Սփյուռքի ձայնը

Ազնավուրի նվիրած ձայներիզը, որը գողացան. Պերճ Թյուրաբյան․ «Սփյուռքի ձայնը»

Եգիպտոսում ծնված, Կահիրեի Մխիթարյան միաբանության վարժարանում սովորած, այնուհետև ֆրանսիական քոլեջն ավարտած թարգմանիչ, երաժիշտ և երգահան, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա աշխատակից Պերճ Թյուրաբյանն այն եզակի տաղանդաշատ հայերից է, ում հաջողվել է իր բոլոր շնորհքները գերազանց դրսևորել։

Նա հրաշալի երգերի հեղինակ է, կատարող, Շառլ Ազնավուրի երգերի թարգմանիչ։ Նյու Յորքի հանրային գրադարանի բազմամյա աշխատակիցը, որի հիմնական աշխատանքը սևամորթ գրողների գործերը համալրելն է, նշում է, որ գրադարանի աշխատանքը որքան էլ հետաքրքիր, նույնքան էլ դժվար է` հաշվի առնելով այն, որ օրական հարյուրավոր գրքեր են հանձնում գրադարանին, իսկ դրանց ճիշտ ու ժամանակին չհամակարգելը կարող է գրողի և գործի համար վատ ճակատագիր ունենալ։

«Ես գրադարանում աշխատում եմ գրեթե առանց դադարի, միայն մի որոշ ժամանակ ընդմիջում ունեցա, իսկ այդ ժամանակ աշխատում էի շների գրադարանում։ Գրադարան, որտեղ առկա գրքերը վերաբերում են չորքոտանի մեր բարեկամներին»,- ասում է Պերճ Թյուրաբյանը։

Բազմազբաղ ու մտավոր ծանր աշխատանքը, սակայն, նրան չի կտրել սիրելի գործից։ Պերճ Թյուրաբյանը մինչ օրս երգեր է գրում, թարգմանություններ անում, ձայներիզներ թողարկում։ Նրա՝ Շառլ Ազնավուրի 95- ամյակին նվիրված ձայներիզը յուրօրինակ է՝ երգերի ընտրությամբ։ «Պատրաստվում եմ 100-ամյակին ևս ձայներիզ թողարկել»,- ասում է։

Նա նաև վերհիշում է իր և Շառլ Ազնավուրի հանդիպումը։
«Նրա (Ազնավուրի. խմբ)95-ամյակին Հայաստանում կազմակերպված համերգին հանդիպեցի նրան։ Մինչ այդ ուղարկել էի նրա իր խոսքերով և իրեն նվիրված ձայներիզը, սակայն ոչ մի արձագանք չէի ստացել։ Իսկ հայաստանյան համերգին նա անձամբ էր ցանկացել ինձ հրավիրել։ Հանդիպումը հրաշալի էր, բացառիկ, որի ընթացքում նա նաև իր ստորագրությամբ ձայներիզ նվիրեց, որը սակայն գողացան։ Հիմա այն ինձ մոտ չէ»,- վերհիշում է Պերճ Թյուրաբյանը։

Պերճ Թյուրաբյանի հետ զրույցը Նյու Յորքի հանրային գրադարանում աշխատանքի, նրա երգերի ու հանդիպումների մասին։

Back to top button