հեռացման համար պատասխանատու ընկերության անունը: Գիտեմ, բայց այս պահին չեմ հիշում՝ ասաց։

Բենիկ Նազարյան, Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ․

«Կա քաղաքապետարանի կողմից  խոշոր եզրաչափի աղբի մրցույթը շահած կազմակերպություն, որն իրականացնում է էդ աշխատանքները, չեմ կարող անուն, ազգանուն ասել, որովհետև նոր են շահել: Հունվար ամսվա համար շահել ա, պայմանագիրը նոր ենք կնքել: Դա նոր չենք հատկացրել,  կենցաղային աղբավայր չի, որ ասենք հոտը գա : Վերացնենք, խնդիր չկա,  բայց ամենօրյա  հսկողություն էդտեղ չկա, պահակի հաստիք մենք չունենք: Փորձում եմ այնպես անել, որ 2 ամիսը մեկ կարենանք մաքրենք, տեսնենք կարո՞ղ ենք գումարի մեջ տեղավորվել, որ չհավաքվի ու շենքերին մոտիկանա: Մի քանի օրից կտեղափոխվի, կլցվի իր համապատասխան տեղը»: 

Վանաձորում կանաչ միջավայրի կառավարման ու մշակույթի փոփոխություների մասին հայտարարվեց նաև «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով։ Մշակվում և լրամշակվում են ոլորտային քաղաքականություններ, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների բարելավում։ Շուտով համայնքի ավագանու հաստատմանը կներկայացվեն կոշտ կենցաղային թափոնների և պլաստիկ թափոնների կառավարման ռազմավարությունները: Օրերս ծրագրի մրցութային հանձնաժողովն ամփոփել է համայնքի համար նոր աղբամանների մատակարարման մրցույթի հայտերը,- տեղեկացրեց ծրագրի ֆեյսբուքյան էջը։  Թեև անցած 2 տարիներին Գյումրիում և Վանաձորում  որոշ քայլեր արվել են, բայց ծրագրի  պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարին: Ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու, աղբահանության ու թափոնների կառավարման ոլորտում  ծրագիրը խոստանում է նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ ներդնել, ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ, մամլիչներ ու ավլող մեքենաներ ձեռք բերել:

Back to top button