ԿարևորՀասարակություն

Խաղաղության ու հույսի պատկերներ․Արցախում չի ընդհատվել մշակութային կյանքը

Շրջափակված Արցախում մշակութային կյանքը չի ընդհատվել։ «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որ դեռ պատերազմի օրերին նախատեսվում էր անցկացնել Շուշիում, շրջափակված Ստեփանակերտում է ընթանում։ Ցուցադրվում է 23 հեղինակի 120 աշխատանք։ Աշխարհագրությունը մեծ է՝ Հայաստան, Արցախ, Չեխիա, Ռուսաստան, Սլովենիա, Իտալիա և Իսրայել։

Լուսանկարչական շրջիկ ցուցահանդեսը հասել է շրջափակված Ստեփանակերտ։ Մինչ այդ լուսանկարները ցուցադրվել են Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում։ Ցուցահանդեսը դեռևս 44–օրյա պատերազմի ժամանակ էր նախատեսվում անցկացնել։ Սակայն պատերազմի օրերին առողջական խնդիրների պատճառով ցուցահանդեսի կազմակերպիչ լուսանկարիչ Արմեն Ենգոյանը չի կարողացել Արցախ մեկնել։ Կապվել է «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության տնօրենի հետ և հայտնել միջազգային մակարդակի ցուցահանդես կազմակերպելու մտադրության մասին։ Ի վերջո, համաձայնության են եկել, սակայն մինչ ընտրում էին ցուցադրվելիք լուսանկարները, Շուշին արդեն օկուպացված էր։ Ցուցահանդեսը Ստեփանակերտ տեղափոխելու առաջարկին ընթացք չի տրվում, այն պատճառաբանությամբ, որ խնդիրները շատ են, մարդիկ՝ ընկճված։  

«Երկար ժամանակ չէին սկսում, դիմել էի նախարարությանը։ Դրա մասին իմանում է քանդակագործ Արմեն  Պետրոսյանը, որը կազմակերպում է ցուցահանդեսը։ Այսինքն՝ դարձավ ցուցահանդեսի համադրողը։ Առաջարկեց , որ ոչ թե Ստեփանակերտից սկսենք, այլ օրինակ՝ Մարտակերտից», — պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչ, համադրող Արմեն Ենգոյանը։

Հեղինակների և տարբեր բարերարների օգնությամբ տպված լուսանկարները տեղափոխում են Արցախ, բացումն անում են Մարտակերտում։ Սկզբում 79 աշխատանք էր, սակայն տեղում միանում են նաև արցախցի լուսանկարիչներ։ Ցուցադրություն է կազմակերպվում նաև Մաղավուզ ու Բերդաշեն գյուղերում։ Ստեփանակերտի ցուցահանդեսը կարելի է ասել՝ կրկնակի բնույթ ունի։ Արմեն Ենգոյանը մանրամասնում է, թե ինչ է նշանակում դա․

«Օրերս զանգահարեցի ընկերներիս, որ հարցնեմ որպիսությունը։ Պարզվեց՝ ցուցահանդեսը հասել է Ստեփանակերտ։ Պատկերասրահի մի հարկում կներկայացվեն լուսանկարչական աշխատանքները, մյուսում՝ Մաղավուզի ու Բերդաշենի դպրոցականների գեղանկարները»։ 

Արտերկրից արձագանքել են լուսանկարիչներ Յարոսլավ Կուչերան, Մարինա Բուրենկովան, Կոնստանտին Կրեժդենկոն, Միխայիլ Լևիտը, Պատրիկ Մինարը, Վսեվոլոդ Տոբոտրասը և ուրիշներ։ Նրանցից ոմանք եղել ն Հայաստանում, մյուսները՝ ոչ։ Օտաերկարցիներին Հայաստանում գրավել է Մատենադարանը, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հին գերեզմանաքարը, Գեղարդի վանքը կամ եկեղեցում պսակվող զույգը և այլն։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև լուսանկարներ այն տարածքներից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Մասնավորապես՝ Կատարո վանքից, Շուշիից, Տումի գյուղից։

«Վերջնական Ստեփանակերտում ստացվեց 120 նկար, այստեղից մոտ 80 լուսանկար էինք ուղարկել։ Երբ կոչը տրվեց,  մարդիկ արձագանքեցին, լուսանկարներ ուղարկեցին , բայց  հնարավոր չէր բոլոր լուսանկարներն ընդգրկել։ Համապատասխան թեմա  և որակ պետք է լիներ, հիմնական թեման ընտրեցինք խաղաղությունը։ Շատ քիչ քանակի լուսանկաներ կան պատերազմից։ Հիմանականում խաղաղ ժամանակվա նկարներն են, որի համար էլ մարդիկ պայքարում են, որ գա այդ խաղաղ կյանքը»,- ասում է Արմեն Ենգոյանը։

Այդուհանդերձ, պատերազմական դրվագներ ցուցահանդեսում ներկայացված են։ Մասնավորապես՝ Սիփան Գյուլումյանի լուսանկարները, որոնցից մեկը պատկերում է հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանին, իսկ  Հարություն Խաչատրյանի լուսանկարում բանակ ճանապահվող զինվորականն է․

«Մարդիկ, որոնք եղել էին Հայաստանում և Ղարաբաղում, այստեղ արված լուսանկարներ ուղարկեցին, ժամանակի առումով չէինք սահմանափակել։ Նրանք, ովքեր չեն եղել, ուղարկել էին իրենց հայրենիքի լուսանկարները։ Օրինակ՝ Միխայել Լևիտը, որը երբևիցե չէր եղել, Երուսաղեմի նկարներ է ուղարկել , որոնիցից մեկում Երուսաղեմի հայկական եկեղեցու քահանան է»։

Ցուցահանդեսի համակարգող Արմեն Ենգոյանն ասում է, որ իրենց առաջնային նպատակն է եղել այն, որ Արցախի մեր հայրենակիցներն իմանան, որ ողջ աշխարհում հայ ժողովրդի խնդիրներին տեղյակ և աջակցող ստեղծագործողներ կան։

Back to top button