ԿարևորՏնտեսական

Ջերմուկի՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած տնտեսվարողները օժանդակություն կստանան, սակայն մեկ պայմանով

Հունվարի 26-ի նիստում գործադիրը հաստատել է 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած Ջերմուկի տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Կառավարությունը 100 %-ով կփոխհատուցի նրանց 4 ամսվա էլեկտրաէներգիայի ու գազի ծախսը։ Նախագիծը  ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկում հյուրատնային ու հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպությունների շրջանառությունը նվազել է ավելի, քան 50 տոկոսով։ Աջակցության չափը, նախնական գնահատականներով, մոտ 50 միլիոն դրամ է։ Սա, սակայն, բավարար չէ զբոսաշրջային ակտիվությունն ամբողջությամբ վերականգնելու համար։ Հարկավոր են լրացուցիչ գործողություններ, որոնք նույնպես կառավարությունը մտադիր է քննարկել։

Ջերմուկում հյուրանոցների աշխատանքը դադարել էր սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորել էին  քաղաքացիական ենթակառուցվածքները: Հրթիռակոծությունից ու հրետակոծությունից լուրջ վնասներ էին կրել նաև քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները: Հյուրանոցներն ու հյուրատները երկու ամսով դադարեցրել էին գործունեությունը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում իրավիճակն այսպես է նկարագրում Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նարեկ Միրզոյանը.

 «Այդ ընթացքում շատ մեծ կորուստներ են ունեցել, թե՛ զբոսաշրջիկների մասով, որ ոչ մի զբոսաշրջիկ չի եկել  քաղաք, բնական է, որ մեծ վնասներ են կրել։ Հետևաբար, տվյալ փոխհատուցումը շատ տեղին է, կարծում եմ, այս պահին շատ արդիական է»։

Կառավարության աջակցության ծրագրի նպատակն ու հիմնավորումը գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.   

 «Չնայած՝ արդեն հոկտեմբերի 2-րդ կեսից և նոյեմբերի սկզբից հյուրատների և հյուրանոցների կողմից գործունեությունը վերականգնվել էր զբոսաշրջիկների համար, Ջերմուկ համայնքը շարունակում էր մնալ ոչ գրավիչ և վտանգավոր վայր՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից։ Նշված գործոնների ազդեցությամբ, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության, մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը»։

Խնդիրը մեղմող որոշակի գործողություններ տնտեսվարողներն իրականացրել էին։ Մասնավորապես, իջեցրել են ծառայությունների գները, սակայն, դա կարող է ազդել մատուցվող ծառայությունների որակի վրա, ինչն իր հերթին կարող է բերել շրջանառության անկման ու հանգեցնել ավելի մեծ խնդիրների։ Դա թույլ չտալու համար էլ կառավարությունն առաջարկում է ամբողջությամբ փոխհատուցել հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսը, որոնց շրջանառությունը 2022 սեպտեմբերի 11-ի դրությամբ նվազել է 50 տոկոսից ավելի։ Նախարար Քերոբյանը համոզված է, որ դա էապես կթեթևացնի վնասը, և թույլ կտա, որ ընկերությունները ծառայություններ մատուցեն ամբողջ ծավալով, առանց որակի կորստի․

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 մլն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է»։ 

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նարեկ Միրզոյանի կարծիքով, սակայն, միայն էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի փոխհատուցումը չի կարող ազդել զբոսաշրջության ատիվացման վրա․

«Այս պահին կառավարությունը պետք է հստակ մարկետինգային ծրագիր մշակի և իրականացնի, որ հյուրերը տեսնեն, որ քաղաքն ապահով է, աշխատում է, ամեն ինչ բաց է այստեղ, հյուրանոցներն աշխատում են ու գան օգտվեն ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություներից»։

Նախարար Քերոբյանի խոսքով նույնպես՝  ոլորտի ակտիվացման խնդիրը մնում է, ու լրացուցիչ գործողությունների հարցը պետք է քննարկվի։ Ավելի վաղ Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ զբոսաշրջության ակտիվությունը մինչ սեպտեմբերյան ագրեսիան Ջերմուկում եղել է 100 տոկոս, ագրեսիայից հետո դարձել է 0, իսկ ոլորտի վերագործարկումից հետո այն տատանվում է 10-15 տոկոսի սահմաններում։   

Կառավարությունում դեմ չեն առաջարկություններ լսել ու քննարկել, սակայն, ամեն առաջարկ չէ, որ կարող է ընդունելի լինել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ փոխհատուցման առաջարկը հենց Ջերմուկի գործարարներն են արել։  Նրա խոսքով՝ փոխհատուցում ակնկալող ընկերությունները պետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարատվորություն չունենան պետության նկատմամբ։

Որոշումն ընդունվեց, և տնտեսվարողները կարող են արդեն դիմել փոխհատուցում ստանալու համար: Ընդ որում՝ հայտերը կարող են ուղարկել էլեկտրոնային եղանակով։

Back to top button