ԿարևորՀասարակություն

Ոչ միայն առողջություն, այլև ինքնասպասարկման հնարավորություն․հաշմադամության տրամադրման կարգը փոխվում է

Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները ավանդական բժշկասոցիալական համակարգի փոխարեն կանցնեն նոր գնահատում՝ անձի ֆունկցիոնալության ստուգում։ Այս համակարգի առանձնահատկությունն այն է, որ գնահատվելու է ոչ միայն մարդու առողջական կարգավիճակը, այլ նաև այդ կարգավիճակով պայմանավորված կարողությունների սահմանափակումները։ Այս համակարգին անցում կատարելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել էր դեռ 2010-ին։

Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն սահմանվելու են ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակման չորս տարատեսակներ՝ թեթև, միջին, ծանր և խորը: Առաջինի դեպքում մարդը չի համարվելու հաշմանդամություն ունեցող, սակայն ստանալու է կանխարգելիչ բնույթի ծառայություններ։ Մյուս աստիճանների դեպքում պահպանվելու են նպաստները, կրթական, առողջապահական երաշխիքները:

Մանրամասնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը․ «Գործընթացը պետք է սկսել առողջապահության առաջնային պահպանման օղակից։ Քաղաքացին, առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, պիտի դիմի նախ և առաջ պոլիկլինիկա, առաջին բարեփոխումը իրականացվել է հենց այս համակարգում»։

Պոլիկլինիակյում ստուգում անցնելուց հետո ինքնաշխատ համակարգով տվյալները մուտքագրվելու են առողջապահության նախարարության «Արմեդ» էլեկտրոնակյին համակարգ։ Այնուհետև քաղաքացին պետք է դիմի միասնական սոցիալական ծառայության կենտրոն։

«Պետք է ներկայացնի դիմում և ինքնագնահատման թերթիկ, որտեղ պիտի ներկայացնի այն բոլոր դժվարությունները, խոչընդոտները, իր պատկերացմամբ բոլոր դժվարություններն ու արգելքները սոցիալական ներառման կամ աշխատանքային գործընթաց ծավալելու տեսանկյունից։ Անձի ֆունկցիոնալության գնահատման խումբը մինչև գնահատման օրը չի տեսնելու, թե ում է ինքը գնահատելու»։

Մարդկային միջամտությունը, նույնականացնելու հավանականությունը հնարավորինս նվազեցված են՝ ասում է նախարարության ներկայացուցիչը։ Ցանկության դեպքում ֆունկցիոնալության գնահատման օրը քաղաքացին կարող է ներկայանալ իր բժշկի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Սա ևս գնահատման ճշմարտացիության նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելուն միտված քայլ է։

«Գործող համակարգում բժշկասոցիալական փորձաքննություն ենք իրականացնում բացառապես բժիշկներից բաղկացած խմբով․ դրանք 3 կամ 5 հոգուց բաղկացած խմբեր են ամենատարբեր մասնագետներով՝ նյարդաբանից մինչև վիրաբույժ՝ կախված մարդու առողջական վիճակից։ Նոր համակարգով բացի բժիշկներից խմբում ներգրավված են լինելու նաև, օրինակ, հոգեբան, լոգոպետ, էրգոթերապիստ»։

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը նախագծի քննարկումներին մասնակցել է և՛ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի ներկայացուցիչ, և՛ որպես շահառու՝ հաշմանդամություն ունեցող անձ։ Նոր համակարգից գոհ է։

«Այդ համակարգն, իհարկե, շատ ավելի առաջադեմ է, քան այն, ինչ մեր մոտ գործում էր կամ, կարելի է ասել, գործում է, որովհետև ավելի շատ հիմնված է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, իսկ մեր հին համակարգը հիմնված էր բժշկական մոդելի վրա․հաշմանդամությունը դիտվում էր զուտ որպես հիվանդություն, կամ հիվանդությւոնների համակարգ՝ առանց հաշվի առնելով միջավայրային գործոնները կամ անձի յուրահատկությունները։ Իհարկե այս քայլը տեսականորեն կլինի քայլ առաջ։ Իսկ թե պրակտիկորեն ինչպես կկիրառվի, կյանքը ցույց կտա, կիրառողներից է կախված, ամբողջ հանրությունը պետք է լուրջ վերաբերվի և ազնիվ լինի, որովհետև երբ կան անազնիվ նկրտումներ, միշտ լինում են շրջանցելու ձևեր, նույնիսկ ամենաարդիական, ամենալավ համակարգում կոռուպցիոն ռիսկեր ստեղծել և այլ անցանցկալի երևույթներ», -ասում է Ալավերդյանը։

Եթե թղթի վրա գրվածը կիրառվի նաև իրականում, ապա հաշմանդամություն ունեցողների կյանքն անհամեմատ կհեշտանա՝ կարծում է Ալավերդյանը։ Գնահատվելու է անձի հետ կապված ամեն ինչ՝ արդյո՞ք կարողանում է տանը տեղաշարժվել, ի՞նչ արգելքներ կան շենքում, բնակավայրում, աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլն:

«Այսպիսի մանրակարկիտ գնահատման արդյունքում մենք կարողանալու ենք  նախ կարիքը վերհանել, հետո դրանք բյուջետավորել ու հետո արդեն ներկայացնել պետական բյուջեի ծրագրով։ Ծառայությունների մատրիցան արդեն իսկ մշակած է, օրինակ, ունենք քրոնիկ ամփոփագրով գնահատվողների համար նախատեսված ծառայությունները։ Ներկայումս փորձագետների ներգրավվածությամբ իրականանցում ենք դրանց պատշաճ հաշվարկները, բայց մինչև չունենանք մարդկանց, որոնք այդ թվերի հետևում են կանգնած, մենք բնականաբար այդ ծառայությունները մատուցել չենք կարող», — նշում է Տաթևիկ Ստեփանյանը։

Հաշմանդամության սահմանման համար տարեկան միջին հաշվով կատարվում է 50 հազար փորձաքննություն։ Այս թվի մեջ 17 հազարն առաջին անգամ դիմողների թիվն է: Փետրվարի մեկից նրանք կծանոթանան նոր համակարգին, իսկ 2024-ից նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը կիրառել նաև վերափորձաքննության դիմող անձանց համար։

Back to top button