ԿարևորՀասարակություն

Նանոմիջատներից մինչև գրաֆեն ինչպե՞ս պայքարել նոր պատերազմներում

Նոր պատերազմները՝ նոր տեխնոլոգիաներով․ Հայաստանի գիտական միտքը դրան պատրաստ է, սակայն կիրառական առումով խնդիրներն ակնհայտ են։ Մասնագետները փաստում են՝ վեցերորդ սերնդի պատերազմները նանոտեխնոլոգիաների դարաշրջանն են  ազդարարում։ Այստեղ արդեն անգամ ԱԹՍ–ներ չեն լինելու, այլ աշխատելու են նանոմիջատները՝ համակարգիչների օգնությամբ։ Իսկ մինչ այդ ԱԹՍ–ներով կառավարվող պատերազմներում արդեն ժամանակակից նյութերն են պայքարի դուրս գալու։ Նոր նյութը, որը գրավել է ռազմագիտական աշխարհի ուշադրությունը, գրաֆենն է։ Հայաստանում այն արդեն ուսումնասիրում են։  

Նոր պատերազմները կլինեն նոր տեխնոլոգիաներով․ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասում է, որ այս մասին դեռ 2020 թվականի 44–օրյա պատերազմից առաջ էր զգուշացնում պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Նա հիմա էլ է պնդում, որ ժամանակակից աշխարհում կռվի այլ մեթոդներ են գործում․ «Նոր պատերազմները տեխնոլոգիական են լինելու։ Պետք է պատրաստ  լինել, խնդիրներ են լինելու, որոնց լուծմանը պետք է պատրաստվել։ Իրենք արհամարհանքով էին մոտենում»։

Մասնագետները փաստում են՝ վեցերորդ սերնդի պատերազմները նանոտեխնոլոգիաների դարաշրջանն են  ազդարարում։ Այստեղ արդեն անգամ ԱԹՍ–ներ չեն լինելու, այլ աշխատելու են նանոմիջատները՝ համակարգիչների օգնությամբ։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ բակալավրական կրթական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյան․ «Նանոտեխնոլոգիաները կիրառվում են ռազմարդյունաբերության մեջ։ Կան նախագծեր, որոնք, իրոք, կարող են այդպիսի զենքերը դարձնել անխոցելի։ Խոսքս նանոմիջատների մասին է, որոնք կարող են պայթուցիկներ տեղափոխել, իրականացնել ռազմական գործողություններ։ Նանոմիջատների դեմ պայքարը ժամանակակից պատկերացմամբ, անհնար է  դառնում»։

Նանոտեխնոլոգիաներ. դա գերփոքր մասնիկներով աշխարհը գրաված գիտության և տեխնոլոգիայի անվանումն է։ Մասնագետները վստահ են՝ նանոտեխնոլոգիական նոր ձեռքբերումները ռազմարդյունաբերության ոլորտում հետ են թողնելու ԱԹՍ-ներին։ Շատ արագ անցնելու են անօդաչու թռչող սարքերի ժամանակները։ Վեցերորդ սերնդի պատերազմներում հաղթելու են նորագույն նանոտեխնոլոգիական մշակումներով ստեղծվող հարձակողական զինատեսակները և պաշտպանական միջոցները։ Այս ոլորտում աշխարհում արվող ահռելի ներդրումների շնորհիվ, որոնք ոլորտի բուռն զարգացում են ապահովում, այսօր նույնիսկ գիտնականների համար է դժվար կանխատեսումներ անելը։

Պրոֆեսոր Արշակ Վարդանյան․ «Նանոտեխնոլոգիաները էական նշանակություն ունեն պաշտպանության ոլորտում, պետական անվտանգության կարևորագույն խնդրներ են ուծում։ Ռազմարդյունաբերությունում լայն կիրառությւոն ունեն՝ սկսած ամենատարբեր զենքերից, որոնք ավելի պաշտպանված են խոցման առումով, մինչև զինվորի հանդերձանքը։ Ժամնակակից զինվորի հանդերձանքը հագեցած է նանոտեխնոլոգիական նվաճումներով»։

Հայտնի է 1995 թվականին Միացյալ Նահանգների ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի զեկույցը՝ ուղղված ԱՄՆ պաշտպանության նախարար Փերիին, որում ասվում էր, որ ժամանակակից նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը: Ոչ թե հետ նայել, պատրաստվելով անցյալի պատերազմներին, այլ նախապատրաստվել ապագայի պատերազմներին։ Իսկ այստեղ առաջնայինը ոչ թե մարդն է, այլ գիտական միտքը, ասում է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի դասախոս, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի նանոկառուցվածքների ու նանոնյութերի հետազոտության գիտական լաբորատորիայի ղեկավար Նարեկ Մարգարյանը․

«Պետք  չէ, որ մենք պատրաստվենք անցած պատերազմներին։ Մենք մեր աչքի առաջ պետք է եկող պատերազմներն ունենանք։ Այստեղ նոր տեխնոլոգիաներ ու նոր լուծումներ են պահանջվելու։ Պետք  է կարողանանք դրանք ինդենտիֆիկացնել, մարտահրավերներին համապատասխան լուծումներ առաջարկել։ Բավականին լուծումներ կան նյութագիտության, տեխնոլոգիականի մեջ։ Բայց հինգերորդ կամ վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներ ունենալու համար պետք է դեռ ճանապարհ անցնենք»։ 

Իսկ այս դեպքում արդեն ժամանակակից նյութերն  են գալիս նանոմիջատների դեմ պայքարելու։  Նոր նյութը, որը գրավել է գիտական աշխարհի ուշադրությունը, գրաֆենն է։ Ածխածնի ատոմների շերտից առաջացած վեցանկյուն բյուրեղացանցը՝ գրաֆենը, ունի յուրահատուկ հատկություններ՝ բարձր հաղորդականություն, ջերմահաղորդականություն, և ամրություն: Այն մոտավորապես 200 անգամ ավելի ամուր է, քան պողպատը:

Էդուարդ Ալեքսանյանն ուսումնասիրել է գրաֆենի հատկությունները․ «Այս նյութերը շատ լավ անդրադարձիչ են։ Վերջին պատերազմները ցույց տվեցին, որ այժմ ԱԹՍ–ները մեծ դերակատարում ունեն, որոնք զգում են հենց օբյեկտների ինֆրակարմիր ճառագայթումը։ Եթե մենք կարողանանք այս նյութերի միջոցով քողարկել ռազմական օբյեկտները, դրանով կլուծենք մի շատ կարևոր հարց՝ կքողարկենք մեր ռազմական օբյեկտները»։

Նախկին պատերազմներում առանցքային էր մարդու դերը։ Ռազմական օբյեկտները մարդկանցից էին թաքցնում։ Դրա համար բավարար էր կանաչ կամ հողագույն քողացանցը։ Բայց նոր պատերազմները, որտեղ արդեն  ԱԹՍ–ներն են վերահսկում ու կառավարում, ամեն բան այլ տիրույթում են տեսնում։ Առանցքայինն օբյեկտների ինֆրակարմիր ճառագայթումն է, իսկ ճառագայթում է ռազմական ամբողջ տեխնիկան։ Դրանց ապահովագրելու համար պետք է քողարկել ջերմային ճառագայթումը։ Իսկ դրա համար պետք  է ունենալ այնպիսի նյութ, որը կկլանի կամ կանդրադարձնի ճառագայթումը։ Գրաֆենը ունի այդ հատկությունը։ Նյութի հատկություններին ծանոթանալու համար Աիպանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում օպտիկական չափումներ են կատարվում։ Գիտնականներն ասում են, որ հետազոտություններ կան, բայց դրանք կիրառության մեջ դնելն առայժմ բացակայում է։ Իսկ թշնամին չի սպասում։

Back to top button