

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին քննարմանն ասել է բրիտանացի պատգամավոր Ջիլ Մորտիմերը։
«Ես կոչ եմ անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»,- ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ «որ ցանկացած քայլ, որը կարող է տարածաշրջանը տանել դեպի հետագա քաոս և հակամարտություն, պետք է կասեցվի»։
«Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ճիշտ և սխալ քայլեր են կատարել և տառապել դրանցից, սակայն հակամարտության սարսափելի և անխուսափելի վնասներից անմեղ մարդկանց պաշտպանելու միակ միջոցը հաշտությունն է և առաջ շարժվելու կամքը… Դրա առաջին քայլը Լաչինի միջանցքի վերաբացումն է»,- նշել է բրիտանացի քաղաքական գործիչը։
«Թող Լաչինի միջանցքի բացումը լինի նոր սկիզբ, նոր էջ այս վերքերը կարելու անկեղծ և ազնիվ բանակցություններում։ Եկեք օգտվենք հնարավորությունից՝ կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել որպես հարևաններ»,- ասել է նա: