Խոշորացույց

Ինչ է միջազգային հանրությունը կամ մեր փրկությունը մեր սեփական ուժերի մեջ է. «Խոշորացույց»

Դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը փաստում է, որ Ռուբեն Վարդանյանի հրապարակային ակտիվությունը էլ ավելի է սրել Արցախի խնդրի նկատմամբ հետաքրքրությունը, Ստեփանակերտում նրա հայտնվելը ավելացրել է Արցախի դիմադրողականությունը։

Ինչո՞ւ է նրա հայտնվելը բացասական ռեակցիա առաջացրել հատկապես Ադրբեջանում։ ԵԱՀԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչն ունի իր բացատրությունը. Ռուբեն Վարդանյանի գործարար փորձը նկատի ունենալով` Բաքուն հասկանում է, որ նա կոշտ բանակցող է։ Ադրբեջանը ցանկանում է ինքը նշանակել իր հետ բանակցողին։

Իհարկե, պետք է բանակցել, շեշտում է դիվանագետ Աշոտ Ոսկանյանը, բայց բանակցությունների մասին վերացական դատողություններն անիմաստ է համարում։ Ըստ նրա, պետք է հասկանալ՝ ում հետ ենք բանակցում, ինչու ենք բանակցում եւ ինչ նպատակով ենք բանակցում, ու Հայաստանն այստեղ իր խոսքը պետք է ասի։

Աշոտ Ոսկանյանը նշում է, որ խնդիրները քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել ձեւակերպումների վրա։ Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք միջազգային հանրություն։ Անգամ Ռուսաստանի կողմից շրջանառության մեջ դրված Միասնական Արեւմուտքում կան բազմաթիվ իրար հակասող շահեր, ուստի պետք է նկատի ունենալ տարբեր երկրների շահերն ու պահպանել ուժերի հավասարակշռությունը։

Աշոտ Ոսկանյանը հիշում է Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը 400 տարի գոյություն ունեցավ հենց ուժերի հավասարակշռության շնորհիվ։ Հայերը, խաչակիրները, մոնղոլները, Բյուզանդիան, մամլուքներն ու թուրքերը. նա թվարկում է միջնադարում առկա բազմաթիվ ուժերը, նշում, որ Կիլիկիան հաշվի էր առնում այդ ուժերի հավասարակշռությունը։ Հենց խախտվեց դա, կործանվեց նաեւ Կիլիկիայի հայկական թագավորությունը։

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը շեշտում է` ուժերի հավասարակշռության պահպանումը մեզ համար հնարավորություն է նաեւ այսօր, սակայն չի կարծում, որ օգտվում ենք այդ հնարավորությունից։ Իսկ հաշվի առնել ուժերի բալանսը, նշանակում է, որ պետք է ապավինենք սեփական ուժերին։

  • Ի՞նչ կլինի եթե, առնվազն երեք ամիս էլ Բերձորի միջանցքը փակ մնա,
  • Ի՞նչ կլինի մեր տարածաշրջանում, եթե ռուս-ուկրաինական ճակատում դադար լինի,
  • Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայում Էրդողանը պարտվի ընտրություններում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Շրջափակումը որքանո՞վ կփոխի Արցախի հարցում միջազգային ընդունված մոտեցումը. այս թեմայի շուրջ ենք զրուցել փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանի հետ։

Back to top button