ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Բորել

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին՝ ԵԽ պատգամավորի հարցմանն ի պատասխան ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը։

Բարելը նշել է, որ մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Երկու կողմերի արտգործնախարարների հետ սերտ կապի մեջ է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել միջոցներ ՝ ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին համապատասխան», — ասել է Բորելը։

«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՄ դիտորդական առաքելություն է տեղակայվել է Հայաստանում առավելագույնը երկու ամսով և իր գործունեությունն ավարտել 2022 թվականի դեկտեմբերի 19-ին: ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ․ ի պատասխան Հայաստանի դիմումի՝ որոշել է Հայաստանում տեղակայել ԵՄ քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:

Բորելը նաև անդրադարձել է ԵԽ պատգամավորի հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին:

Նա նշել է, որ «պատժամիջոցները ԵՄ-ի միայն գործիքներից մեկն են՝ խթանելու Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակները և այս դեպքում չեն դիտարկվում»:

«Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումներ ձեռք բերելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն իրենց հանձնառությունն են հայտնել»,-ընդգծել է Ժոզեպ Բորելը։

Back to top button