ԿարևորՎերլուծական

Աճպարարություն՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում․ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում  շարունակվում են Լաչինի միջանցքի հարցով լսումները։ Այսօր քննարկվել  է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Հավատարիմ մնալով հայելային քաղաքականությանը՝ Բաքուն պահանջում է միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի դեմ և  պարտավորեցնել Երևանին  դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պնդել է, թե Բաքուն  նոր փաստեր ունի։ Երեկոյան հայկական կողմը կներկայացնի իր հակափաստարկները։ Իսկ նախօրեին իրավիճակը հակառակ հերթականությամբ էր․ դատարանը լսում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի հայցն ու փաստարկները, ապա՝ Ադրբեջանի բացատրությունն այդ առնչությամբ։  

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում երկու օր հայ-ադրբեջանական լսումներ են։ Նախօրեին  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը լսեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Հայաստանն Արցախին կապող միակ և արդեն 51 օր փակ  ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապահովել երկկողմանի ազատ տեղաշարժը և վերականգնել գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հաշվի առնելով հարցերի հրատապությունը՝ հայկական կողմը որոշումների կայացման հնարավորինս արագ ընթացք է ակնկալում։ Սովորաբար հրատապ միջոց կիրառելու հարցով որոշումներն արագ են կայացվում, մի քանի շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում կարող են այլևս անիմաստ լինել՝ ասում է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Հրատապ միջոցի վարույթ է սա։  Նպատակն այս պահի դրությամբ պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կիմաստազրկեն հետագա  բարենպաստ դատական ակտը։ Սրանք միջոցներ են՝ կասեցնելու նման իրավիճակները։ Արդարադատությունը ժամանակ է պահանջում այս պահի դրությամբ պետք է միջոցներ ձեռնարկել։ Հրատապ միջոցի էությունը այնպիսին է, որ պետք է լինի  սեղմ ժամկետում, որպեսզի չիմաստազրկվի այդ որոշումը։ Կարծում եմ շաբաթների մասին է խոսքը»։

Նախօրեին Հաագայի դատարանը լսում էր  Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի փաստարկները, այսօր՝ Ադրբեջանի համանման հայցը՝ արդեն ապաականապատման   հարցով։  Բաքուն պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատումը։ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում և դրա մասին վկայոց նոր փաստեր ունեն։ Բացի դրանից՝ Բաքուն պահանջում է, որ «ՀՀ-ն խուսափի ռասսայական ատելության հռետորաբանությունից, ներառյալ կազմակերպությունների և անհատների նկատմամբ, խուսափի թիրախավորել անձանց իրենց ադրբեջանական ծագման համար»։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ադրբեջանական կողմի պնդումներն ու հակափաստարկները աճպարարություն  է որակում։ Կարծում է, որ Հաագայի դատարանում հասկանում են ադրբեջանական պնդումների հիմնազուրկ լինելը․

«Ադրբեջանական կողմի հայցը արհեստական է և  նպատակ է հետապնդում պատրանք ստեղծելու, թե կա հավասարակշռություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Շատ թույլ են ադրբեջանական կողմի փաստարկները։ Պետք է ասեմ, որ հայկական կողմը բավականին լավ պատրաստված է, առատ ու համոզիչ փաստարկներ ունի։ Դրանք շատ ծանրակշիռ են ու դրանց մեջ կան նաև այլ դատական ակտերով հաստատված անհերքելի փաստեր։ Դրանք, իհարկե,նշանակություն կունենան, քանի որ դատական ակտերով անցել են ողջ պրոցեսը արդարության, մրցակցության»։

Ադրբեջանական անհիմն փաստարկներին արձագանքել է նաև Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Արմենպրեսի հետ զրույցում նա հստակեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021 թ. մայիսին, 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021 թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում ադրբեջանական կողմում են հայտնվել 2021-2022 թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից՝ ասել է Արման Եղոյանը։

Արտակ Զեյնալյանը  նշում է նաև, որ Հաագայի դատարանի վճիռներն ու որոշումները ենթակա են կատարման, հակառակ դեպքում չի բացառվում, որ կոշտ միջոցներ ձեռնարկվեն։

« Եթե պետությունը ճանաչել է այդ դատարանի իրավազորությունը, ապա պարտավոր է կատարել այդ դատարանի վճիռները ։ Այս դատական ակտերը կայացվում են ՄԱԿ-ի անունից, Միավորված ազգերի կազմակերպության անդամ բոլոր երկրների անունից, ուրեմն բոլոր այդ պետությունները երաշխավոր են այդ դատական ակտի կատարմանը, իրենց ամբողջ ռեսուրսներով հանդերձ։ Այո, դա ենթադրում է նաև պատժամիջոցներ՝ քաղաքական, տնտեսկան և այլն»։

Երեկոյան նիստին հայկական կողմին 2 ժամ կտրվի ադրբեջանական թեզերի վերաբերյալ հակափաստարկներ ներկայացնելու համար, իսկ դատարանի որոշումն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում։

Back to top button