ԿարևորՀասարակություն

Հնագիտական պեղում­ները Շիրակում հնարավորություն են տալիս հետևել Ք.ա. IX-VIII դարերի քաղաքական, ռազմական տեղաշարժերին

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները ԳերմանիայիՀալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրելՋրաձորի ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համա­դրե­լի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակա­վայ­րերում: «Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիք­ներ:

Նույն տե­ղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առար­կա­նե­րով: Պատկերը նույնն է Ազա­տանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարա­նում և Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրություն­ների առ­կա­յությունը տար­բեր հուշար­ձաններում թույլ է տալիս եզրակաց­նել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները և բնակավայրերը են­թարկվել են հարձակման:

Եթե Ազա­տանի բնա­կավայ­րում այն արտահայտվել է խոշոր հրդե­հով, ապա Ջրաձորի ամրոց-բնա­կա­վայրում և Շիրակավանի ամրոցում հայտնա­բերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նե­տասլաքներ: Այս իրողու­թյուն­ների համա­դրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշ­տ շարժման ուղ­ղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը:

Ըստ նրա՝ Ջրաձորի և Ազատանի պեղում­ներով հնարավորություն է ստեղծվել հետևել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։ Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին ըստ գրավոր աղբյուրների նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։

«Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար»,- նշում է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետև արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։

Ջրաձորի և Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական և արտասահմանյան պարբերականներում։

Back to top button