ԿարևորՔաղաքական

Ի՞նչ ակնկալել Արդարադատության միջազգային դատարանից

«Հայաստանի և հայ ժողովրդի շահերն առաջ տանելու համար միջազգային բոլոր իրավական լծակներն օգտագործել պետք է, սակայն, ակնկալիքները չպետք է լինեն ավելին, քան՝ հնարավոր է իրականում ապահովել»,-այս կարծիքին է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։ «Ռադիոլուրը» միջազգային իրավունքի մասնագետից պարզաբանումներ է խնդրել Արդարադատության միջազգային դատարանի գործառույթների վերաբերյալ, քանի  որ հանրության շրջանում հաճախ է շփոթ առաջանում միջազգային դատական ատյանների ու դրանց գործառույթների շուրջ։

Մասնավորապես՝ շփոթի առարկա են դառնում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող ՄԻԵԴ-ն ու Նիդեռլանդական Հաագա քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ու Միջազգային քրեական դատարանը։ Հայաստանի Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանին առաջին անգամ դիմել է 2020 թվականի պատերազմից հետո։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը գանգատ էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը մինչև 2023 թվականի հունվարի 23-ը ժամկետ էր սահմանել ամբողջական գանգատ և ապացույցներ ներկայացնելու համար։ Այժմ հենց այդ ամբողջական գանգատն է քննվում դատարանում։

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է։ Այն ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ու ձևավորված մարմին է և արդարադատություն իրականացնելու գործառույթներ ունի։  ԱՄԴ-ը Ազգերի լիգայի Արդարադատության միջազգային պալատի իրավահաջորդն է՝ գրեթե նույն կանոնադրությամբ։ Դատարանը հիմնվել է 1945 թվականին։ ԱՄԴ-ն երկու հիմնական ուղղությամբ է աշխատում։ Վճիռներ է կայացնում, երբ որևէ պետություն այլ պետության դեմ միջազգային վեճով է դիմում։ Երկրորդ  ուղղությունը՝ ընդհանուր կամ հատուկ իրավազորության շրջանակներում կայացված որոշմամբ պարտավորեցնում է մեկ պետությանը որոշակի գործողություններ կատարել կամ դրանցից ձեռնպահ մնալ։

ԱՄԴ-ն ունի նաև մեկ այլ գործառույթ, այն է՝ խորհրդատվական բնույթի եզրակացություններ տրամադրելը։ Սա այն դեպքում , երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն կամ Գլխավոր ասամբլեան են դիմում դատարանին՝ որոշակի իրավահարաբերություններից ելնելով խնդրելով խորհրդատվական եզրակացություն։ Նման դեպքերից է, օրինակ՝  Սերբիայի միջնորդությամբ ՄԱԿ-ի ԳԱ-ի դիմումը․ եզրակացություն տալ Կոսովոյի գործով՝ այդ երկրի անկախության հռչակման միջազգային իրավաչափության հիմքով։

Ընդհանուր իրավազորության շրջանակներում ԱՄԴ-ին կարող է դիմել ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն, ցանկացած հարցով՝ ցանկացած պետության դեմ, խնդրելով դատարանից ինչ-որ միջոց կիրառել։ Այսպիսի դեպքերը քիչ են, քանի որ քիչ են այն պետությունները, որոնք ընդունել են ԱՄԴ-ի ընդհանուր իրավազորությունը։ Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանի կանոնադրության ընդհանուր իրավազորության դրույթը չեն ընդունել։ Երկուսն էլ ընդունել են միայն առանձին կոնվենցիաների շրջանակներում դատարանի իրավազորությունը։ Այդ պատճառով էլ Հայաստանն ու Ադրբեջանը դատարան են դիմել հատուկ իրավազորության շրջանակներում։

Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը պարզաբանում է՝ ինչ ասել է «հատուկ իրավազորություն»․

 «Հատուկ իրավազորությունը, երբ  որ կոնկրետ կոնվենցիայով սահմանված իրավահարաբերությունների շրջանակներում ենք մենք գնում և դիմում  դատարան։ Այսինքն՝ կոնվենցիա ենք ստորագրում, որն ասում է նաև, որ տվյալ կոնվենցիայի խախտումների հետ կապված կողմը կարող է դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան»։

Այս դեպքում պարտադիր է, որ խախտված կոնվենցիան ստորագրած լինի նաև այն կողմը, որի դեմ հայց է ներկայացվում, որովհետև միջազգային հարաբերություններում պետք է լինի պետության կամքը, ինչը և արձանագրվում է կոնվենցիայի ստորագրմամբ՝ պարզաբանում է մասնագետը։ 

Դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, բայց կան դեպքեր, երբ դատարանի որոշումները չեն կատարվել։ Տարոն Սիմոնյանի խոսքով՝ տվյալ հարցը երկու հարթության մեջ է պետք դիտարկել՝ քաղաքական ու զուտ իրավական, որը, սակայն, նույնպես ունի քաղաքական բաղադրիչ։ Նախ՝ քաղաքական հարթության մասին.    

 «Դժվար թե գտնեք մի պետություն, որը ցանկանա կամ որևէ կերպ ընդդիմանալ դատարանի որոշման կատարմանը։ Այսինքն՝ բոլոր պետություններն էլ միջազգային քաղաքականությունում ձգտելու են կատարել դատարանի որոշումները կամ, առնվազն, ցույց տալ, որ իրենք այս կամ այն կերպ կատարում են։ Ոչ մի պետություն չի համարձակվի ընդդիմանալ դատարանի որոշմանը։ Սա քաղաքական մակարդակն է»։

«Այդուհանդերձ, կլինեն պետություններ, որոնք ելնելով իրենց ուժի դիրքերից, կարող են ընդդիմանալ ու այդպիսի դեպքեր էլ եղել են»,– ասում է Տարոն Սիմոնյաը։ «Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի» գործով 1986-ին դատարանը վճռել էր, որ Միացյալ Նահանգները Նիկարագուայի դեմ  գաղտնի պատերազմում խախտել է միջազգային իրավունքի նորմերը։ Սակայն ԱՄՆ-ն չի կատարել իր դեմ կայացված վճիռը՝ իմանալով, որ իր նկատմամբ իրավական լծակ չեն կարող կիրառել։   

 «Իրավական լծակն այն է, երբ դատարանը որոշումը կայացնում է։ Դատարանի որոշման կատարումն ապահովող մարմինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, և այնտեղ վետոյի կիրառման իրավունք էլ կա։ Պետք է հասկանալ, որ այս իրավական գործիքն էլ ունի քաղաքական բաղադրիչ։ Բայց, եթե ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստաինն, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, այսինքն՝ այն հիմնական վետո ունեցող պետություններին չի վերաբերում, ապա մնացած պետություններին շատ դժվար կլինի հասնել նրան, որ չկատարվող դատական ակտը հավանություն ստանա այս պետությունների կողմից, որոնք և այսօրվա միջազգային իրավակարգի երաշխավորն են, ըստ էության»,– պարզաբանում է մասնագետը։ 

Անդրադառնալով միջազգային դատարանից ակնկալիքներին, Տարոն Սիմոնյանը նկատում է, որ դրանք մասնագիտական հանրույթում և հասարակության մեջ տարբեր են։ Հասարակության շրջանում սպասելիքները առավելապաշտական են։ Նա կարծում է, որ դա հասարակության թերի իրազեկության պատճառով է, և պետք է ճիշտ ներկայացվի, թե ինչ խնդրանք է ներկայացվում դատարանին, և դրա որ մասն է դատարանը բավարարում կամ մերժում։ Մի բան, ինչը մասնագետները հաշվարկում են՝ հայցը ներկայացնելիս։ Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ չպետք է անհիմն ակնկալիքներ ձևավորել հասարակության մոտ։   

Back to top button