Ծովահայեր

Արգոնավորդ Արմենոսի լեգենդն ու Կոլոմբոսի հայ ուղևորի հիշատակումները. «Ծովահայեր»

  • Ո՞վ էր առասպելական արգոնավորդ Արմենոս Թեսալացին և արդյո՞ք Արմենոս անունը որևէ կապ ունի մեր էթնոսի հետ։
  • Ի՞նչ հիշատակումներ է թողել Կոլոմբոսի հայ ուղևորը և ի՞նչ ուսումնասիրություններ են կատարել գիտնականները։

Սկսենք տարեգրությամբ վերջին իրադարձություններից՝ 15-րդ դարից. ո՞վ էր Քրիստափոր Կոլոմբոսի հայ ուղևորը և ի՞նչ էր անում Կոլոմբոսի նավում․ պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանն է պատմում. «Մեր պատմության ամենահետաքրքիր էջերից մեկն է, խոսքը Մարտիրոս Երզնկացու մասին է, որը եղել է Կոլոմբոսի նավի վրա և իր ուղեգրությունների մասին հիշատակարան է թողել։ Նույնիսկ կարող ենք ասել, որ այն պահպանված հայ ուղեգրություններից առաջինն է։

Սմբատ Հովհաննիսյան

Իր ուղեգրության մեջ նա մանրամասն նկարագրում է այս դեպքերը։ Երբ Երուսաղեմից պետք է գնար Իսպանիա՝ ս. Հակոբի գերեզմանին այցելության, (գիտենք, որ զոհվելուց հետո Հակոբ առաքյալի մարմնի մի մասը մնացել է Երուսաղեմում, իսկ մյուս մասը՝ Իսպանիայում, հետևաբար, որպեսզի ուխտն ամբողջանար, պետք է երկու վայրն էլ այցի գնար) 1489-ի հոկտեմբերին դուրս է գալիս ճանապարհորդության և տարիների ընթացքում ճանապարհորդելով, 1493-ի սեպտեմբերին հայտնվում է Կադիս քաղաքում: Այստեղ նա հանդիպում է Կոլոմբոսին՝ չիմանալով, թե ով է նա: Իր «Ուղեգրության» մեջ նա նշում է, որ 67 կամ 68 օրվա ընթացքում նա շրջագայեց ամբողջ աշխարհը»:

Այժմ առաջարկում եմ գնալ ավելի վաղ անցյալ, մեր թվագրությունից առաջ 4-րդ դար։ Արդյո՞ք առասպելական արգոնավորդ Արմենոս Թեսալացին՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից, որևէ կապ ունի մեր էթնոսի հետ։

Սովետական հանրագիտարանում կարդում ենք, «Ըստ առասպելի, Արգոնավի ուղեկիցները վերաբնակվել են Ակիլիսենե (Եկեղիք) և Սիսպիրիտես գավառներում՝ մինչև Կալաքենե և Ադիաբենե, որից էլ ծագել է Արմենիա երկրի անվանումը։

Ստրաբոնի բերած այս առասպելը հորինվել է մ. թ. ա. IV դ. վերջում, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ժամանակ և ըստ որոշ ուսումնասիրողների, զուրկ է պատմական հիմքից։ Հունա-մակեդոնական նվաճողները նման առասպելներ են հորինել նաև պարսիկների, մարերի և արևելյան այլ ժողովուրդների մասին»։

Լեգենդի և իրականության սահմաններն իր ուսումնասիրություններով հստակեցնում է պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանը՝ «Ծովահայերի» եթերում։

Back to top button