ԿարևորՀասարակություն

Տանը թխվածք ենք պատրաստում, բայց միրգ, բանջարեղեն «թխել» չենք կարող․ արցախցիները՝ շրջափակման մասին

Այսօրվանից Արցախի հանրակրթական դպրոցներում վերսկսվել են շուրջ 2 շաբաթ դադարեցված դասերը։ Գազամատակարարման վերականգնումից հետո Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ անընդհատ դասապրոցես ապահովելու համար աշխատանքներ են տարվում բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը փոխելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, կրթական գերատեսչությունը ծնողներին հորդորել է երեխաներին դպրոց ուղարկել տաք հագուստով։ Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել էր Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20 հազար երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Արևիկ Հարությունյանը տարակուսում է՝ արցախցիները սկսում են հարմարվել իրավիճակին, իսկ դա կխանգարի պայքարել։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատերազմից հետո Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտորն է։ Նա ասում է՝ առավելապես հենց երիտասարդների հետ շփումն ու նրանց ապագայի վերաբերյալ մտքերն են իրեն վախեցնում։ Նա նկատել է, որ երեխաներն արդեն մանկական խաղերի փոխարեն մեծերի նման աշխարհաքաղաքական վերլուծություններ են անում։

«Երեխաների մոտ շատ եմ նկատել, որ խոսում են, քննարկում են, որ հնարավոր է այլևս դպրոց չգնան, կամ եթե վաղը գնան, մյուս օրը էլի չեն գնալու»։

Մանկահասակ ու դպրոցահասակ երեխաների մայր է Արևիկ Հարությունյանը։  Ասում է՝ կենցաղային խնդիրներն էլի մի կերպ կլուծվեն, բայց թերի կրթությունը լրացնել դժվար է։ Ստեղծված պայմաններում նաև երեխաների՝ իրենց տարիքին բնորոշ խնամքը կազմակերպելն է դժվար․ հաճախ, երեխաների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն, ստիպված են լինում խանութների դիմաց ժամերով հերթ կանգնել այս կամ այն մթերքի համար։

«Խանութներում միայն բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար կա․ կտրոնով վաճառվող ապրանքներն է հնարավոր անխոչընդոտ գտնել։ Միրգ, բանջարեղեն ընդհանրապես չկա։ Սարսափելի հերթեր են, ու հերթում կանգնած չգիտես՝ քեզ տվյալ ապրանքը կհասնի՞, թե ոչ։ Շա՜տ դժվար է․․․ երեխաները քաղցրավենիք, կոնֆետ են ուզում, ու 21-րդ դարում դու քո երեխայի պահանջները կատարել չես կարողանում․ գումար ունես, բայց խանութները դատարկ են»,– իրավիճակն այսպես է նկարագրում Արևիկ Հարությունյանը։

Քաղցրավենքի պակասը փորձում են տնական թխվածքներով լրացնել, բայց դա հարցի լուծում չէ, ասում է Արևիկը՝ տանը միրգ, բանջարեղեն պատրաստել հո չեն կարող։ Օր– օրի Արցախում նաև տրանսպորտի խնդիրն է սրվում։ Շատերն աշխատում են  ոտքով տեղաշարժվել։ Հովհարհային անջատումների ու գազի բացակայության պատճառով արցախցիները տներում փայտի վառարաններ են տեղադրել, բայց փայտ գտնելն էլ հեշտ չէ։

«Ջեռուցման հետ կապված էլ մեծ խնդիրներ ունենք։ Այսօր արդեն իմ 3 բալիկները բարձր ջերմություն ունեն։ Երբ հնարավորություն կա միացնում ենք, տունը ջեռուցում ենք, հետո էլեկտրաէներգիան անջատվում է, ու արդեն միանգամից տունը սառում է․ բնականաբար ջեռուցման տատանումները ավելի վատ են անդրադառնում երեխաների վրա»։

Վերջին օրերին ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուքում» Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթութղթեր էին տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի  ազգային անվտանգության ծառայությունը կոչ է արել չտրվել կեղծ լուրերին և հանգստություն պահպանել։

Արևիկ Հարությունյանն ասում է՝ գոնե իր շրջապատում մարդիկ դրական են տրամադրված․

«Խուճապ չկա ընդհանրապես, առավելապես ծնողների մոտ եմ նկատել, որ անհանգիստ են իրենց երեխաների ապագայի հետ կապված։ Բայց խուճապ չկա, ոչ ոք չի ասում, որ հենց ճանապարհը բացվի կգնան․․․ յուրաքանչյուրը իր առօրյայով, խնդիրներով ու գործերով ապրում են»։

Իրար օգնելով ապրում ենք՝ եզրափակում է զրուցակիցս։

Շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ նաև աշխատանքն են կոցրել։ Կենցաղային հարցերի հետ մեկտեղ նաև ֆինանսական խնդիրներն են ճնշում։ Օրերս Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ծրագրեր են մշակում, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը:

Back to top button