
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքները թեմայով քննարկմանն ասել է Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն:.
«Այս հատվածում տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և կարող են հումանիտար ճգնաժամ ստեղծել: Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, իսկ Ադրբեջանը պետք է հարգի եռակողմ համաձայնագիրը և երաշխավորի միջանցքով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը»,- ասել է նա։
«Սա Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ Շրջափակման հետևանքով հազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տներ, այդ թվում՝ երեխաներ։ Այս տագնապալի իրավիճակը սպառնում է խաթարել փխրուն խաղաղ գործընթացը և կարող է հանգեցնել բռնության վերսկսման։ Սա կարող է աղետալի հետևանքներ ունենալ՝ ազդելով ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի բնակչության վրա, այլև Հարավային Կովկասի տարածաշրջանի և դրանից դուրս»,- ասել է պատգամավորը։
«Որպես Եվրախորհրդի անդամ երկրներ և մեր արժեքներին ու սկզբունքներին համապատասխան՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բացել միջանցքը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հետագա լարվածություն առաջացնել առանց այն էլ անկայուն իրավիճակում», — ընդգծել է նա։
«Մենք բոլորս արժանի ենք ավելի լավ ապագայի Եվրոպայում և ամբողջ աշխարհում՝ անկախ մեր էթնիկ պատկանելությունից, ազգությունից, լեզվից կամ կրոնից: Մարդկանց սովամահ, սառած, առանց դեղորայքի, էլեկտրականության, ջրի մատակարարման կամ արժանապատվության թողնելն իրականում ցեղասպանության ակտ է», — շարունակել է Կոնստանտինոս Էֆստաթիուն:
«Ցեղասպանությունը սահմանող տարրերից մեկը դիտավորյալ կյանքի դաժան պայմանների ստեղծումն է, որը նախատեսված է խմբի ֆիզիկական ոչնչացման համար»,-ասել է նա:
«Մենք ցեղասպանության հանգուցային կետում ենք։ Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրելու արժանապատիվ, և մարդու իրավունքների պետք է լիարժեք հարգվեն»,- հավելել է պատգամավորը:
«Այս ուղերձը պետք է հստակ լինի. դադարեցրեք Լաչինի շրջափակումը»,- եզրափակել է նա։