Սփյուռքի ձայնը

ԱՄՆ-ից մինչև ՌԴ. ինչպես են հայերն աջակցում 44-օրյայի մասնակիցների ընտանիքներին․«Սփյուռքի ձայնը»

Հայկական գաղթօջախներ հեռուստանախագծի հեղինակ Արևիկ Օրբելյանը, ԱՄՆ-ում գործող Գլոբալ զարգացման հիմնադրամի հիմնադիր Նաիրա Վարդանյանը և ռուսաստանաբնակ երիտասարդ գործարար Արման Գալստյանը 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնեցին տարբեր աջակցության ծրագրեր պատերազմի մասնակիցների ընտանիքների համար, որոնք իրականացվում են զարգացման հիմնադրամի կողմից։ Նրանք նաև պատերազմին մասնակցած զինվորների, զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հանգիստը կազմակերպեցին տարբեր երկրներում, հիմնականում՝ ՌԴ-ում։

Նաիրա Վարդանյանը նշում է, որ Գլոբալ զարգացման հիմնադրամի աշխատանքներին մասնակցում են նաև օտարազգի կամավորներ։

«Հետաքրքիր է կողքից նայել աշխատանքներին մասնակցող օտարազգիներին, իհարկե, մեր հայրենակիցների մասնակցությամբ։ Նրանցից շատերը գիտեն մեր մշակույթի, մեր ճաշատեսակների ու նաև խնդիրների մասին»,- ասում է։

Պատերազմի օրերին ու դրանից հետո սփյուռքի աջակցությունը մեծ է եղել, սակայն շատ հաճախ՝ ոչ հասցեական։

«Յուրաքանչյուրս պետք է լուռ աշխատենք ու չսպասենք շնորհակալության։ Մեր պարտականությունն է լինել հայրենիքի ու մեր զինվորների կողքին»,- ասում է Նաիրա Վարդանյանը։

Ռուսաստանաբնակ գործարար Արման Գալստյանը, որի շնորհիվ պատերազմի մասնակից երիտասարդները, զոհվածների ընտանիքների անդամները հանգստի են մեկնում տարբեր քաղաքներ, նշում է, որ որքան էլ մեծ լինի դրսում ապրող հայերի ներդրումը, այն համեմատելի չէ նրան, ինչ անում են ու արել են հայրենիքի համար պատերազմին մասնակցած երիտասարդները։

«Յուրաքանչյուր զինվորի, որ հանդիպում ենք, մեզ ավելի ու ավելի շատ աշխատելու ուժ է տալիս։ Գիտակցում ենք, որ նրանց արածի դիմաց մեր՝ թե դրամական, թե այլ օգնությունները քիչ են։ Մենք այսօր պետք է լինենք մեր զինվորի ու սպայի կողքին»,- ասում է Արման Գալստյանը։
Թ՛ե ռուսաստանաբնակ Արման Գալստյանը, թե՛ ամերիկահայ Նաիրա Վարդանյանը գործում են սեփական նախաձեռնությամբ` չսպասելով համայնքային կառույցների աջակցությանը։

Back to top button