ԿարևորՀասարակություն

Որպեսզի բանակը մարտունակ լինի, նախ թիկունքում ՀՀ քաղաքացին պետք է պատրաստ լինի․ փորձագետ

Այսօր պատերազմելու ձևերը փոխվել են, և խրամատային մտածելակերպը ավելի վնաս կտա բանակին, քան կօգնի՝համոզված է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ պետք է մտածել ազգային գաղափարախոսությամբ բանակ ստեղծելու մասին ու արագ գործել։ Թիվ մեկ խնդիրը 44-օրյա պատերազմից հետո պարտվածի հոգեբանական բարդույթի հաղթահարումն է՝ համոզված են «Ռադիոլուր»-ի զրուցակիցները։ 

Հաղթանակ, պարտություն, վերելքներ, վայրէջքներ, ուրախություն, թախիծ, հավատ ու էլի հավատ։

Հայոց բանակը 31 տարվա երիտասարդ ընթացքի մեջ ապրեց մարդկային կյանքին բնորոշ բոլոր փորձությունները։

Բանակը կարիք ունի ազգայնացման, ազգային գաղափարախոսության՝ ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը․

«Երբ ասում ենք՝ ազգային գաղափարախոսությամբ բանակ, պետք է առաջին հերթին հասկանանք մեր մենթալիտետին հատուկ բանակ, որտեղ կուսուցանվի ու կուսումնասիրվի ոչ միայն աշխարհի փորձը, ժամանակակից բանակի փորձը, այլև երբեմնի եղած հայկական բանակների փորձն ու մարտավարությունը։ Հենց դրա հիմքի վրա մենք պետք  է կարողանանք ստեղծել ազգային բանակ, ազգային մոդելով։ Մենք երբեք չպետք է գնանք այն ճանապարհով, որ մի քիչ ռուսական բանակ, մի քիչ Ֆրանսիական, մի քիչ ՆԱՏՕ և այլն ու ստանանք անհասկանալի ինչ-որ մի բան։ Պետք է ունենանք ազգային բանակ՝ ազգային գաղափարախոսության հենքի վրա», — նշում է Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ ճիշտ կլինի Հայաստանում զինվորական դինաստիաներ լինեն, զինվորական գործը ընտանիքում շարունակողներ, այդպես ավելի արդյունավետ կլինի։

Քաղաքագետ Արա Պողոսյանը 44-օրյա պատերազմից հետո Հայոց բանակի առջև ծառացած ամենալուրջ խնդիրը պարտվածի հոգեբանական բարդույթն է համարում։ Եթե անգամ լավագույն սպառազինությունն ունենանք, այդ բարդույթը խանգարելու է՝ համոզված է քաղաքագետը։

«Մենք կարիք ունենք բանակային ամբողջ համակարգի արմատական վերափոխման։ Այն, ինչ այսօր խոսվում է՝ անցում պրոֆեսիոնալ բանակի և այլն,  այս բոլոր հայեցակարգերը ոչ միայն չեն կարող բանակը առողջացման տանել, այլև եղած ռեսուրսը տանելու են խորը անդունդ։ Որպեսզի բանակում տեղի ունենան ռեֆորմներ, պետք է նախ հասկանալ, թե դրանք ինչի են հանգեցնելու մեկ, երկու կամ վեց տարի հետո»,– ասում է Արա Պողոսյանը։

Խրամատային տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում վիճակը ավելի վատ կլինի, խաղաղության մասին խոսելով՝ոչ թե հզորացնում ենք բանակը այլ թուլացնում՝ ասում է քաղաքագետը։

Կամավորականությունը ևս շատ արդյունավետ չի կարող լինել՝ նրա կարծիքով։ Արա Պողոսյանի համոզմամբ՝ որպեսզի բանակը մարտունակ լինի, նախ պետք է թիկունքում  ՀՀ քաղաքացին պատրաստ լինի։

Back to top button