ԿարևորՀասարակություն

Պատասխանատվություն՝ ՄԻԵԴ-ում «հայտնվելու» համար․ նախադեպ դատական համակարգում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Սիոֆրա Օ’Լիրին զեկույց է հրապարակել դատարանի 2022 թվականի գործունեության մասին՝ ներկայացնելով  Եվրախորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին վերաբերող նախորդ տարվա վիճակագրությունը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում ամենաշատը ոտնահարվել են անձի ազատության, անվտանգության և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքները։ Տարվա ընթացքում ընդդեմ Հայաստանի 21 վճիռ է կայացվել, փոխհատուցումների ընդհանուր գումարային արժեքը զեկույցում նշված չէ։

Թեմային առնչվող մեկ այլ ուշագրավ զարգացում էլ այն է, որ այս տարի առաջին անգամ պատասխանատվության է ենթարկվել ՄԻԵԴ-ում «հայտնված» գործերի համար պատասխանատու դատավորներից մեկը։

2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ քննած  31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի տարեկան զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանում առավել ոտնահարված իրավունքը անձի ազատության և անվտանգության իրավունքն է․ այդ ուղղությամբ 7 որոշում է կայացվել, իսկ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքի խախտումը 6 որոշմամբ է արձանագրվել։

Ուշագրավ  է, որ Հայաստանում առաջին անգամ գործարկվեց օրենսդրական այն փոփոխությունը, որով պատասխանատվություն է նախատեսվում  ՄԻԵԴ–ում «հայտնված» գործերի համար պատասխանատու դատավորի նկատմամբ։ ԲԴԽ–ն դադարեցրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Պարզվում է՝ հենց ՄԻԵԴ ուղարկված գործն է եղել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթը։ Այդ հիմնավորումը ներկայացրեց նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը․

«Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Այսինքն՝ դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել»։

Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ՝ դեռևս 1998-2004թթ․–ին,  կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Բայց ՄԻԵԴ–ի վճիռը 8 տարվա վաղեմություն ունի․ այն կայացվել է 2015-ին «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով։

Դատավոր Սուրեն Անտոնյանի դեպքում կիրառվել է այն առավելագույն շեմը, որով դատավորները Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց կայացրած վճիռների համար։ 8 տարուց ավելի վաղեմության դեպքում 2020–ին փոփոխված օրենքը հետադարձ ուժ չունի։ Օրենքում համապատասխան փոփոխությունները արվել էին , երբ Հայաստանի արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանն էր, հենց նա էլ բացատրում էր։

«Այսինքն՝ եթե ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի որևէ գործով, որով նաև հետագայում կբացահայտվի դատավորի կողմից նման ակնհայտ կոպիտ խախտման փաստը, հնարավոր կլինի կարգապահական վարույթ հարուցելը։ Նորամուծությունը հիմնականում կապված է վարույթի ժամկետի հետ , թե  երբ է հնարավոր անդրադառնալ խնդրին։ 8 տարի ժամկետն է ընտրվել»։  

2018 թվականին ընդունված և 2020–ին փոփոխված «Դատական օրենսգիրքը» և դրա անցումային դրույթները համադրելով՝ պատասխանատվության ենթարկված դատավոր Անտոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը համաձայն չէ ԲԴԽ կայացրած որոշման հետ։ Կարծում է՝ պատժամիջոցը չպետք է տարածվեր նշված տարեթվերի գործերի վրա։

«Եթե ամբողջացնենք, ստացվում է՝ ՄԻԵԴ ակտը հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար, եթե այն կայացվել է 2020 թվականի ապրիլի 2–ից։ Այսինքն՝ 2020 թվականի ապրիլի 2–ից հետո կայացված ՄԻԵԴ ակտերը հիմք են վարույթ հարուցելու համար։ Մյուս ակտերը հիմք չեն»։

Ամեն դեպքում, 2020 թվականից սկսած «Դատական օրենսգրքում» իրականացված մի շարք փոփոխություններ, որոնք արվել էին դատավորների պատասխանատվությունը մեծացնելու համար, սկսել են կիրառվել։ Դրանցով փորձ է արվել վերջ դնել քննարկումներին, որոնք պարբերաբար ծավալվել են նաև խորհրդարանի դահլիճում։ Հարցը կարևոր է եղել հատկապես  ընդդիմադիր պատգամավորների, մասնավորապես Թագուհի Թովմասյանի համար։

«Նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած մի շարք դատավարությունների մասով մենք այսօր կրում ենք պարտություններ ՄԻԵԴ-ում և, ըստ էության, չունենք պատասխանատվություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի մասով դերակատարություն ունեցած չինովնիկների պատասխանատվության մասով արդյո՞ք մենք պետք է սկսած ներքին օղակներից ընդհուպ մինչև դատավոր, պատասխանատվության ենթարկենք»։

Նախկին արդարադատության նախարար, իսկ այժմ նախարար Գրիգոր Մինասյանը նախորդ տարեսկզբին արդեն համոզված էր՝ օրենքի փոփոխություններով ստեղծված պատասխանատվության մեխանիզմներն այլևս ամբողջական են:

«Ռեալ գործիքակազմ ենք տալիս, որպեսզի ենթադրյալ ապօրինություններ գործող դատավորները կարողանան պատասխանատվության ենթարկվել»։

Հայաստանի դատական համակարգում կա նաև երկակի ստանդարտների խնդիրը։ Այն դեպքում, երբ ՄԻԵԴ վճռի հիմքով պատժվում է պատասխանատու դատավորներից մեկը, հասկանալի չէ, թե նույն ՄԻԵԴ-ում տարբեր հնչեղ և հատկապես քաղաքական գործերի պատասխանատու մեկ այլ դատավոր ինչու է նոր պաշտոններ ստանում։ 2023-ի հունվարի 20-ին Մնացական Մարտիրոսյան դարձավ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ Իրավապաշտպանները քննադատեցին այս որոշումը, մի քանի կազմակերպություններ անգամ հայտարարություններ ուղղեցին հենց ԲԴԽ-ին, որը մինչ այդ դատավոր Մարտիորսյանին փորձում էր ընդգրկել կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում։

Վերադառնալով ՄԻԵԴ-ի որոշումներին և տարեկան զեկույցին՝ նշենք, որ 1999 թվականից մինչև 2022-ը ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ ներկայացված դիմումների վերաբերյալ 174 որոշում է կայացրել։ Դրանցից 163-ում արձանագրվել է առնվազն մեկ խախտում։ Ամենաշատը խախտվել է ազատության և անվտանգության իրավունքը՝ կայացվել է 60 վճիռ, հաջորդում է արդար դատաքննության իրավունքի խախտումը՝ 52, ապա՝ սեփականության պաշտպանության իրավունքի խախտումը՝ 37 վճռով:

Back to top button