ԿարևորՔաղաքական

Մահացել է «Հոկտեմբերի» 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը

1999թ-ի  հոկտեմբերի 27-ի  արյունալի իրադարձություններից 18 տարի անց, այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ևս մեկ անձ՝ Էդուարդ Գրիգորյանը, ով  խոստացել էր  հանդես գալ բացահայտումներով: Դատավարությունը տեւեց 3 տարի՝ 2001-2003 թվականները:

6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, Էդիկ Գրիգորյանը նրանցից մեկն էր:

Հասարակության  հիշողության, ընկալումների ու  սպասելիքների մասին է «Ռադիոլուրի» անդրադարձը:

Էլեկտրահարում, ինքնասպանություն, ավտովաթար. սրանք ոչ բոլոր պատճառներն են, ինչի հետեւանքով կյանքից հեռանում են «հոկտեմբերի 27»-ի գործին առնչություն ունեցող անձինք: Այս գիշեր մահացել է գործով ցմահ 5 դատապարտվածներից մեկը:

Մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորյանը դահլիճ մտած զինված ոճրագործներից մեկն էր:  Գիշերը բողոքել է սրտի շրջանում սուր ցավերից, կանչվել է «Շտապ օգնություն», որը նրան տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ Գրիգորյանը մահացել է:

Վերջերս նա հայտարարել էր, որ հանդես է գալու բացահայտումներով:

Մոտ երեք տարի տեւած «27»-ի դատավարությունը այդպես էլ վստահություն չներշնչեց հասարակությանը, իրենց հուզող հարցերին շատերն այդպես էլ պատասխան չստացան:

Իսկ դատավարությունն այնքան ձգձգվեց, որ «27»-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում` ԵԽ պահանջով, մահապատիժն արդեն վերացված էր:

Քաղաքացիների մեծ մասն առ այսօր, ինչպես ցույց են տալիս հարցումները, կասկածում է, որ հինգ զինված անձինք միայնակ կարող էին իրականացնել այդպիսի ոճրագործություն:

Հասարակությունը դեռեւս ցավագին է ընդունում այս գործի հետ կապված ցանկացած իրադարձություն եւ կասկածով է վերաբերվում նաեւ գործին առնչություն ունեցած ցանկացած անձի մահին: ԱԺ դահլիճ մուտք գործած եւ ոճիրն անմիջական իրականացնող զինված խմբից առաջինը մահացավ Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին՝ ցմահ դատապարտված Վռամ Գալստյանը: 2004-ին իր բանտախցում կախվելու միջոցով ինքնասպան եղավ: Իսկ ընդհանրապես առ այսօր «27»-ի գործով կասկածյալներից, վկաներից եւ դատապարտյալներից՝ ներառյալ նաեւ երեկվա դեպքը, մահացել է 9 անձ:

Մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել հենց ողբերգության հաջորդ տարին՝ 2000 թվականին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում էլեկտրահարումից մահացավ գործում որպես կասկածյալ ներգրավված՝ Նորայր Եղիազարյանը: Մասնագիտությամբ էլեկտրիկը մահացավ 220 վոլտ հոսանքից:

Նույն տարվա դեկտեմբերին ավտովթարի արդյունքում մահացավ Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ Մովսես Գեղանգուլյանը: 2002 թվականին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը: Նույն տարում, Միացյալ Նահանգներում մահացավ գործով վկա ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։ 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը:

«27»-ի գործով նա նույնպես վկաների ցուցակում էր: 2010-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անկողնու մեջ հայտնաբերվեց 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին։ 2014 թվականին Միացյալ Նահանգներում մահացավ քրեական գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը:

Այս մարդկանց աչքի առաջ էր տեղի ունեցել Հայաստանի նորագույն պատմության սեւ էջերից մեկը: Շատ ժամանակ չի անցել, ընդամենը 18 տարի: Բայց այսօրվա երիտասարդ սերունդն արդեն խեղված պատկերացում եւ գիտելիքներ ունի այս իրադարձությունից:

Վերջին տարիներին այս գործի հանդեպ հասարակության ընկալումներում որոշակի փոփոխությունների մասին Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդաշարում խոսել են հաղորդաշարի հեղինակ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը եւ Հանրային ռադիոյի «Անկախության պատմություն» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Միքայել Յալանուզյանը:

Նույն հաղորդաշարի շրջանակներում հոկտեմբերի 27- ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին Անահիտ Բախշյանն փոխանցեց իր հիմնավորումները, թե ինչու է այսօր ոճրագործության հանդեպ նվազել հասարակական ուշադրությունը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ շենք մուտք գործած 5 զինված անձանցից այսօր ողջ են երեքը։

Back to top button