ԿարևորՀասարակություն

Խաչքար-հուշակոթող Զարթոնքում՝ զոհվածների հիշատակին

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում հայրենիքի համար  զոհված  ժամկետային երկու զինծառայողների հիշատակին խաչքար-հուշակոթող է կանգնեցվել, որը նաև հայ և եզդի ազգերի բարեկամության ու միասնական պայքարի խորհրդանիշն է: Սամադ Սլոյանը զոհվել է 44-օրյա պատերազմում, Գուգարք Օհանյանը՝  2022թ սեպտեմբերին: Նրանք մտերիմ ընկերներ էին:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից զոհեր չեն եղել: Առաջին զոհը  44-օրյա պատերազմում էր՝ 19-ամյա Սամադ Սլոյանը, երկրորդը՝  նախորդ տարվա սեպտեմբերին՝ 20-ամյա Գուգարք Օհանյանը: Նրանք մտերիմ ընկերներ էին։

«Երկուսն էլ լավ, հարգված երիտասարդներ էին, օրինակելի»:

«Լավ դաստիարակված  երեխաներ էին, մեկը՝ եզդի, մյուսը՝ հայ, բայց նրանց միջև տարբերություն չի եղել։ Երկուսն էլ կիրթ, գրագետ, շնորհքով, կարելի է ասել՝ գյուղի պարծանքն էին»:

Սամադն ու Գուգարքը  գրեթե հասակակիցներ էին: Նրանց ընկերությունը ոգևորիչ էր մյուսների համար։ Սամադը բանակ էր զորակոչվել 2019թ-ի ամռանը:  Կրտսեր ընկերներից Գեղամ Հայրապետյանը հիշում է.

«Աշտարակում  զինվորական երդման օրը ՊՆ լրատվությանը հարցազրույց էր տվել ու ասել, որ Հայաստանն իր հայրենիքն է ու հայրենիքի համար պատրաստ է տալ ամեն ինչ, նույնիսկ իր կյանքը»:

Նախ զորակոչվել էր Մուղնի, ապա ծառայությունը շարունակել Արցախում:  Ընտանիքը երբևէ չի իմացել ծառայության դժվարությունների մասին, Սամադը չի դժգոհել, որ մայրն ու ընտանիքի անդամներն ավելի հանգիստ լինեն: Այդպես է վարվել նաև պատերազմի ժամանակ՝ ասում է կրտսեր  եղբայր Ալիկ Սլոյանը:

«Չէր բողոքում, ինչպես միշտ  ասում էր՝ ամեն ինչ լավ է, իսկ հետո ընկերներից լսել ենք, որ հենց սկզբից կռվի  դաշտում  են եղել: Մինչև վիրավորվելը մեզ երբեք չի ասել, որ պատերազմի մեջ են»:

Սամադը ծառայել է  ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերում: Վերջին անգամ 2020թ հոկտեմբերի 22-ին էր զանգել, իսկ 23-ին արդեն վիրավորվել էր ու տեղափոխվել Էրեբունի հիվանդանոց: Տղան բեկորային վնասվածքներ էր ստացել, 14 օր հետո՝ նոյեմբերի 6-ին, մահացել:

44-օրյա պատերազմին շտապել էր կամավորագրվել դեռ անչափահաս Գուգարք Օհանյանը: Բեղ-մորուք պահելով՝ 17-ամյա տղան ցանկացել էր հասուն մարդու տպավորություն թողնել ու ժամ առաջ հասնել կռվի դաշտ, բայց մերժել էին ասելով՝ քո հերթն էլ կհասնի: Իսկ ծառայության հերթը գարնանային զորակոչի վերջին օրն էր՝ 2021թ մարտի 31-ը: Նորից Գեղամն է վերհիշում ընկերոջը բանակ ճանապարհելու  պատմությունը:

«Վերջին օրն էին կանչել, ինքը մի փոքր առողջական խնդիրներ ուներ, գնացել էր, որ 6 ամսով հետաձգեին զորակոչը: Գուգարքը նեղվում էր դրանից, ասում, որ անիմաստ ժամանակ է կորցնում այդպես: Գնացել էր, ասել էին՝ գնա շորերդ վերցրու, արի, մեկնում ես բանակ»:

Գուգարք Օհանյանը ուսանող էր, իրավաբան էր դառնալու: Սյունիքում էր ծառայել, պաշտպանել մեր երկրի հարավային սահմանները: Սահմանի հարաբերական անդորրը չի փարատել հարազատների անհանգստությունը․ գիտեին, որ թշնամին մեր երկրի ներսում է: Մորաքույրն է պատմում․

«Սկզբում ծառայել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, երկու ամիս հետո տեղափոխել էին  Գորիսի  «Զանգեր» զորամաս: Ծառայությունը նորմալ է ընթացել, բայց ահն ու վախը մեր սրտերում է եղել, որովհետև գիտեինք, թե որտեղ է մեր տղան կանգնած,  գիտեինք, որ թշնամին մի քանի կիլոմետր էր իրենցից հեռու: Ամիսներն ու օրերն էինք հաշվում,  թե երբ պիտի վերադառնա»:

Գուգարք Օհանյանը զոհվել է 2022թ սեպտեմբերի 14-ին Իշխանասարում դիպուկահարի կրակոցից:  Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ չի ենթարկվել հրամանատարի հրամանին, չի ցանկացել դիրքերում թողնել ընկերներին:

«Մի քանի վիրավոր ընկերների է  ներքև իջեցրել, նրանց մեջ նաև մեր Մեծամոր համայնքից  են եղել: Հրամանատարից դիրքեր չվերադառնալու ուղիղ հրաման են ստացել, բայց Գուգարքը, տեսնելով, որ ուշանում են հրամանատարն ու մյուսները, որոշել էր վերադառնալ: Երկու հոգի էին վերևում մնացել»:

«Ինքն Իշխանասարի դիրքերում է եղել, դիպուկահարի կրակոցից զոհվել: Կերազեինք, որ փախչեր, բայց չի փախել: Վիրավոր ընկերներին իջեցրել է ու նորից հետ գնացել»:

Հունվարի 28-ին Զարթոնքում բացվեց հերոսներին նվիրված  խաչքար-հուշակոթող, որի հեղինակը քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է:  Հուշարձանը կառուցվել է համագյուղացիների հանգանակութմաբ: Զարթոնքի վարչական ղեկավար Սամվել Աղաջանյան.

«Արծիվը խորհրդանշում է հզորություն, մեր զինվորներն են: Արծվի հայացքն ուղղված է դեպի Արևմտյան Հայաստան, ինչպես նաև մեր զինվորների նկարներն են: Ազգությամբ եզդի Սամադ Սլոյանի նկարի տակ քանդակել ենք նրանց կրոնի խորհրդանիշ արևը, իսկ Գուգարքի նկարի տակ՝ խաչ: Սա խորհրդանշում է երկու ազգերի բարեկամությունը»:

Հուշակոթողի բացմանը ներկա էր նաև  ազգային փոքրամասնության  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Եզդիները օրհասական պահին միշտ եղել են հայրենիքի ամենաթեժ կետերում: Հայրենիքը հավասար է բոլորիս համար: Երկու ազգերս էլ երկրի անվտանգության ապահովման և երկրի զարգացման տեսլականի համար պետք է ամեն հնարավոր բան անենք»:

Խաչքար-հուշակոթողն օրհնեցին Արմավիրի թեմի հոգևհորականները: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին:  

Back to top button