ԿարևորՀասարակություն

Զրո՞, թե՞ մեկ թեկնածուական․ ինչո՞ւ է նվազել թեկնածուականների թիվը

Ըստ Բարձրագույն որակավորման կոմիտեի Նախորդ երկու տարիների համեմատ այս տարի հաստատված թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններն ավելացել են՝ հասնելով 166-ի։ Այս տվյալներն ամփոփել է։  2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147-ը։ Սակայն որոշ ոլորտներում թեկնածուականների ընդհանրապես չեն պաշտպանվել։ Բնագիտական ոլորտում խոսքը գյուղատնտեսական, անասնաբուժական և դեղագործական ուղղությունների մասին է, իսկ հումանիտարում՝ փիլիսոփայության ու հասարակագիտության։ «Ռադիոլուրը» բուհերի պատասխանատուների հետ է  փորձել  հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս միտումը։

2022-ին ամենաշատ գիտական պաշտպանությունները բնական գիտությունների ոլորտում են՝  ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական և տեխնիկական, իսկ հումանիտար թևում առաջատարը տնտեսագիտությունն է, բանասիրությունը և իրավագիտությունը։ Սրան զուգահեռ կան ոլորտներ, որոնցում հակառակ միտումն է գրանցվել․ թեկնածուականները պակասել են կամ ընդհանրապես չեն եղել։ Մտահոգիչ տվյալները հրաժարականից երկու օր առաջ ներկայացրել էր ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը։

«Ոլորտներ կան, որ ընդհանուր հաստատված թեկնածուականների քանակը զրո է եղել, օրինակ` գյուղատնտեսական, անասնաբուժական և դեղագործական գիտությունները՝ բնական գիտությունների թևում, իսկ հումանիտարում՝ փիլիսոփայությունն ու հասարակագիտությունը։ Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում ոչ վաղ անցյալում՝ 7-8 տարի առաջ տարեկան 20 հաստատված թեկնածուական ենք ունեցել։ Ուստի ներկա ցուցանիշը, որ արդեն երկրորդ տարին է ունենք, բավականին անհանգստացնող է»։

ԲՈԿ նախկին նախագահի ներկայացրած տվյալները չեն համադրվում բուհի՝ «Ռադիոլուրին» փոխանցած տվյալների հետ։ Ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Մելիքյանի՝ առնվազն մեկ դիսերտացիայի պաշտպանություն 2022-ին եղել է։ Այսինքն՝ տվյալը ոչ թե զրո է, այլ՝մեկ։ 

«Գյուղատնտեսության ոլորտում Ագրարային համալսարանում գործում է երեք խորհուրդ՝ ագրոնոմիայի, անասնաբուժության և տեխնիկական գիտությունների գծով։ Ես ագրոնոմիայի ոլորտի վերաբերյալ եմ  իրավասու խոսել , քանի որ այդ խորհրդում եմ։ 2022թ-ին մենք թեկնածուական դիսերտացիայով մեկ պաշտպանություն ունեցել ենք։ Ես փաստն եմ արձանագրում։ Մյուս խորհուրդների մասով չեմ կարող ասել, գուցե այնտեղ չի եղել»։

Ագրարայինն այս տարի մեկ այլ ռեկորդ էր գրանցել՝ բայց արդեն ընդունելության քննությունների ժամանակ։ 2022-2023 ուստարում բուհ էր ընդունվել ընդամենը 38 դիմորդ, համալրվել էր առաջարկվող 930 տեղերի միայն 4 տոկոսը, թափուր էր մնացել բուհի գրեթե 800 վճարովի և 111 անվճար տեղ։

Մելիքյանի խոսքով՝ վերջին տարիներին նվազման միտումը կայուն պահպանվում է։ Հետաքրքրության անկումը նկատելի է կրթական բոլոր աստիճաններում։ Այդուհանդերձ, տարեկան կտրվածքով պաշտպանությունների թիվը հարաբերականորեն է արտացոլում իրավիճակը՝ ասում է։

«Կարծում եմ՝ մեկ տարվա կտրվածքով ճիշտ չէ քանակի հետ կապված եզրակացություն անելը։ Բայց ասվածի մեջ ճշմարտություն կա այն առումով, որ նվազման տենդենց կա։ Դա ավելի շատ նկատելի է ասպիրանտական տեղերում թափուր տեղերի առկայությամբ։ Նախորդ տարիներին ագրարային համալսարանում տարբեր ուղղություններով տեղեր ենք ունեցել և ասպիրանտներ չենք ունեցել, չեն դիմել»։   

ԵՊՀ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասնագիտական խորհրդի նախագահ Էդվարդ Հարությունյանի խոսքով՝ նախորդ տարի սոցիոլոգիայի  գծով մեկ պաշտպանություն, այնուամենայնիվ, եղել է։ Ասում է՝ վերջին տասնամյակներում փիլիսոփայությունը հայտնվել է «Լիր արքայի» վիճակում։ Այն խնդիրներով, որոնք  քննարկում էր փիլիսոփայությունը, հիմա զբաղվում են հոգեբանությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և մշակութաբանությունը։ Իսկ փիլիսոփայությունը փնտրտուքի մեջ է։

«Ես պատկերավոր կձևակերպեի այսպես հայտնվել ենք վերացականության հաղթահարման փուլի մեջ։ Նախորդ շրջաններում փիլիսոփայական խնդիրները խիստ վերացական էին և ավելի շատ առնչվում էին այն խնդիրներին, որոնք աշխարհաքաղաքական են և աշխարհաքաղաքացուն են առնչվում։ Հիմա և հանրապետության, և բուհական համակարգի խնդիր է դրված այդ պրոբլեմները տեղայնացնել և պատասխանել այն հարցերին, որոնք առնչվում են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Այսինքն՝ փիլիսոփայության վերաիմաստավորման փուլում ենք»։ 

Հարությունյանի խոսքով՝ այժմ փիլիսոփայությունը փոխել է իր հարցադրումը․ պատասխանում է ոչ թե այն հարցին, թե ինչպիսին է աշխարհը, որ մենք այսպիսին ենք, այլ ինչպիսին ենք մենք, որ հայտնվել ենք այս վիճակում և այս կետում։ Այս պահին մի քանի դիսերտացիաներ կան, որոնք համապատասխանեցվել են նշված պահանջներին։ Հարությունյանը այլ պատճառներ էլ է թվում․ աշխատավարձ, սահմանափակ աշխատաշուկա, գիտական թեզի խստացված պահանջներ։

«Առկա  ուսուցման ասպիրանտները ժամանակին պաշտպանում են։ Նրանք, ովքեր հեռակա ուսուցման ասպիրանտներ են, զուգահեռ նաև այլ աշխատանքներով են զբաղված, աստիճանաբար իրենց տեղը գտնում են այլ աշխատանքներում և կորցնում հետաքրքրությունը գիտության և փիլիսոփայության նկատմամբ, առավել ևս, որ այդ բնագավառների աշխատողների աշխատավարձը, եթե ավագ սերնդի համար տանելի է, ապա նրանք 150-180 հազար դրամ աշխատավարձով չեն ուզում իրենց կյանքը կապել դրա հետ»։  

Հարությունյանի խոսքով՝ բուհերում գրեթե չկա փիլիսոփայության ամբիոն, որտեղ չպաշտպանած դասախոս լինի։

«Տասնհինգ տարի առաջ գիտական կոչում ստանալու բումն այնքան մեծ էր, որ բոլորն արժանի-անարժան կարողացան պաշտպանել  և հիմա նոր տեղեր չկան, թեև հերթափոխման փուլ է սկսվել։ Ավագ սերունդը , այդ թվում նաև ես, հեռանալու ենք և այդ ժամանակ էլ երիտասարդ գիտնականները ներքին խթան կստանան, որ պաշտպանեն և փոխարինեն մեզ»։ 

Խնդիրներից մեկն էլ, ըստ Հարությունյանի այն է, որ դրական իմաստով խստացվել են գիտական թեզի պաշտպանության պահանջները։ Դա դանդաղեցրել է պաշտպանությունների ընթացքը, սակայն երկու տարվա ընդմիջումը շուտով կհաղթահարվի․ արդեն պաշտպանության պատրաստ  աշխատանքներ կան՝ ասում է։

Ըստ ԲՈԿ նախկին նախագահի՝ այս տվյալները հուշում են, թե որ ոլորտները պետք է վերցնել պետական հոգածության տակ։ Հակառակ դեպքում տվյալ բնագավառի մասնագետներ այլևս չենք ունենա։ Քեռյանի խոսքով՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների աջակցությունը ոչ թե պարզապես ֆինանսական, այլ բազմաշերտ պետք է լինի։ Ի դեպ, գիտական տարին ամփոփող ասուլիսից ընդամենը  2 օր անց ԲՈԿ նախագահը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Որպես պատճառ նշել էր բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում վարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը։

Back to top button