Ժամանակի վկան

Արցախի ձեռագրական ժառանգությունը․ Թամարա Մինասյան․ «Ժամանակի վկան»

Հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոն Արցախի գրչատներում տարբեր ժամանակաշրջաններում գրվել, պատկերազարդվել, կազմվել, նորոգվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնց մի փոքր մասն է պահպանվել։ Արցախյան նկարազարդված ձեռագրերը յուրահատուկ գեղեցկություն ունեն, իսկ ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի բարձր մակարդակի մասին:

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանի հետ երկու հաղորդումով ներկայացնում ենք Արցախի ձեռագրական ժառանգությունը։

Բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանի գիտական հետաքրքրության  թեմաների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախի գրչության կենտրոններին և ձեռագրական ժառանգությանը նվիրված ուսումնասիրությունները։

Դրանցից մեկը՝ «Արցախի գրչության կենտրոնները» աշխատությունը, որը լույս է տեսել 2015 թվականին նվիրված է Արցախի, ինչպես նաև հարակից շրջանների միջնադարյան գրչության կենտրոններին, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ընդգրկված են եղել Արցախի պատմաաշխարհագրական և վարչաքաղաքական տարածքում:

7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում հաղորդում է Արցախ աշխարհի մասին առաջին գրավոր տեղեկությունները: Կաղանկատվացու հաղորդած տեղեկություններն Աղվանից աշխարհի վաղ շրջանի գրի, գրականության, մշակույթի մասին կարևոր սկզբնաղբյուրի նշանակություն ունեն, մանավանդ, որ այդ շրջանից մեզ ոչ մի ձեռագիր մատյան չի հասել, որտեղ պահպանված լինեն նաև վկայություններ վաղագույն շրջանում գործած գրչության կենտրոնների վերաբերյալ:

Արցախի ձեռագիր մատյանների հիշատակարանները պատմական անգնահատելի եզակի սկզբնաղբյուրներ են, որոնք ուշագրավ տեղեկություններ են հաղորդում Արցախի պատմության ու հոգևոր կյանքի վերաբերյալ։ Գրչության կենտրոնների բազմաքանակությունը նույնպես վկայում է գրի ու գրականության զարգացման բարձր աստիճանի մասին։ Գրչատները գործել են խոշոր վանքերին կից և տարբեր բնակավայրերում։

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» նույնպես գրվել է Արցախում՝ 12-րդ դարում, ավելին՝ այն մեզ հասած արցախյան ձեռագիր մատյանների մեջ ամենավաղ թվագրություն ունի։

Միջնադարյան Արցախում զարգանում էր ճարտարապետությունը, կառուցվում էին բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ։ Եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում էին գրչության արվեստը, մատենագրությունը, կատարվում էին ձեռագրերի բարձրակարգ ընդօրինակումներ։ Միաժամանակ զարգանում էին մշակույթի այլ բնագավառները նույնպես, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին թվարկվածներին, օրինակ՝ քանդակագործությունը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, խաչքարային և դեկորատիվ կիրառական արվեստները։

Արցախյան ձեռագիր պատկերազարդ մատյանները հարուստ տեղեկություններ են պարունակում նաև տարածաշրջանում միջնադարյան կյանքի ու կենցաղի, հասարակական տարբեր շերտերի հարաբերությունների, նրանց վարք ու բարքի, սոցիալ-տնտեսական վիճակի մասին։

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծառանք կամ Մեծիրանք գավառը , որը տարածվում էր Խաչենագետի վերին ավազանում, Կարկառ գետից մինչև Թարթառ, Քիրսի լեռնաշղթայից մինչև Մարտակերտի հարթավայրերը, Ներքին Խաչենն էր։ Արցախ աշխարհը վաղ միջնադարում հաճախ կոչվել է Խաչեն անունով: 10-րդ դարի բյուզանդական կայսր և պատմիչ Կոստանդին Ծիրանածինի վկայությամբ բյուզանդական արքունիքը նամակագրություն ուներ Խաչենի իշխանության հետ՝ որպես Հայաստանի վարչական միավորի:

Աղբյուրներում գավառը հայտնի է նաև Մեծ Առանք, Մեծ Արանք, Արանք Մեծ, Մեծիրան, Մեծերանք, Մեսրան, Մեծարանիք անուններով: Օրինակ՝ Մովսես Կաղանկատվացին բազմիցս հիշատակում Մեծիրանքը որպես գավառ, սահման, վիճակ, եպիսկոպոսություն: Իսկ Ներքին Խաչենի իշխաններն իրենց տիրապետությունը նշում էին Խոխանաբերդի անունով․ «տեր Խոխանաբերդոյ», այսինքն՝ Ներքին Խաչենի իշխան: Ներքին Խաչենի հոգևոր կենտրոնը Գանձասարն էր, որը նաև Արցախի գրչության կենտրոններից ամենանշանավորն էր։

Արցախի ձեռագիր մատյանները տեղեկություններ են պարունակում նաև միջնադարյան մատենադարանների և թանգարանների մասին։

Միջնադարյան գրչակենտրոններից մեկը՝ Խադավանքը, նշանավոր էր քահանայական դպրոցով, գրչատնով ու ձեռագրատուն-մատենադարանով։ Խադավանքը Ծարի իշխանության հոգևոր մշակութային կենտրոնն էր: Խադավանքի հիմնադիրն էր Հովհաննես Խաչենցին, որի եղբայրը՝ Հասանը, Ծարի իշխանն էր և Դոփի ամուսինը:

Ամուսնու մահից հետո իշխանությունը վարում է Դոփը, որի անունով էլ իշխանական տունը կոչվում է Դոփյան։ Դոփը, ըստ մատանագիտական վկայությունների, մշտապես վայելել է  Զաքարյան եղբայրների օժանդակությունը: Դոփի գործունեության շնորհիվ հզորացավ Ծարի իշխանությունը, բարեկարգվեցին և ծաղկեցին հոգևոր կենտրոնները, այդ թվում՝ Խադավանքը։ Ըստ պահպանված արձանագրության՝ իշխանուհին 1225 թվականին կառուցել է եկեղեցու գավիթը, մի փոքրիկ մատուռ, վանքին նվիրել է ընծաներ։

Դոփի որդին՝ Վերին Խաչենի Գրիգոր Դոփյան իշխանը և նրա կինը՝ Սյունյաց Տարսայիճ իշխանի դուստր Ասփան, պատրաստել են Սբ. Աստվածածին եկեղեցու բեմի սեղանը, կատարել նորոգչական բազում աշխատանքներ և վանքին են նվիրել մագաղաթյա Թարգմանչաց Ավետարանը։

Back to top button