Մոռացված ֆիլմերի ստվերները

«Դժբախտ պատահար» ֆիլմի էկրանային «դժբախտ» անցյալն ու ներկան․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին խորհրդային Հայաստանը ճանապարհային պատահարների ժամանակ զոհ դարձած մարդկանց թվաքանակով խորհրդային երկրների ցանկում առաջատար տեղ էր զբաղեցնում։ Դա էր պատճառը, որ որոշում կայացվեց նկարահանել ֆիլմեր և դրանց օգնությամբ պայքարել այդ աղետների դեմ։

Դեռ մի քանի տասնամյակ առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում, բարձր պրոֆեսիոնալիզմով, հայերեն էին կրկնօրինակվում տարբեր երկրների խաղարկային, մուլտիպլիկացիոն, վավերագրական բազմաթիվ ֆիլմեր։ Կրկնօրինակման գործում ընդգրկված էին տարբեր թատրոնների անվանի դերասաններ՝ Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Գալյա Նովենց, Ժենյա Ավետիսյան։ Այդ կրկնօրինակվող ֆիլմերի զգալի մասի ռեժիսորը՝ Լևոն Իսահակյանն էր։ Այսօր արդեն ՀՀ վաստակավոր դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը նույնպես համագործակցել է Լևոն Իսահակյանի հետ։

Լևոն Իսահակյանն ու Հենրիկ Մալյանը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի նկարահանման ժամանակ

Տարիներ անց վերհիշելով հայ կինոյի ամենաերկարամյա ռեժիսորի հետ ունեցած աշխատանքային օրերը Մայրանուշ Գրիգորյանը նշում է, որ Լևոն Իսահակյանը ունի նաև ոչ պակաս հետաքրքիր կինոկենսագրության։ 

Մայրանուշ Գրիգորյան

«Լևոն Իսահակյանը երկար տարիներ «Հայֆիլմ» կնոստուդիայի կրկնօրինակման բաժնում էր աշխատում: Տարիների ընթացքում նա ձեռք բերեց մեծ փորձառություն, ինչի արդյուքնում լավագույն ֆիլմերի կրկնօրինակումը վստահում էին նրան»,-ասում է Մայրանուշ Գրիգորյանը:

Խորհրդային տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ էին դառնում բազմաթիվ մարդիկ։ Այդպիսի պատահարների մեծ մասը տեղի էր ունենում երթևեկության կանոնները արհամարհող, անբարեխիղճ վարորդների մեղքով։

Այդ դեպքերը կանխելու և նվազեզնելու նպատակով խորհրդային Հայաստանի ներքին գործերի մինիստրությունը «Հայֆիլմ» կինոստուդիային պատվիրեց մի ֆիլմաշար նկարահանել։

Կինոստուդիայի ղեկավարությունը այդ առաջարկին արձագանքեց մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ։ Ֆիլմաշարի նկարահանումները վստահվեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի փորձառու ռեժիսոր Լևոն Իսահակյանին։

Գլխավոր հերոսի՝ համեստ և աշխատասեր Վարդանի դերում, Լևոն Իսհակայնը հաստատեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արայիկ Մանուկայնին։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահագներում բնակվող Արայիկ Մանուկյանը ոգևորությամբ արձագանքեց «Դժբախտ պատահար» ֆիլմի ստեղծման պատմության շուրջ զրուցելու իմ առաջարկին։

Չնայած այս տարիների ընթացքում ֆիլմի հետ կապված նրա հիշողության մեջ շատ բան է խամրել, բայց նկարահանման հրապարակում տեղի ունեցած մի զավեշտալի պատմություն  Արայիկ Մանուկյանը հիշում է մինչև օրս։

Արայիկ Մանուկյան

«Ֆիլմի ամենադրամատիկ՝ վթարի տեսարանը, նկարահանվում էր Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում՝ Ազգային Անվտանգության շենքի մոտ: Ես, արյունոտ շորերով, պառկած էի պատգարակին: Նկարահանման ամենաթեժ պահին երկու մարդ մոտեցան Լևոն Իսահակյանին, խնդրեցին իրենց հետ ինչ-որ տեղ գնալ: Նա բարձրախոսով հայտարարեց, որ մի քանի րոպեից կվերադառնա: Չորս ժամ մենք սպասում էինք նրա վերադարձին: Այդ ժամերի ընթացքում բազմաթիվ մարդիկ անհագստացած՝ մոտենում և հարցնում էին ի՞նչ է պատահել, առաջարկում էին վիրավորին հիվանդանոց հասցնել և այլն: Մի խոսքով, չորս ժամ անց Լևոն Իսահակյանը վերադարձավ և ասաց , որ նրան տարել էին հարցաքննության, պարզելու, թե ինչու են այդ շենքի մոտ նկարահանումներ կատարում»,-չզսպելով ծիծաղը պատմում է Արայիկ Մանուկյանը:

Ընտանիքի միակ զավակ Ռոմիկի ծնողների վաստակած գումարները քամուն տալուց բացի դառնում է նաև ողբերգական վթարի մեղավորը։ Հղփացած Ռոմիկի մոր՝ բանջարեղենային խանութի աշխույժ վաճառողուհու կերպարը ֆիլմում մարմնավորեց Մայրանուշ Գրիգորյանը։ Մի քանի ֆիլմերում արդեն դերեր ունեցած դերասանուհին սիրով է համաձայնել նկարահանվել։ Տարիներ անց էլ նա խոստովանում է, որ այս ֆիլմը նրան մեծ փորձառություն տվեց, հատկապես մասսայական տեսարանների նկարահանման հարցում ։

«Ես բավականին երիտասարդ էի : Ճիշտ է մի քանի ֆիլմերում արդեն նկարահանվել էի, բայց դրանք պավիլյոնային նկարահանումներ էին: Իսկ այս ֆիլմում նկարահանումները դրսում էին և դա բավականին անսվոր էր ինձ համար: Առաջին կադրերը շատ դժվարությամբ նկարահանվեցին: Ես հուզվում էի, երբեմն շփոթվում էի, որովհետև բազմամարդ տեսարաններ էին նկարահանվում, իսկ այդ բազմությունը բաղկացած էր պրոֆեսիոնալ դերասաններից և սովորական մարդիկանցից: Ինչևէ, ես շնորհակալ եմ Լևոն Իսահակյանին ինձ գոտեպնդելու և վստահություն ներշնչելու համար »,-նշում է Մայրանուշ Գրիգորյանը:

«Դժբախտ պատահար» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Լևոն Իսահակյանը շարունակեց նկարահանել շարքի հաջորդ ֆիլմերը։ Բայց ինչպես այս, այնպես էլ հաջորդ ֆիլմերի գոյության մասին այսօր գիտեն քչերը միայն, մինչդեռ այսօր նույնպես մենք բախվում ենք դժբախտ պատահարների անթույլատրելի թվերին։ Երկրում, հատկապես Երևանում ավտոմեքենաների կտրուկ ավելացման պայմաններում կարիք կա արվեստի լեզվով զգոնության կոչել վարորդներին, նվազագույնի հասցնել մարդկային կորուստները։

Այդ նպատակին կարող են ծառայել կինոռեժիսոր Լևոն Իսահակյանի արդեն վաղուց պատրաստած գործիքները «Դժբախտ պատահար» շարքի ֆիլմերը։

Back to top button