Վերնատուն

Ներքին համերաշխությունը՝ Կիլիկյան Հայաստանի հաջողության բանալի․ «Վերնատուն»

2022 թվականի նոյեմբերին, Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Կոնստատին Մեծ և Տրդատ Մեծ․ հայ — հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» ցուցադրությունը, որն ուղեկցվեց գիտաժողովով և պատկերագրքի հրատարակությամբ։ Ինչպե՞ս են պատմական որոշ իրադարձություններ փոխակերպվում և դառնում արդիական մեր օրերում։

Պատմաբան Վահե Թորոսյանը խոսում է Հայաստան– Հռոմ պատմա–քաղաքական երկխոսության հետքերի ու ազդեցությունների մասին, հատկապես՝ Կիլիկյան Հայաստանում։ Վահե Թորոսյանն ասում է, որ Հայ Հռոմեական դաշինքը կնքվել էր դեռ 1-ին դարում, վերահաստատվել 4-րդ դարասկզբին և իր զարգացումը ստացել ողջ Միջնադարի երեք փուլերում։ Իսկ ամենահետաքրքիր փոխակերպումները եղել են Կիլիկյան շրջանում, երբ ընդլայնվել է վավերագիրը։

«Մենք այն կոչել ենք Կիլիկյայի հայկական թագավորության քաղաքական դոկտրին», – ասում է պատմաբանը։ «Դաշանց թուղթը» մեր ակնկալիքներն էր արտահայտում։ Դա ինչ-որ իմաստով պայմանագիր էր «արևմուտքի հետ», որը նաև որոշակի զիջումների սահման էր ներառում։ Դա ամենևին չէր նշանակում որ մեր թագավորությունը ճանաչելու դեպքում մենք պատրաստ էինք այդ փոփոխությունները կատարել, փոփոխություններն ու զիջումները կապված էին Հայկական թագավորության անվտանգության հետ»,- ասում է Վահե Թորոսյանը։

«Պապը Հայոց կաթողիկոսին հավասարների մեջ առաջինը լինելու կարգավիճակ էր տվել․ արևմուտքում Հռոմի պապն էր, արևելքում՝ Հայոց կաթողիկոսը։ Դա բացառիկ իշխանություն էր», – ասում է Վահե Թորոսյանը։

Պատմաբանը երկու կարևոր հանգամանք է նշում Կիլիկյան Հայաստանի դիվանագիտությունից։ Առաջինը ներքին համերաշխությունն է, մյուսը՝ արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունը՝ Շնորհալու մշակած սկզբունքների համաձայն։

«Ամենակարևորը Կիլիկիայում արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ եղել են ճիշտ մշակված սկզբունքները և իշխանությունների փոխհամաձայնեցված գործելը։ Եղել են դրվագներ, երբ կաթողիկոսական իշխանությունները և թագավորությունը եղել են լուրջ տարաձայնությունների մեջ, բայց երբ Կաթողիկոսը գրել է Հռոմի պապին, ակնարկ անգամ չի արել վատ հարաբերությունների մասին, որ հանկարծ դա որևէ կերպ չազդի իրենց արտաքին քաղաքականության ու մանևրելու քաղաքականություն վրա։ Կիլիկյան Հայաստանի հաջողության բանալիներից մեկը եղել է միասնական գործելը», – ասում է պատմաբանը։

Back to top button