ԿարևորՔաղաքական

Քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:

Մեր կառավարությունը և  ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:

Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան: Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:

Իր հերթին Եգիպտոսի նախագահը նշել է. «Նորին Գերազանցություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ընձեռած հնարավորության, Ձեր հրավերի, ջերմ ընդունելության և Ձեր երկրում լավ հյուրասիրության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն դինամիկ զարգացման համար, որը մեր կողմից ապահովվում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկու երկրների ղեկավար մակարդակներում առկա է փոխադարձ վստահություն, պետք է արձանագրել, որ այդպիսի վստահություն կա նաև երկու երկրների ժողովուրդների միջև: Դա մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի հեռանկարային զարգացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին հավասարապես՝ լինի տնտեսական, թե մշակութային: Բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար կան շատ հնարավորություններ: Խոսքս վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ փոխադարձ ներդրումների, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ զբոսաշրջության, թե՛ կապի, թե՛ էլեկտրաէներգիայի ոլորտներին»:

Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր:

«Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:

Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում  նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նշել է, որ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում այն բարեկամական մթնոլորտը և ջերմությունը, որը զգացել է, խոսում  է միայն մեկ բանի մասին, թե որքան մեծ փոխադարձ վստահություն ու հարգանք կա երկու երկրների միջև:

«Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»,- ասել է Եգիպտոսի նախագահը:

Կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։

Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։ 

Back to top button