ԿարևորՀասարակություն

«Վերջ կունենա՞ արդյոք այս պատերազմը»․  հակամարտությունների մասին՝ այսօր ու 30 տարի առաջ

«Այն պատի վրա վերնագրեր կան, որոնք կարծես  այսօր գրված լինեն։ Ու այս դեժավյուն շատ է ինձ հանդիպել ցուցադրությունը նայելիս»,- ասում է լրագրող Գարիկ Հարությունյանը։

Նա այս զգացողությունը կրկնվում է գրեթե բոլոր այն մարդկանց մոտ, որոնք այցելում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնած «Լրատուն» մուլտիմեդիա ցուցահանդես։ Պատին մեծ պաստառ է, վրան՝ 30 տարի առաջ թերթերում հայտնված վերնագրեր․«Զանգվածային հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա», «Դաժան մարտեր ճակատի ողջ երկայնքով», «Զինադադարը նվաճված է», «Վերջ կունենա՞ արդյոք այս պատերազմը» և այլն։ Այս վերնագրերը մերօրյա լրատվադաշտում ևս խիստ արդիական են։

«Լրատուն» մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությանը ներկայացված են 1988 թվականից ի վեր ստեղծված տեսանյութեր, տպագիր մամուլի օրինակներ, ռադիոհաղորդումներ, լուսանկարներ ու հոդվածներ, վերլուծություններ, վավերագրական ֆիլմեր ու մուլտիմեդիա նախագծեր։

«Հուզիչ պահեր կային, երբ մարդիկ խոսում էին, ու մենք մեզ հազիվ էինք զսպում, որովհետև իրենք այնտեղ էին ու իրենք անցել էին այդ փուլը, իսկ մենք նոր էինք անցնում՝ իրենց խոսքերով»։

Գարիկ Հարությունյանը ներկայացնում է իր ու Հայկ Մակյանի ու Լիաննա Պետրոսյանի մուլտիմեդիա աշխատանքը՝ «Տողի անկումը» վերտառությամբ։ Լրագրողները մեկ հոդվածում ներառել են 5 հղում՝ Տողի՝ իշխանանիստ բնակավայր լինելու, բուն մարտական գործողությունների, մարդկային կորուստների ու տնտեսական կորստի մասին։

«Թվում է, թե Տողը Արցախի հարյուրավոր գյուղերից մեկն է։ Այն առանձնահատուկ գյուղ է՝ իշխանական ժառանգությամբ, ու Արցախի կենտրոն է եղել ժամանակին։ Ավելի ու ավելի խորանում էինք ու հասկանում, որ Տողը շատ մեծ ուսումնասիրության տեղ ունի։ Մի օրինակ ասեմ՝ հիմնադիր իշխանը գրում է արձանագրություն այն մասին, որ «Ես Հայաստանս միավորեցի», չնայած Տողը Արցախի հարավում է։ Թվում է, թե սա փոքր բան է, բայց, երբ Տողի պատկանելության հարց է դրվում, արդեն տեսնում ենք, որ 17-19 դարում, երբ իշխանական տներ են եղել այնտեղ, արդեն իրենք իրենց նույնականացրել են որպես հայեր, որպես Հայաստանի մաս։ Նույնսիկ ոչ թե Արցախ կամ Խամսայի մելիքություններ, այլ հենց Հայաստան»։

Մուլտիմեդիա պատմության հեղինակները տեսանելի ներկայացրել են՝ ինչպես են Խամսայի մելիքությունների ու Արցախի Հանրապետության՝ մինչև 2020 թվականը եղած քարտեզնեը համընկնում։ Նրանց հավաքագրած տվյալները հրապարակված են՝ հետագայում Արցախյան պատերազմը հետազոտողներին օգնելու համար։

«Մարտերի մասին իրականում շատ բաներ պարզվեցին, ամենայն մանրամասնությամբ։ Մենք փորձեցինք ոչ միայն ստանալ մուլտիմեդիա պատմություն, այլ ունենալ պատմություն, որը կմնա ու հետագայում ուսումնասիրության առարկա կդառնա, որովհետև մարդիկ, որոնք մեզ հետ խոսում էին, տողեցիները, որոնք այդ պատերազմին մասնակցել են, շատ դետալային մեզ ներկայացրին՝ ինչ է եղել։ Մենք դրա շնորհիվ կարողացնաք քարտեզներով ներկայացնել՝ ադրբեջանցիները որտեղից, ոնց են եկել, որ օրն են հասել, որ օրն են եղել մարտերը, մինչև բակային մակարդակում՝ դպրոցի ա՞ջ կողմից եկան, ձա՞խ կողմից եկան։ Սա նաև հետագա  ուսումնասիրության նյութ է, եթե մարդիկ հետաքրքրվեն՝ պատերազմն ինչ ընթացք է ունեցել»։

***

Հայկ Խաչիկյանի՝ «Շուշիի ջնջված հասցեն» մուլտիմեդիա նախագիծը Ղազանչեցոց եկեղեցուն նայող բազմաբնակարան շենքի բնակիչների ճակատագրի մասին է։

«Հասկացանք, որ մենք շատ քիչ տվյալներ ունենք, թե Շուշիից դուրս եկած մարդկանց հետ ի՞նչ է եղել, քանի տոկոսն ու՞ր է գնացել, ո՞ր բնակավայրեր են տեղափոխվել, ի՞նչ են անում։ Միտք առաջացավ, որ արժե ունենալ այդ տվյալները ու ներկայացնել մարդկային պատմություններով»,– ասում է հեղինակը։

Հայկ Խաչիկյանը պատմում է՝ սյուժեն 4 հերոս ունի, բայց պատմությունը թերևս 5-րդ՝ գլխավոր հերոսի մասին է։ Դա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի շենքն է, որը Շուշիի գրավումից հետո քանդվել է։

4 հերոսները հենց այդ շենքի բնակիչներն են, շուշեցու հավաքական կերպարները։ Հայկը հիմնականում աշխատել է տվյալների հավաքագրման վրա։ Բաց աղբյուրների հետ աշխատանքն, ասում է, անկառավարելի գործ է․

«Սավորաբար, երբ ինձ հարցնում են՝ ինչքան ժամանակում սա կարող ես գտնել, ասում եմ՝ եթե առաջին կես ժամվա ընթացքում չգտա, մեկ կամ երկու տարվա մեջ գուցե գտնեմ»։

Այդպես՝ պատահական ադրբեջանցու հրապարակած կադրերի ու արբանյակային տվյալների հիման վրա են պարզել, որ այդ տարածքում մզկիթ է կառուցվում․

«Սա իրականում այդ մասով անցնող ադրբեջանցու վիդեոռեգիտրատորից «ստոպ կադր» է, շինարարական պաստառից հասկացանք, որ այստեղ քանդել են, մզկիթ են ուզում սարքել։ Բացի դա, արբանյակային նկարահանումից թեև չի երևում, որ հենց մզկիթ է, բայց ութանկյունաձև հիմքն է տեսանելի ու հասկանալի է, որ մզկիթ է դառնալու»։

***

«Լրատուն» մեդիա թանգարանի հպէկրանները հասանելի են դարձնում նաև Անահիտ Հարությունյանի «Պատերազմի սարդոստայնը» ֆիլմը, որը պատմում է 44-օրյա պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնված, ապա Հայաստան վերադարձած շիրակցիների պատմությունները։

«Այս թեման ուսումնասիրելու միտքը եկավ, որովհետև Խծաբերդում 62 շիրակցի գերեվարվեցին։ Շատերը նշում էին, որ 62 հոգին ընդամենը 2 ադրբեջանցու են հանձնվել, ու ինձ հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ է կատավել ի վերջո»,–ասում է ֆիլմի հեղինակը։

Սակայն Անահիտը հետագայում որոշում է անդրադառնալ առհասարակ գերության խնդրին՝ հենց նրանց պատմություններով։ Բայց դա հեշտ գործ չէր․

«Սկզբնական շրջանում չէի մտածում, որ այդքան դժվար կլինի խոսելու պատրաստ մարդկանց գտնել։ Շատ – շատերը մերժում էին․․․ արդեն 9-րդ տունն էի ես մտնում․․․ այնքան դժվար էր խոսելը։ Սկզբում չես ասում, որ գերության համար ես եկել, ուղղակի ասում ես՝ պատերազմին մասնակցե՞լ ես, չե՞ս մասնակցել, հարց է՝ ինչպես կընդունեն քեզ։ Գումարած դրան հարցնում են, թե դու ո՞ր լրատվամիջոցից ես, քաղաքական ենթատեքստ ունի՞ այդ ամենը, թե՞ չէ, ինչու՞ ես եկել հատկապես մեր տուն, մի խոսքով էդպես երկար, պետք է նստեինք, տնեցիների հետ խոսեինք»։

9-րդ մերժումից հետո մեկն ի վերջո  համաձայնել է խոսել՝ անանունության սկզբունքը պահելու պայմանով։ Անահիտը այլ հերոսներ ևս գտավ և ստեղծեց մի ֆիլմ, որը պատերազմի վավերագրությունն ու հետազոտողների համար հասանելի աղբյուրը դարձավ։

Back to top button