ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս հաշվառել Ադրբեջանից բռնագաղթած հայերին, եթե նրանց մեծ մասը հեռացել է Հայաստանից

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ։ Նրանցից ավելի քան 200 հազարը Բաքվում են բնակվել։ Նույն տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները մոտ 3 անգամ  քիչ էին։ Այդ տարիներին վերաբերող Խորհրդային Միության մարդահամարի տվյալները «Ռադիոլուրին» ներկայացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը․ «1970 թվականի մարդահամարի տվյալներով Ադրբեջանի ԽՍՀ բնակչության 13,6 տոկոսը կազմել են հայերը։ 1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ 11,5 տոկոսը,1989-ին ցուցանիչը նվազել է՝ կազմելով 8,4 տոկոս»։

1970 թվականի տվյալներով ադրբեջանցիների թիվը Հայաստանում եղել է 148 հազար, իսկ 1979 թվականին՝ 160 հազար 841։ 1989 թվականին 84 հազար 860 ադրբեջանցի է բնակվել Հայաստանում։

Բազմաթիվ հայերի ջարդեր կազմակերպած երկիրը հայտարարում է, թե իբր Հայաստանում ադրբեջանցիներին սպանել են կամ, լավագույն դեպքում, ունեզրկել ու արտաքսել։ Ադրբեջանի ԽՍՀ–ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը բոլորովին այլ փաստեր է ներկայացնում, ի դեպ՝ հղում անելով Բաքվի պաշտոնական խոսփող Haqqin.az–ին․

«Haqqin.az-ը, երբ անդրադառնում է Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի նոր բռնկմանը, ներկայացնում է, թե ինչ ադրբեջանցի փախստականների մասին է խոսքը։ Եվ երկու նկար է դնում, թե ինչպես են ադրբեջանցիները տեղափոխվում Հայաստանից Ադրբեջան՝ բեռնատար մեքենաներով, կուշտ կերած-խմած, չբռնաբարված, չմորթված ու չծեծված, հանգիստ, կապոցները ձեռքներին։ Իսկ եկեք, գտեք մի լուսանկար, թե հայերը ինչպես են տեղափոխվել Սումգայիթից, Բաքվից, Գանձակից, լաստանավի վրա ինչեր են կատարվել, Կասպից ծովը ինչպես է լցվել հայուհիների դիակներով։ Արցախյան հիմնահարցը շարունակական ցեղասպանության հետևանք է»,–ասում է Մարիամ Ավագյանը։

Այս ամենով հանդերձ, ըստ նրա, Հայաստանի իշխանությունն առաջինը պետք է բարոյական և նյութական փոխհատուցում պահանջեր, մինչդեռ դա անում է Ադրբեջանը։

«Հայկական կողմը երբևէ չխոսեց հայ փախստականների գոյության մասին, չխոսեց Ադրբեջանական ԽՍՀ-ից  հայ փախստականների ձևավորման պատճառների մասին։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը 1993-94 թթ․–ից համառորեն խոսում էր տեղահանվածների մասին։ Ընդ որում՝ իրենք փախստականների խնդիրը դարձրեցին առանցքային գործոն։ Այսինքն՝ այն, ինչ մենք պետք է անեինք, չարեցինք, արեց ալիևյան կլանը՝ Բաքվում նստած»։

Ադրբեջանում այժմ էլ այսպես կոչված «բռնագաղթածների» ունեցվածքի հաշվառում են անում՝ Հայաստանը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բաքուն նաև հայտարարում է՝ բոլոր նրանք, ովքեր լքել են Հայաստանը, փախստական են և իրավունք ունեն իրենց տները վերադառնալու։

«Փաստացի ադրբեջանցիները խոսում են միլիոն, 1,2 միլիոնի մասին։ Դե, նրանք անընդհատ բազմանում են, իսկ հայերի բազմացման մասին ոչ ոք չի խոսում։ Իրականում ադրբեջանցի փախստական գոյություն չունի ՄԱԿ-ի սահմանումով։ Սումգայիթի հայն է, որ փախել է, որովհետև կյանքին վտանգ կար։ Նոյեմբերյանից, Արարատի մարզից թուրքը չի փախել։ Տեղափոխվել է։ ՄԱԿ–ի որոշ փորձագետների եմ ես հանդիպել, որոնք ասում են, որ Ադրբեջանում նույնիսկ 200 հազար  փախստական  չկա»,– պատմում է Մարիամ Ավագյանը։

Նա Ադրբեջանի հայտարարություններում վտանգը ոչ այնքան կեղծ թեզերի մեջ է տեսնում, որքան այն աղաղակող լռության մեջ, որ հայ փախստականների շուրջ պահպանում են Հայաստանի իշխանությունները։ Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։

«Մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար ենք իրականացնում։ Ընդ որում՝ հաշվարկներ ենք անում, թե իրենց դեմ կիրառած բռնությունների հետևանքով նրանք որքան նյութական վնաս են կրել»,– հայտարարել էր ՀՀ վարչապետը։

Կառավարությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ հաշվառման համար խումբ է ձևավորվել, աշխատանքներն ընթանում են։ Այլ մանրամասներ այս պահին դեռ չեն կարող հայտնել, նաև չեն կարող ասել, թե պետական որ կառույցն է իրականացնում այդ հաշվառումը։

Ադրբեջանից հայ փախստականների  համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը չի պատկերացնում, թե ինչպես է անցկացվելու այդ հաշվառումը․

«Հուշեք խնդրեմ՝ այդ որ օղակն է ներկայացնելու։ Կամ ինչ ռազմավարություն ունի, որի շրջանակում սկսում է հաշվառում անցկացնել։ Պետք է լինի հստակ ձևակերպված խնդիրը և լուծման քայլերը, բայց որտեղ է ձևակերպված խնդիրը։ Չի ասում, ինչն արդեն մեծ խնդիր է, նշանակում է, որ հայկական կառավարությունը այս հարցի շուրջ նույնիսկ տնային աշխատանք վաղուց չի արել ու այսօր էլ չի անում, ինչպես չեն  արել Տեր–Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը»։

1997թ. հաշվառման տվյալներով՝ Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310 հազար: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Ադրբեջանից բռնագաղթված հայերի թիվը կազմել է 115 հազար 689։ 10 տարի անց անցկացված մարդահամարի տվյալներով արդեն 64 հազար 147 տեղահանվածներ էին մնացել Հայաստանում։ 2022 թվականի մարդահամարի տվյալները դեռ մշակվում են։

Back to top button