ԿարևորՔաղաքական

Լաչինի խնդիրը՝ Կոնգրեսում ու Կապիտոլիումի մոտ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ, որով Ադրբեջանից պահանջվում է վերջ տալ Արցախի շրջափակմանը։ Բանաձևի շրջանառմանը զուգահեռ մի շարք հասարակական կազմակերպություններ և ակտիվիստներ կհավաքվեն ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ հայտարարելու «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիայի մեկնարկի մասին:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի, Դավիթ Վալադաոի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանի հեղինակած  երկկուսակցական բանաձևի՝ այսօր նախատեսվող քննարկումը դրական քայլ է, որը կարող է հետևանքներ ունենալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Արփի Վարդանյանը։

«Սպասելիքները դեռ կտեսնենք, որովհետև Կոնգրեսի կազմը հիմա փոխվել է։ Քննարկումները ցույց կտան, թե ինչպես են գնահատում կամ դիտարկում այս ամեն ինչը։ Շատ հարցեր կարող են քննարկվել»։

Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց՝ բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողություններ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես, առաջարկվում է  օժանդակել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանը, համագործակցել միջազգային գործընկերների և Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ, ապահովել ԱՄՆ Նախագահի կողմից 907-րդ բանաձևի պահանջների անհապաղ կատարումը և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցությունը։ Բանաձևով առաջարկվում է նաև Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև ապահովել Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակություն, ներառյալ՝  Արցախում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակի բացումը։  

Կոնգրեսում բանաձևի նախագծի ներկայացումը ողջունել է նաև ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ հանձնախմբի և վերջինի դաշնակից համայնքային այլ կազմակերպությունների անունից  նշել է.

«Դրա անցկացման շուրջ երկկուսակցական կոնսենսուս ապահովելու ուղղությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել, որպեսզի խափանվի Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը»։

Բանաձևի ընդունումը միանգամայն հնարավոր է համարում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Արփի Վարդանյանը՝ միաժամանակ նկատելով.

«Հնարավոր է, բայց կարող է մեկ օրում կամ այդ մեկ ժամում չորոշվի այդ ամեն ինչը։ Ելնելով դառը փորձից՝ կարող ենք ասել, որ սա մի քիչ ավելի երկար կարող է տևել, քան մենք ուզում ենք։ Մյուս կողմից՝ քննարկումներից կարող է բոլորը հասկանան, որ 120 հազար մարդ է տուժում և չի կարելի թույլ տալ, որ այդպես շարունակվի ու պետք է անմիջապես և շատ արագ տեմպերով օգնություն հասցնել»։    

Մինչև բանաձևի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը նամակով կոնգրեսականներին հորդորել է հովանավորել նախագծի առաջխաղացումը և շեշտել.

«Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու և նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»:

Կոնգրեսականը նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ հումանիտար ճգնաժամը աղետ չի դարձել:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես Արցախի շրջափակումը հայ բնակչության էթնիկ զտման միտումնավոր փորձ է որակել ։ «Կոնգրեսը չի կարող լուռ մնալ, երբ Ադրբեջանը փորձում է սովամահ անել Արցախի 120  հազար հայերին»,- շեշտել է Շերմանը Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթում։

Մինչ բանաձևը կքննարկվի ԱՄՆ կոնգրեսում, Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիային ի պատասխան` մի շարք հասարակական կազմակերպություններ և ակտիվիստներ կհավաքվեն ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ հայտարարելու «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիայի  մեկնարկի մասին: Նշվում է, որ Կոալիցիայի կազմում կներառվեն Կոնգրեսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական  և կրոնական  կազմակերպությունների առաջնորդներ։

«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիայի անդամները հայտնում են իրենց համերաշխությունը պաշարված Արցախի ժողովրդին և պարտավորվում են միասին աշխատել՝ մոբիլիզացնելու լրատվամիջոցների ուշադրությունը։

«Եթե չշարունակենք դա անել, պիտի կորցնենք։ Այս կոալիցիան, որ հավաքվում է, ցույց կտա, որ մարդիկ մտահոգված են այդ կարևոր խնդրով և հետևում են։ Ու դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի. կտեսնեն, կլսեն, կհասկանան, հարցեր կտան։ Շատ կարևոր բան է, որ արվում է»։     

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Արփի Վարդանյանի խոսքով՝ նախատեսված է նաև բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ, ցույցեր են սպասվում նաև ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում։ Կարծում է, որ բողոքի ձայնը աշխարհի տարբեր կետերում պետք է լսելի դառնա ու խնդրի վրա սևեռի միջազգային հանրության ուշադրությունը։

Back to top button