ԿարևորՀասարակություն

Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Արմավիրի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգմանը

Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով վերանորոգվելու է Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը, որը դեռ փայտե վառարաններով է տաքացվում և ձմռան ցուրտ ամիսներին չի աշխատում: Ճապոնիայի կառավարության «Մարդկային անվտանգության «Grassroots»» ծրագրի շրջանակում 147 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրվել «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ մանկապարտեզի վերանորոգման համար:

Արմավիրի քաղաքի թիվ 5 մանկապարտեզի պատուհաններից երևում են փայտե վառարանների խողովակները, որոնցից հիմա ծուխ չի բարձրանում, քանի որ ձմռանը նախակրթարանը չի աշխատում: Վառարաններն օգտագործվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին համայնքապետարանի հատկացրած 6 խմ վառելափայտով՝ ասում է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Գրիգորյանը:

«Դեռ փայտի մնացորդներ ունենք, այն լիովին բավարարում է: Սենյակը տաք է լինում, սանհանգույցի դուռն էլ բաց ենք թողնում, որպեսզի  այնտեղ ցուրտ չլինի, և  երեխաները չմրսեն: Սա  մսուրային՝ կրտսեր առաջին խումբն  է»:

Արմավիրի թիվ 5 մանկապարտեզում խմբասենյակներն ու ննջասենյակները ձմռանը չեն առանձնացնում, հատկացված վառելափայտով հնարավոր չէ ջեռուցել ամբողջ շենքը, տաքացվում են միայն 3 սենյակները: Խմբասենյակներն ընդարձակ են,  բայց՝ անմխիթար վիճակում: Խոնավությունից քայքայվել են առաստաղները, պատերը:

«Մեր սանհանգույցները վատ վիճակում են, կոյուղու խողովակները վնասված են, ճաքեր ունեն»:

Երկհարկանի շինության տարբեր հատվածներում պատկերը նույնն է. պատերին մեծ ճաքեր են, մանրահատակները՝ պոկված, տանիքը՝ կիսածածկ, որն էլ շենքի խոնավության մյուս պատճառն է: Խոհանոցում  ևս պայմանները բարվոք չեն:

«Էլեկտրական սալիկներով ենք մենք երեխաների ճաշերը պատրաստում, որից մեկն է աշխատում, մեկն էլ իմ անձնականն է, բերել եմ, որ հասցնենք ճաշերը ժամանակին  եփել»:

Արմավիրի թիվ 5 մսուր-մանկապարտեզը շահագործման է հանձնվել 1971թ.-ին։ Վերջին տարիներին միայն  ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել. մասամբ վերանորոգվել են ջրագծերն ու սանհանգույցները:

Մսուր-մանկապարտեզի երկհարկանի շենքը նախատեսված է 65 երեխայի համար, մանկապարտեզ  է հաճախում 47-ը, որոնցից 6 –ը՝ մսուրային տարիքի: Այս տարի «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ջանքերով լուծվելու է նախակրթական հաստատության հիմնանորոգման խնդիրը:

Ճապոնիայի դեսպանատունը «Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի» շրջանակում  դրամաշնորհային աջակցություն է ցուցաբերել Արմավիրի թիվ 5 մսուր մանկապարտեզին:  Օրերս  ԿԳՄՍ նախարարությունում «Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Առաքելյանն ու Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են դրամաշնորհային պայմանագիր, որի արժեքը ավելի քան 147 հազար ԱՄՆ դոլար է: Նաիրա Առաքելյան.

«Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կվերանորոգվի Արմավիրի թիվ 5 մանկապարտեզի տանիքը, դռներն ու պատուհանները, կանցկացվի ջեռուցման համակարգ, իսկ կոսմետիկ վերանորոգման աշխատանքները կիրականացնի համայնքապետարանը: Այսինքն՝ ծրագիրը եռակողմ է»:

Շենքի հիմնական պատերին առկա ճաքերը սեյսմիկ անկայունության մասին են հուշում, որն էլ ֆինանսական նոր խնդիրներ է առաջ քաշել:  «Արմավիրի զարգացման կենտրոնը» միտված է մանկապարտեզի հիմնանորոգման խնդրի լիարժեք լուծմանն ու   լրացուցիչ միջոցներ է  փորձում գտնել:

«Պետք է լուծվի սեյսմակայունության խնդիրը, և հիմա հասարակական կազմակերպությունը փորձում է ֆինանսական այլընտրանքային միջոցներ գտնել, որպեսզի կարողանանք աջակցել  մանկապարտեզի ամբողջական վերանորոգմանը»:

Հիմնանորոգումից հետո մանկապարտեզ կհաճախի 100-ից ավելի երեխա:

Back to top button