ԿարևորՀասարակություն

Վերջին հինգ տարում Շիրակում հինգերորդ մարզպետն է նշանակվում

Տարածքային կառավարման և ենթակառույցների նախարար Գնել Սանոսյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։ Վերջին 5 տարում Մուշեղ Մուրադյանը իշխող կուսակցության 5 -րդ մարզպետն է Շիրակում։ 

Շիրակը նոր մարզպետ ունի։ Մուշեղ Մուրադյանը Շիրակի 13-րդ մարզպետն է, իսկ վերջին հինգ տարում՝ 5-րդը։ Մարզի նորանշանակ ղեկավարին Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառույցների նախարար Գնել Սանոսյանը։ Մինչև այդ նախարարն անդրադարձել նախկին մարզպետի՝ Նազելի Բաղդասարյանի գործունեությանը․

«Բավականին արդյունավետ ենք աշխատել, մարզային խնդիրները շատ արագ տիկին Բաղդասարյանը տիրապետեց և բավական արագ էլ դրանցից շատերին կամ լուծում տվեց, կամ լուծումը նախաձեռնեց։ Տիկին Բաղդասարյան, Ձեզ շնրհակալություն և պարոն մարզպետ, Ձեզ շնորհավորում եմ։ Պարոն մարզպետը տարբեր ոլորտներում աշխատել է, բայց ինձ թվում է՝ ամենակարևորն այն փաստն է, որ հենց մարզպետարանում է աշխատել»։ 

Նազելի Բաղդասարյանն, իր իրավահաջորդին հաջողություն մաղթելով, շեշտադրեց դժվարությունները հաղթահարելու առաջնահերթությունները։

«Մարզպետը կարող է լինել պահանջկոտ խիստ, սկզբունքային,  հետևողական, բայց կարծում եմ՝ ամենակարևորը արդարամտությունն է։ Եթե արդարամիտ է, ամեն բան հաղթահարելի է»։

Մուշեղ Մուրադյանը նոր մարդ չէ Շիրակի մարզպետարանում։ 2013-19 թթ․ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել այստեղ։ Վերջին տարիներին «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենն էր։ Լրագրողների հարցին, թե չի՞ երկմտում արդյոք աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող, պաշտոնյաների բնութագրմամբ՝ ամենաբարդ մարզի լուծը վերցնել մի ժամանակահատվածում, երբ դեռ չի լուծվել գերիների հարցը, Անի խոշորացված համայնքում նոր ընտրություններ են սպասվում, իսկ մարզպետարանում՝ աշխատակազմի կրճատումներ՝  նորանշանակ մարզպետը պատասխանեց այսպես․

«Վստահ լինելով իմ ուժերի, գիտելիքների, հմտությունների վրա, ստանձնել եմ Շիրակի մարզպետի պաշտոնը և վստահեցնում եմ, որ մարզի յուրաքանչյուր հոգս ու խնդիր իմն է դառնալու, և կառավարության հետ մեկտեղ, սեղմ ժամկետներում պետք է յուրաքանչյուր հարցի լուծում տրվի»։

«Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել» հարցին էլ Մուշեղ Մուրադյանը պատասխանեց, որ նոր է հայտարարագրելու․

«Տուն ունեմ, որտեղ բնակվում եմ ավելի քան 10 տարի և անասնաֆերմա՝ Զորակետ գյուղում, որով հայրս է զբաղվում, արդեն 30 տարի»։ 

 Նախկին և ներկա մարզպետներին հաջողություն ու բեղմնավոր աշխատանք մաղթելուց հետո Գնել Սանոսյանն ասաց, որ երկու լավ լուր ունի շիրակցիների համար․  

«Մեկը՝ Կապսի ջրամբարի ծրագիրը կսկսենք իրագործել, ինչը կբերի նրան, որ Ջրաձորը կսկսենք տեղափոխել և ջրամբարը կառուցել։ Մյուս լավ լուրն էլ Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ է կապված։ Ովքեր տեղյակ են, գիտեն, որ մինչև Գյումրի հասնելը այն շրջանցելու է Գյումրին ու հասնի Բավրա, իսկ այդ հատվածից մինչև Գյումրի հասնելը պետք է լինի սովորական նեղ ճանապարհ։ Վարչապեհի հետ համաձայնեցրել եմ և մինչև Գյումրի էլ կկառուցվի լայն, երկկողմանի ճանապարհ»։

Շիրակի մարզպետարանում առաջիկայում հաստիքացուցակի կրճատում է սպասվում, իսկ Անի խոշորացված համայնքում՝ լարված պայքար ՏԻՄ ընտրություններում։ 

Back to top button