ԿարևորՀասարակություն

«Կանաչ հանգստյան օրեր». ներկայացվել են օրգանական սննդի ու կանաչ գյուղատնտեսության առավելությունները

«Կանաչ հանգստյան օրեր»  նախագծի շրջանակներում հունվարի 28-ին և 29-ին Դալմա Գարդեն Մոլում իրենց կանաչ արտադրանքն են ներկայացրել ֆերմերներ ՀՀ տարբեր տարածաշրջաններից։

Միջոցառումը կազմակերպվել էր EU-GAIA ծրագիրի շրջանակներում, որը  ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է  Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Այն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Նախաձեռնության կազմակերպիչները քաղաքացիներին ծանոթացրել են՝ ինչ է կանաչ գյուղատնտեսությունը, ինչ առավելություններ ունի այն։ Այցելուները հնարավորություն են ստացել նկարվել կանաչ անկյուններում, մասնակցել նաև մրցույթի, որի հաղթողները կկարողանան իրենց հանգիստն անցկացնել Հայաստանի ամենականաչ անկյուններից մեկում՝ Դիլիջանում։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը նշում է, որ նման միջոցառումներով ցանկանում են բարձրացնել հանրության իրազեկության աստիճանը կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ, օգնել նրանց ստանալ առողջարար պրոդուկտներ՝ ավելի քիչ թունաքիմիկատներ ու վնասակար նյութեր օգտագործելով։

Պասկալ Բոկկերսի տեղեկացմամբ ծրագիրը գործում է 2019 թվականից, և այս ընթացքում կարողացել են հանրությանը հասանելի դարձնել օրգանիկ գյուղատնտեսության գաղափարը, դրա օգտակարությունը։ Տարբեր միջոցառումների միջոցով մարդկանց հաղորդել են գիտելիքներ, տվել ինֆորմացիա, ինչը հնարավորություն կտա նրանց ընտրություն կատարել սննդամթերք գնելիս։

«Alpia» ՍՊԸ-ն Կանաչ հանգստյան օրերին ներկայացրել է իր արտադրանքը՝ օրգանական մեղրեր՝  տարբեր համերով։ Ցուցադրված էին դասական, դեղաբույսերի համով և այլ տեսակի մեղրեր։ Կազմակերպության աշխատակից Նաիրի Գալստյանը տեղեկացնում է, որ անցել են օրգանական սերտիֆիկացում, իրենց արտադրության մեղրերը շուկայում առկա մյուս տեսակներից տարբերվում են նրանով, որ դրանք օրգանական են՝ մաքուր, առանց պեստիցիդների։

Տեղական շուկայում, ըստ Նաիրի Գալստյանի, արդեն սկսել են գիտակցել օրգանական սննդի առավելությունները, ինչը տարեցտարի հանգեցնում է սպառման ծավալների ավելացմանը։ Այս պահին նաև բանակցում են իրենց տեսականին արտասահմանյան շուկա արտահանելու ուղղությամբ։

Կանաչ գյուղատնտեսությունը բացառում կամ նվազագույնի է հասցնում սինթետիկ-հանքային պարարտանյութերի ու թունաքիմիկատների օգտագործումը։ Արդյունքում կարելի է վայելել առողջ, անվտանգ ու օգտակար մթերք՝ դրա բնական հատկությունների առավելագույն պահպանմամբ։ Կանաչ գյուղատնտեսությունը փորձում է նվազագույնի հասցնել բնության վրա բացասական ազդեցությունը։ Արդյունքում կրճատվում են ածխածնի արտանետումները։

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին տեղեկատվական նման միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի այլ առևտրի կենտրոններում։

Back to top button