ԿարևորՎերլուծական

Երկխոսել բոլոր գործընկերների հետ, որ ԵՄ առաքելությունը չվերածվի հակասության գործիքի․ Հրանտ Միքայելյան

ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության նպատակը զուտ քաղաքական է, ԵՄ քաղաքացի դիտորդները չեն կրակելու, նույնիսկ իրենց ուղղությամբ կրակոցների դեպքում չեն արձագանքելու, փոխարենը դեպքի վայրից արագ հեռանալու են` կատարվածին առնչվող որոշ տեղեկություններ հավաքելով, դրանք այնուհետև փոխանցվելու են ԵՄ արտաքին կապերի ծառայությանը, որտեղից էլ հետևելու է քաղաքական արձագանքը` ասում է Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն` անդրադառնալով Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։

Հարցազրույց՝ Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ

 «ԵՄ և Ռուսաստանի միջև մրցակցության դրսևորման հարթակներից մեկն էլ Հարավային Կովկասն է։ Ոչ միայն Ռուսաստանում, այլև Իրանում էլ դժգոհ են տարածաշրջանում ԵՄ ներկայությունից։ Այս իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա երկխոսել բոլոր գործընկերների հետ, որպեսզի ԵՄ առաքելությունը չվերածվի հակասության գործիքի։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ 2022-ի հոկտեմբերին ՀԱՊԿ առաքելությունը միայն քաղաքական գնահատականի հող ստեղծեց, որն ի վերջո չհնչեց, մյուս կողմից էլ՝ կան որոշակի պարտավորություններ, որոնց համար մեխանիզմներ են անհրաժեշտ։ Ինչպես անել, որ Ռուսաստանը և ԵՄ բացասական չընկալեն առաքելությունների տեղակայման հնարավորությունը և ինչպես անել, որպեսզի նման առաքելություններն առաջին հերթին սպասարկեն Հայաստանի շահերը։ Սա լուրջ դիվանագիտական աշխատանք է, դրա իրականացման համար, բացի Արևմուտքից և Ռուսաստանից, Երևանն ակտիվորեն պետք է աշխատի նաև այլ խաղացողների` Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների, Իրանի հետ ` մեղմելու հակասությունները, որոնք առկա են արտաքին քաղաքականությունը միայն Արևմուտք-Ռուսաստան երկընտրանքի մեջ դիտարկելիս»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Արտաքին քաղաքականությունը երկընտրանքի մեջ դիտարկելը բխում է սառը պատերազմի տրամաբանությունից, որը շատ հին է և որևէ օգուտ չի կարող բերել` կարծում է փորձագետը։

«Դիտորդական առաքելության աշխատանքի արդյունավետությունը առաջին հերթին պետք է ձևակերպի պատվիրատու երկիրը, տվյալ դեպքում՝ Հայաստանը, որը  պետք է հստակ  ձևակերպի իր կարիքները` սկսած տեղակայման վայրի ընտրությունից մինչև թեզերի շուրջ աշխատանք։ Որքան լայն լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այնքան Հայաստանը քիչ կախված կլինի Թուրքիայի և Ադրբեջանի լոբբինգից. այս տանդեմի կոռուպցիոն կապերը գործում են աշխարհաքաղաքական բազմաթիվ կենտրոններում, դրանք ազդում են այս կամ այն պետության քաղաքական դիրքորոշման վրա։ Միայն հուսալը, թե ինչ-որ առաքելության տեղակայմամբ հնարավոր է անվտանգային հարց լուծել, սխալ է․ սա ընդամենը մեր գործիքակազմի մի մասը պետք է լինի, իսկ գլխավորը հայկական բանակի վերակառուցումն ու վերակազմավորումն է, լուրջ բարեփոխումներն ու արդյունավետության բարձրացումը։ Մի բևեռից մյուսին անցնելու փոխարեն Հայաստանը պետք է առհասարակ հրաժարվի բևեռների միջև ընտրությունից, հակառակ դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով կոշտանալու է։ Սա ընտրության հարց չէ, այլ՝ քաղաքական կապերի ընդլայնման»,- ասում է Հրանտ Միքայելյանը։  

Խոսելով արտաքին ազդեցությունների բալանսի մասին, փորձագետը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը խախտվում է Ադրբեջանի օգտին, քանի որ Բաքուն շարունակում է նոր սպառազինություն ձեռք բերել, նոր ենթակառուցվածքներ է կառուցում, նոր դիրքեր է զբաղեցնում, այդ թվում և Հայաստանի տարածքում։ «Հայաստանում աճում է այն ուժի պահանջարկը, որը Ռուսաստանը պետք է գործադրի տարածաշրջանում, մինչդեռ նման ուժ գործադրելու Ռուսաստանի ցանկությունը նվազում է։ Սա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, նաև Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության բացակայությամբ։ Ռուսաստանի դերը Ադրբեջանի զսպման գործում ժամանակի ընթացքում ակնհայտորեն նվազել է և կունենա նվազման միտում, եթե ուկրաինական ճակատում իրավիճակը չփոխվի։ Բացը լրացնող միակ հակակշիռը Հայաստանի հզորացումն է` հայկական զինված ուժերի առկայությամբ կամ ասիական երկրների ներգրավումը։ Բայց Ռուսաստանին փոխարինելու տրամաբանությունը հարցի լուծում չէ, այս տարբերակը անվտանգային տեսանկյունից չի գործելու»,- շեշտում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ 

Back to top button