

«Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ շաբաթ առավոտյան Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել են հակահայկական բովանդակություն պարունակող ավելի քան 10 թռուցիկ:


Բևեռլի Հիլզի ոստիկանության հանրային տեղեկատվության բաժնի աշխատակից Ջովանի Տրեխոն հայտնել է, որ մի բնակիչ ահազանգել է ոստիկանությանը, որ նա հայտնաբերել է սյան վրա փակցված հակահայկական թռուցիկ:
Ոստիկանությունը հավաքել է ավելի քան 10 նմանատիպ թռուցիկներ La Cienega Boulevard-ի և Wilshire Boulevard-ի շրջակայքից, ասել է Տրեխոն:
«Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը», — ասել է Շիֆը:
«Հայաստանը և Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքին»,-ասել է կոնգրեսականը՝ հավելելով, որ «համայնքը աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության»։
Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլսում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո, հայտնում է Magazine-ը։
Սյուների վրա փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։
«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը ԿՋՆԵՆ ՔԱՐՏԵԶԻՑ Ինշալլահ!!!»: