Երաժշտական եռանկյունի

Տեր Թովմա Անդրեասյան. Դեկամերոնից՝ հոգևոր երաժշտություն․ «Երաժշտական եռանկյունի»

Իմ զրուցակիցը մեր ժամանակների այն բացառիկ անհատականություններից է, ով իր և՛ կյանքի ուղով, և՛ ստեղծագործական դրսևորումներով օրինակ է ծառայում որպես մարդ, ով հավատարիմ է իր կոչմանը:

Վահան Անդրեասյանը մշտական ստեղծագործական և հոգևոր դեգերումների մեջ է: Դեռևս երիտասարդության տարիներին սովորելով Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսում՝ լրջորեն զբաղվում է երաժշտությամբ: Նրա մուտքը բեմական աշխարհ հստակ էր և նկատելի, աշխատել է մի շարք առաջադեմ թատրոններում՝ Հենրիկ Մալյանի անվան, Երիասարդական էքսպերիմենտալ և Մոսկվայի «Առլեկին» թատրոններում:

1970-80-ականներին Մալյան թատրոնն այն մշակութային օջախներից էր, որոնք թելադրում էին ճաշակ, հաստատում նոր թատերական գեղագիտություն, նոր բեմական ձևաչափեր: Նման ներկայացումներից էր «Դեկամերոնը», որը հագեցած էր երաժշտությամբ և երգերով, որոնց հեղինակը Վահան Անդրեասյանն էր:

Հետո նա նաև աշխատեց ազգային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր, բայց երաժշտությունը և երգարվեստն իր ստեղծագործական դրսևորման հիմնական տիրույթներն էին: Այդ տարիներին նա հեղինակում է բազմաթիվ երգեր, գրում գործիքային ստեղծագործություններ՝ թատրոնի, հեռուստատեսության և ռադիոբեմադրությունների համար:

Պետական ռադիոյում վարում էր երաժշտական հաղորդում: 1980-90-ականները հայկական էստրադան հարստացրեցին նոր հեղինակներով և մոտեցումներով, որպես բանաստեղծ և տեքստերի հեղինակ այդ տարիներին Վահան Անդրեասյանը համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Արա Սաթյանը, Արմեն Սմբատյանը, Էդգար Գյանջումյանը և իհարկե Արթուր Գրիգորյանը, ում հետ համագործակցությունը մեծ ճանաչում բերեց կոմպոզիտորին և խոսքերի հեղինակ Անդրեասյանին, ինչպես նաև՝ բազմաթիվ երգիչ-կատարողների՝ Տաթևիկ Հովհաննիսյանից մինչև Շուշան Պետրոսյան:

«Միշտ զգացել եմ անհրաժեշտություն ակադեմիական երաժշտության ոլորտում ֆունդամենտալ գիտելիքների: Մանկավարժական ինստիտուտում ուսմանը զուգահեռ հաճախում էի Կոնսերվատորիայի դասընթացներին, երաժշտական հարմոնիա և կոմպոզիցիա՝ որպես ազատ ունկնդիր: Այդ գիտելիքը մինչ օրս օգտակար է ինձ համար, քանի որ բացի երգի ժանրից ստեղծագործում եմ այլ ակադեմիական ժանրերում, գրում եմ պիեսներ, կոնցերտներ և երգչախմբային ստեղծագործություններ»,- ասում է կոմպոզիտորը:

Վահան Անդրեասյանը ավարտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատրաստման լսարանը՝ 2004-ին ձեռնադրվում է որպես սարկավագ, հետագայում որպես քահանա և ստանում է Տեր Թովմա հոգևոր անունը:

Այսպիսով վերափոխում է աշխարհիկ կյանքը հոգևոր ծառայության: Նա երեք տարի ծառայել է Արարատյան թեմում, ապա հարավային Ռուսաստանի թեմում՝ որպես Ադիգեայի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ:

2010 թ.-ին վերադառնում է Հայաստան, ծառայությունը շարունակում է Երևանի Նորք Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Այսօր Տեր Թովման շարունակում է ստեղծագործել, գրում է երաժշտություն մի քանի ժանրերում և ստեղծագործական ինքնադրսևորման մեջ է տեսնում հոգևոր ծառայության իր առաքելությունը:

Հաղորդման ընթացքում հնչում են Տեր Թովմայի երգերն ու գործիքային ստեղծագործությունները:

Back to top button