Երկրորդ շնչառություն

Գլխուղեղի կաթվածը՝ տարեցների շրջանում ամենահաճախ պատահող հիվանդություն․ «Երկրորդ շնչառություն»

«Եթե նկատում եք, որ ձեր հարազատը կամ ընտանիքի անդամը կորցնում է կյանքի ընթացքում ձեռք բերած հմտությունները, դժվարանում է որոշակի գործողություններ կատարել կամ ունի վարքային փոփոխություններ, անպայման հարկավոր է դիմել նեղ մասնագետի»,-ասում է երիտասարդ նյարդաբան Նուռա Պեպելյանը:

Նա դեռ ուսանողական տարիներից է հետաքրքրվել տարեցների ոլորտով՝ գիտակցելով, որ կաթվածով հիվանդները հիմնական բուժումներն ստանալով տուն գնալուց հետո, վերականգնողական բժշկության և խնամքի հարցում օգնության կարիք ունեն:

«Փորձում եմ իմ լուման ներդնել այս գործում»,-ասում է նա՝ շարունակելով մասնագիտանալ քիչ ուսումնասիրված ոլորտում: Գլխուղեղի կաթվածը տարեցների շրջանում ամենահաճախ պատահող հիվանությունն է: Այս հիվանդության կլինիկական ախտանշաններ կարող են համարվել վերջույթների թմրածությունը և թուլությունը, խոսքի խանգարումները, դեմքի ասիմետրիա: Հիմքում, որպես կանոն, սիրտանոթային համակարգի պաթոլոգիաներն են՝ զարկերակային բարձր ճնշումը, սրտի ռիթմի տատանումները և այլն:

Գլխուղեղի կաթվածի պարագայում բուժումն իրականացնողը երկու հիմնական խնդիր է դնում՝ նախ, փրկել բուժառուի կյանքը, ապա՝ նվազեցնել հաշմանդամության աստիճանն ու բարելավել կյանքի որակը: Բժիշկ Պեպելյանի խոսքերով, մասնագիտացված կենտրոններում սկզբում իրականացվում է դեղորայքային բուժում, բժշկական միջոցառումներ, հետո՝ վերականգնողական բուժում, ֆիզիոթերապիան, կինեզոթերապիան և զուգահեռաբար խնամք, ինչը տնային պայմաններում լիարժեք ապահովել հնարավոր չէ:

Այսօր, սակայն, ըստ նրա, նաև կարծրատիպերի պատճառով մարդիկ ոչ միշտ են դիմում մասնագիտացված ծառայություններին:

«Բանն այն է, որ բացի ֆինանսական հարցից, Հայաստանում մարդիկ հոգեբանական խնդիրներ էլ ունեն՝ մտահոգվում են, որ եթե հարազատին վերականգնողական կենտրոն տանեն, հարևանն ու բարեկամը կմտածեն, թե միտում կա ազատվել հիվանդից»,-կարծում է մասնագետը՝ խոսելով կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտության մասին:

Բժիշկ Պեպելյանի խոսքերով՝ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար անհրաժեշտ է միջին տարիքում հետևել ապրելակերպին, սննդակարգին, հիվանդությունների ընթացքին, զերծ մնալ վնասակար սովորություններից, մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը:

«Ալֆա Բետա Պլյուս» պալիատիվ խնամքի կենտրոնի բժիշկն ասում է, որ տարեցների հետ աշխատանքը բավականին բարդ է, բայց, նրանց հույսով լի աչքերն ու գնահատանքը մասնագետներին շահագրգռում են ավելին անել:

Back to top button