ԿարևորՔաղաքական

Հայաստանը «վեկտոր է փոխում», Մոսկվան Երևանին մանևրելու ակնարկ է անում․ փորձագիտական կարծիքներ

Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին համաձայնությունից հետո տրամագծորեն տարբերվող հայտարարությունների վերլուծությունների պակաս չկա։ Այդուհանդերձ, վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ այդպիսով Եվրոպան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները մեկ աստիճան բարձրացնել։ Նրանց կարծիքով՝ տեղի է ունենում այսպես ասած՝ «ընդունում-հանձնում»։ Դա բացատրում են նրանով, որ Հայաստանը արտաքին քաղաքական կողմնորոշման վեկտոր է փոխում։ Այս պայմաններում հատկապես ուշագրավ է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ Մոսկվան Երևանին հուշում է մանևրելու հնարավորության մասին։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի արտաքին քաղաքական հորիզոնում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քայլ է, ինչը որոշակի զարգացումներ է ենթադրում, կարծում են փորձագետներից ոմանք, վերլուծելով Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման որոշումն ու դրան Ռուսաստանի կոշտ գնահատականը։ Հիշեցնենք՝ Մոսկվան համարում է, որ ԵՄ դիտորդների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում միայն կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել հակասությունները։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հեղինակությունը տարածաշրջանում նվազում է, ազդեցությունը՝ թուլանում, ու դրան զուգահեռ  ուրվագծվում է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու ԵՄ մղումը։

 «Հայտարարության մեջ ՌԴ փորձում է պահել իր շահերը։ Եթե Արևմուտքին հաջողվի ՀՀ համար որոշակի անվտանգային երաշխիքներ ստեղծել, ապա ինքնաբերաբար ՌԴ դուրս կմղվի տարածաշրջանից, մասնավորապես՝ Հայաստանից և իր ազդեցությունը կսահմանափակվի։ Սա գիտակցում են ՌԴ-ում  և կապում այն աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ»,–ասում է քաղաքագետը։

Ըստ նրա՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ զգուշացում հիշեցնող ձևակերպում կա, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների դիտարկումը ԵՄ փորձագետների կողմից հավելյալ արժեք չունի:

Պաշտոնական Մոսկվան համարում է, որ եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Հարավային Կովկասում խաղաղությամբ, ապա առաքելության պայմանները կհամաձայնեցներ նաև Ադրբեջանի հետ: Սա, ըստ Արա Պողոսյանի, դա նշանակում է, որ Բաքվի հետ ԵՄ մանդատը չհամաձայնեցնելը հիմնազուրկ է դարձնում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների դեպքում այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

«Սա տրամաբանական է, որովհետև, եթե Ադրբեջանի համար այս մանդատը չի գործում և ԵՄ դիտորդները սահմանափակվելու են ՀՀ տարածքով, ապա իրենց զեկույցները ձևական են լինելու Հայաստանի և Ադրբեջանի համար։ Այսինքն՝ որևէ մեխանիզմ չի ստեղծվում, որով Ադրբեջանի առաջ պարտավորություններ կդրվեն և դրանք խախտելու դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն»,– գտնում է Արա Պողոսյանը։

Մոսկվայի հայտարարության մեջ նշվում է,– «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով, Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»։

Կրեմլը նաև ընդգծում է, որ «եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի դիտորդական կարողություններն օգտագործելու վերաբերյալ, ապա առաքելությունը կարող է արագորեն տեղակայվել»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը գտնում է, որ Մոսկվան այս հայտարարությամբ Հայաստանին մանևրելու հնարավորություն է տալիս․

« ՌԴ ուզում է ասել, որ եթե Հայաստանը չվերակողմնորոշվի և նախապատվությունը շարունակի տալ Եվրամիությանը, ապա մեծ հավանականությամբ Ադրբեջանը նոր ագրեսիա կիրականացնի։ Եվ դա ձեռնտու կլինի ռուսներին, որովհետև  Ռուսաստանը ցույց կտա, որ իր առաջարկած անվտանգային համակարգը շատ ավելի գործունակ է, մինչդեռ արևմտյան համակարգը չի գործում, որովհետև, եթե նոր ագրեսիա լինի, ԵՄ-ը բացի հայտարարությունից, հազիվ թե որևէ քայլ ձեռնարկի»։

Ըստ վելուծաբանի՝ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայմանը դեմ են թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը և թե՛ Իրանը։ ԻսկԵվրոպան Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Ըստ այդմ՝ կարճաժամկետ հեռանկարում ԵՄ դիտորդների տեղակայումը որևէ արդյունք չի ունենա։ Սակայն ԵՄ-Հայաստան բանակցություններն, ըստ Արմեն Բաղդասարյանի, ցույց են տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ–ը Հայաստանի հետ հարաբերությունները ավելի բարձր հարթության վրա է դնում։

Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը։ Այս առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաջորդ կարևոր քայլ:

 «Բայց հիմա դրա ժամանակը չէ։ Երկարաժամկետ հեռանկարում դա շատ լավ արդյունք կարող է խոստանալ, բայց  մենք այդ ժամանակը չունենք դրա համար հիմա, կարծում եմ, դա ավելի շատ վտանգներ է պարունակում,  քանի որ ՀՀ անվտանգությունն ապահովում է ՌԴ-ն, որն առճակատման մեջ է Արևմուտքի հետ»,– կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ «առճակատումը տարածաշրջան բերելու» մասին Մոսկվայի հիշատակումը իրական է, սակայն այդ առճակատումը Հայաստանը չի բերում տարածաշրջան, դա պարտադրվում է Երևանին, իսկ թիրախում Իրանն է, քանի որ այնտեղ փափուկ ուժի կիրառմամբ, այն է՝ ներքաղաքական խժդժությունների միջոցով չհաջողվեց տապալել իշխանությունը, և հիմա տարածաշրջան է մտնում կոշտ ուժի կիրառման գործիքը։

Back to top button