ԿարևորՀասարակություն

Եթե ՄԱԿ-ի դատարանը արագ չգործի, Արցախի հայերը կկանգնեն անհնարին ընտրության առաջ. Եղիշե Կիրակոսյան

Եթե դատարանն արագ չգործի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կկանգնեն անհնարին ընտրության առաջ, ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարանում Լաչինի միջանցքի հարցով լսումների ժամանակ։

«Ադրբեջանը կարծես թե մտադիր է խեղդամահ անել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին», — ասել է Կիրակոսյանը՝ նշելով, որ մեկ մարդ արդեն մահացել է բժշկական օգնության բացակայության պատճառով, և շատերը նման ճակատագրի արժանանալու վտանգի առաջ են։

«Մթերային խանութների դարակները դատարկ են, իսկ սնունդը կտրոններով է տրամադրվում: Դեղերի և բժշկական պարագաների պակաս կա։ Առևտուրն ու բիզնեսն ամբողջությամբ կանգ են առել։ Գազը բազմիցս ամբողջությամբ անջատվել է, իսկ էլեկտրականության պահանջարկը հանգեցրել է կրկնվող և երկարատև անջատումների: Դպրոցներն ու մանկապարտեզները մնում են ամբողջությամբ փակ, երեխաներն արդեն 50 օր է՝ բաժանված են ընտանիքներից»,- ասել է նա։

«Չնայած այս մարդասիրական աղետին, Ադրբեջանը փորձում է արդարացնել և շարունակել շրջափակումը բնապահպանական մտացածին պատճառաբանությամբ, որին ոչ ոք չի հավատում», — հավելել է Հայաստանի ներկայացուցիչը։

«Դա անում է՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ներքո իր միանշանակ պարտավորությանը՝ երաշխավորելու քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Եվ դա անում է գրեթե միջազգային միաձայն դատապարտման պայմաններում, այդ թվում՝ ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ պետությունների, ինչպես նաև Amnesty International-ի, Human Rights Watch-ի և անթիվ այլ անկախ կազմակերպությունների և դիտորդների կողմից», — հայտարարել է Կիրակոսյանը։

Նա հիշեցրել է, որ ավելի քան մեկ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին արգելափակվածների անվտանգ անցումը։

Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Ադրբեջանը անտեսել է պահանջը՝ դրդելով դատարանին դիմել արտակարգ քայլի՝ ծանուցել Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից պահանջը չկատարելու մասին։

Նշելով, որ Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է, Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «եթե դատարանն արագ չգործի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կկանգնեն անհնարին ընտրության առաջ՝ լքել իրենց նախնիների հողը կամ մնալ այնտեղ և սովամահ լինե»լ։

«Նախագահ Ալիևը հստակ ասել է. նա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերից պահանջում է «հեռանալ»։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի «գլխավոր պարտավորությունը հայերին մեր հողերից վտարելն էր»։ Նա հայտարարել է, որ «հայերեն լեզվով ոչ մի երգ չի երգվելու, և որ այսուհետ այս հողում գերիշխող է լինելու ադրբեջաներենը»։ Շրջափակումը, գազի ու էլեկտրաէներգիայի անջատումները և խափանումները հատուկ ծրագրված են դա իրականացնելու համար: Նախագահ Ալիևի խոսքով՝ «եթե մեկը չի ուզում դառնալ մեր քաղաքացին, ճանապարհը բաց է։ Նրանք կարող են գնալ կամ հեռանալ, նրանց ոչ ոք չի կանգնեցնի»: Այսինքն՝ էթնիկ հայերը չեն կարող մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, բայց կարող են հեռանալ»,- հայտարարել էԿիրակոսյանը։

Նա ընդգծել է, որ «էթնիկ զտումների նման բացահայտ գործողությունները տեղ չունեն ժամանակակից դարաշրջանում, և այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար», — եզրափակել է նա։

Back to top button