ԿարևորՄշակույթ

Ստեղծագործության մեջ երբեմն որոշողը հանկարծն է․ Մանսուրյանը 84 տարեկան է

Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 84-ամյակը: Մաեստրոն ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: ՀՀ ժողովրդական արտիստի ստեղծագործությունը 20-րդ դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրում է:

Կուպեում զրուցող մեծերն ու երկրորդ «հարկի» երիտասարդը

Երևան-Մոսկվա  գնացքի  կուպեներից մեկում զրուցում էին ժամանակի հեղինակությունները՝ Բաբաջանյանը, Միրզոյանը, Սարյանն ու Բաղդասարյանը։ Նույն կուպեի երկրորդ «հարկից» մեծերի զրույցին հետևում էր Տիգրան անունով մի երիտասարդ։ Կոմպոզիտորներից մեկը հարցնում է էդուարդ Բաղդասարյանին․«Քո ուսանողներից ո՞վ է ամենախոստումնալիցը»։ Լռության մեջ անսպասելիորեն կոմպոզիտորի՝ դեպի վեր պարզված բութ մատը հայտնվում է ուսանողի կիսաբաց աչքերի առաջ։ Թեև Տիգրան Մանսուրյանին տրված գնահատականը վաղուց է քննություն բռնել, այսօր մաեստրոն որևէ ստեղծագործության հեղինակ լինելը պայմանական բան է համարում։

«Երբ գործն ուզեց քո միջոցով գոյանալ, քեզ  դրանից շատ ավելի վաղ պատրաստել էր այդ գործին, այնքան օրգանական, այնքան հետևողական, և դու էլ մի օր արեցիր այդ գործը։ Այստեղ տերն ո՞վ է դու քո անուն ազգանունով, թե այն, որ նախապատրաստել էր   քեզ և այդ գործը իրար հանդիպելուն»:

Համընդհանուր «վիրավորող» գնահատանքը

Դեռ երիտասարդ տարիքից երաժշտական տարբեր հավատամք ունեցող բոլոր երաժիշտներն անխտիր ու անխնա գովում էին Մանսուրյանին։ Այս համընդհանուր գնահատանքը մաեստրոյին ավելի շատ վիրավորում էր։ Ըմբոստացավ և սկսեց փնտրել երաժշտություն գրելու առավել լուրջ դիմադրության ճանապարհ։ Այդպես մտերմացավ «հակասովետական» երաժշտություն գրող երիտասարդ կոմպոզիտորների հետ։ Բացատրում է՝ ինչը կարող է ցնցել երաժշտության մեջ։

«Ամբողջ ճապոնական ծաղկեփունջ կազմելու արվեստը եղած -չեղածը ճյուղը կտրելն է, ինչ ձևով կտրես այդ ճյուղը, ըստ այդմ կլինի այս կամ այն տեսակի, այս կամ այն տրամադրության ծաղկեփունջը: Եղածն այս կտրելն է միայն, այնքան հետաքրքիր խորհուրդ է, ճիշտ նույն բանը տեղի է ունենում ամենուրեք, երբ գործ ունենք ռիթմի հետ։ Օրինակ՝ սրա ամենադրամատիկ արտահայտությունը, երբ դու տեսնում ես մեկին, որի մի թևը բաճկոնի մեջ է, մյուսը՝ չկա, դատարկ է, այս դատարկությանը դու շատ ավելի ուշադիր ես, ցնցող է այս դատարկությունը։ Բայց  այնպես, որ նախօրոք իմանանք, որ այնտեղ թև պետք է լիներ, որ հիմա չկա,  ճիշտ այդպես տաղաչափության մեջ է,  պետք է լիներ և հիմա չկա, անմիջապես հանում է մեզ մեր սովորական հունից»։

Քրքրելով գրքերն ու ինքն իրեն

Նախքան երաժշտությամբ տարվելը Մանսուրյանը գերվել էր բառերի աշխարհով։ Պատմում է երաժշտական բառարանի մասին, որի հինգերորդ օրինակը վերջին տարիներին էր ձեռք բերել։  Գրքի առաջին օրինակըգրպանը դնել-հանելուց կատարելապես մաշվել էր, այլևս հնարավոր չէր այն ձեռքի մեջ պահել։ Ստիպված նույն գրքի երկրորդ օրինակը ձեռք բերեց։ Այն ևս նույն ճանապարհն անցավ. Ճարահատյալ ձեռք բերեց երրորդը, ապա՝ չորրորդը ։ Հինգերորդ օրինակից հետո միայն իմացավ, որ հեղինակը մեծ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանն է` երջանկահիշատակ պրոֆեսորը, որի ուսանողը պիտի մի օր լիներ։ Դասականների բոլոր պարտիտուրները, բոլոր գրքերը քրքրելով ու դրանց հետ ինքն իրեն քրքրելով է հասել այս օրվան՝ ասում է։

«Ես երկրորդ դասարանից սկսեցի բանաստեղծություններ գրել, բառերի այդ  հարաբերությունը, այդ տաղաչափությունը, քառյակներ կառուցելն  ինձ շատ հետաքրքիր էր։  Ես բավական ժամանակ դրանով զբաղվեցի, բայց հենց երաժշտության հետ կապը եղավ, հասկացա, որ այնտեղ չէ իմ անելիքը, այլ երաժշտությունն է»։

Գտնելով կադրի բանալին

Մանսուրյանի անունն անբաժանելի է սովետահայ կինոերաժշտությունից։ Ֆիլմերի համար երաժշտություն գրելն ավելի հեշտ է։ Բայց խնդիրն այստեղ ոչ թե երաժշտությունն է, այլ այն, թե ինչ լուծում է պահանջում կադրը։ Երբ աշխատում էր Հենրիկ Մալյանի հետ, որը Մանսուրյանի հայեցողությանն էր թողնում երաժշտությունը, հաճախ Հրանտ Մաթևոսյանին ասում էր՝ ուսերին իջած ծանրությամբ է գրում։ Ասում է՝ Մաթևոսյանը գիտեր ուսերի լարվածությունն ինչ է։ Այլ  էր համագործակցությունը պարադոքսալ ու տարօրինակ Փարաջանովի հետ։ Նրա դրած խնդիրները երբեմն անլուծելի էին։

«Ինքը շատ հետաքրքիր աշխարհ է ստեղծել, անշուշտ , բայց նաև որոշ լուծումներ, որ գրի է առել սցենարի մեջ, դրանք հրաշալի էին, բայց այնպես են խմբագրվել, որ դրանցից հետք չի մնացել, որովհետև, օրինակ, երբ Սայաթ-Նովան քամաչան լարում էր, ուզում էր, որ լարը կտրվի և դա ներքին լարվածության արտահայտություն լինի։ Ոչ մի լար կտրելուց ներքին արտահայտության տրամադրություն չէր գոյանում։ Լար էր կտրվում, եթե դա մեծ դարձնես ծիծաղելի է, այդ չափերի մեջ ոչինչ է։ Ձայնը ֆիզիկական, գեղարվեստական մարմին դառնալուց պետք է բնականորեն գա, դառնա զգացողություն»։

Լինել  հանկարծ և չլինել դետեկտիվ

Գրականությունն ու երաժշտությունը կարող են թանձրացնել ժամանակը։ Արվեստի մեջ լինելու պահանջով մարդը մտնում է այն առեղծվածների շրջանակ, որ գիտությունը մի օր կարողանում է պարզաբանել։ Երբեմն ստեղծագործության մեջ հիմնական որոշողը հանկարծն է՝ ասում  է մաեստրոն։

«Շատ նուրբ հարց է, թե ինչ կարողություն, ինչ գեղագիտական արժեք ունի այդ հանկարծը, երբեմն հիմնական որոշողն այդ հանկարծն է լինում և ըստ այդմ որոշում է՝ դու ընդամենը դետեկտիվ գործ ես անում, որովհետև դետեկտիվի ամեակարևոր հատվածն այդ հանկարծն է, ուրեմն՝ ինչպե՞ս լինել և հանկարծ, և չլինել դետեկտիվի մեջ։ Այստեղ մենք գործ ունենք մտքի որակի հետ»։

Չսպանել «գազանին» տեխնիկայով

Մանսուրյանի խոսքով՝ իր բոլոր գործերում ներկա է արևելք-արևմուտք երաժշտական ավանդույթների փոխներթափանցումը։ Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային պրեմիերա է․ հնչելու է «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը։ 1967-ին, երբ գրեց «Չորս հայրեն» շարքը, նորագույն երաժշտական տեխնիկան յուրացրած ընկերները քննադատեցին, թե «կոմպրոմիսային երաժշտություն» է գրել։ Մանսուրյանը, խոսելով ժողովրդական երգի մասին, նշում է, որ այդ «գազանին» չպետք է սպանել տեխնիկայով։

«Ժողովրդական երգը կոմպոզիտորից վախենում է այնպես, ինչպես հիմա անտառում ապրող գազանը որսորդից , զենք ու զրահ հագած որսորդից ։ Այ , էս կոմպոզիտորության մասին է խոսքը, որի հետ պետք է ճշտել, թե որտեղ է կոմպոզիտորությունը, այս մեղեդին որտեղ կդիմանա, կուզենա գալ  քեզ հետ այդ վայրի գազանը, զենք ունեցողի հետ ընկերություն կանի՞, թե՞ չի անի , կհավատա՞ քեզ, թե՞ կսպանես իրեն քո տեխնիկայով, քո խելոքություններով»։

«Ռեքվիեմը»` հոգու պարտք

Տասը տարվա աշխատանքից հետո ստեղծվում է «Ռեքվիեմը»։ Այն կոմպոզիտորի հոգու պարտքն էր Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց թվում նաև իր նախնիներն էին։ Ստեղծագործությունը հնչել է Գերմանիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում։

«Ռեքվիեմի մասին․․․ Միֆոլոգիական ապրվող կյանքի մի դրսևորում է, անմեկնելի ծալքերով ծիսակարգ , որ մնացել է մեզ հետ։ Ըստ երևույթին, մեծագույն մարդկային ներդաշնակումներից մեկն է, իսկ մեծագույն ներդաշնակումները, իմ խորին համոզմամբ, երբեք չունեն վերջնական վերլուծության հնարավորություն»։   

Վերջնական վերլուծության հնարավորություն նաև մաեստրոյի գործերը չեն տալիս։ Նրա ստեղծագործությունը շարունակում է անմեկնելի ծալքերով ծիսակարգ մնալ։

Back to top button