ԿարևորՎերլուծական

Ադրբեջանը դեռ չի վախենում, բայց նյարդայնանում է․ միջազգային ճնշումների արձագանքը ադրբեջանական մեդիատիրույթում

Ադրբեջանական քարոզչամեքենան հաջողությամբ յուրացնում է հայկական գլխավոր թեզերն ու փորձում կիրառել դրանք։ Բաքուն խոսում է էթնիկ զտումներից, մշակութային  ժառանգության յուրացումից, բնապահպանական վնասներից, հաշվառում է Հայաստանից Ադրբեջան տեղափոխվածներին ու խոսում նրանց փոխհատուցման մասին։  Հայկական վերլուծական շրջանակներում Բաքվի հայելային մարտավարությունը նորություն չեն համարում, կարծում են, որ  իրավական տիրույթում հայկական քայլերը Բաքվի համար  իսկապես անհարմար իրավիճակներ  են ստեղծում՝  ստիպելով որդեգրել հայելային մեղադրանքների քաղաքականությունը։   

Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանի վրա ուժեղացող միջազգային ճնշումից Ադրբեջանը ոչ թե վախենում է, այլ՝ նյարդայնանում։ Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ադրբեջանական մեդիատիրույթի ուսումնասիրությունից ենթադրում է, որ Ադրբեջանը զգաստանալու մտադրություններ դեռ չունի։

«Իրականում միջազգային ճնշումը գնալով աճում է՝ բանաձևեր, տարբեր զանգեր և այլն, դրանք չեն կարող չանհանգստացնել Բաքվին։ Ես կասեի՝ նյարդայնացնում են, որովհետև այդ ամենի ֆոնին արցախյան հիմնահարցը, կարծես, նորից միջազգային լուսաբանում է ստանում, նորից միջազգային ասպարեզ է գալիս։ Իսկ Ադրբեջանը նման ցանկություն չուներ։ Նպատակն այն էր, որ մի քանի օրով կփակեն, դրանից հետո կհասնեն զիջումների և վերջնականապես իրենց կարգ ու կանոնը կհաստատեն Արցախում, ինչին իրենք հասնել չկարողացան։ Փոխարենը՝ բոլորը խոսում են Ադրբեջանի էթնիկ զտման մտադրությունների մասին, Ալիևը՝ ինքը դա խոստովանեց, նշելով, որ ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դուրս գալ Արցախից և այդ ամենը խելացի օգտագործելու դեպքում հստակ ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունները»։

Այս պահին Ադրբեջանը ինքն էլ է հայտնվել փակուղում։ Վերլուծաբանները կարծում են, որ առաջնայինը «դեմքը փրկելու» քաղաքականությունն է, ունենալու որոշակի արդյունք՝ սեփական հանրությանը ներկայացնելու համար։ «Կովկաս» ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հավանական է, որ բանակցություններն այժմ ինչ–որ բան ստանալու հարցի շուրջ են։

«Արդեն մոտավորապես 1.5 ամիս է սա շարունակվում։ Իմ կարծիքն եմ ասում, իհարկե, կարող եմ սխալվել, որ Ադրբեջանը հայտնվել է մի վիճակում, որից ելք գտնելը նրա համար դժվար է։ Հասկանալի է, որ ուղղակի բացել ճանապարհը եւ ասել՝ ներողություն, մենք սխալվել էինք։ Ադրբեջանը չի կարող ասել, որ «բնապահպանները» արդեն մրսել են ու հոգնել և կհեռանան։ ճնշումը, որը գործադրվում է Ադրբեջանի վրա, մինչ այսօր բավարար մեծ չէ, որպեսզի Ադրբեջանը կտրուկ զիջի իր դիրքերը։ Բաքուն համոզված է, որ քաղաքական–դիվանագիտական բնույթ կրող այդ ճնշումը չի վերածվի այլ պատժամիջոցների։ Հետևաբար՝ հիմա Ադրբեջանը պարզապես առևտուր է անում»։

Վերլուծաբանները համոզված են, որ առաջնայինը, ինչին ցանկանում է հասնել Ադրբեջանը, Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն է ու տեղափոխվող բեռների վերահսկողությունը, ինչին, բնականաբար, հայկական կողմը համաձայնել չի կարող։ Ադրբեջանի այդ ցանկությունն, ի դեպ, հակասում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը, որով անցակետի տեղադրում նախատեսված չէ։

Վերլուծաբանների կարծիքով՝ սա Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհն է։

Անգամ այս պայմաններում ադրբեջանական  մեդիատիրույթում նույնպես խոսում են խաղաղության մասին՝ հաստատում է Ադրբեջանի հարցերով փորձագետը, սակայն հասկացության հայկական և ադրբեջանական ընկալումները տարբեր են։

«Ադրբեջանի առաջարկած «խաղաղության» մեջ, իսկ խաղաղության մասին նաև նրանք են խոսում, հայ չկա։ Այսինքն՝ իրենք պատկերացնում են խաղաղություն՝ առանց հայերի և՛ Արցախում, և՛ ՀՀ–ում։ Անգամ խոսում են դրա մասին։ Պատգամավորներ կան, որոնք  հստակ ասում են՝ շուտով Արցախից դուրս կգան հայերը, հետո Հայաստանից և մենք հանգիստ կվերադառնանք, ինչպես իրենք են բնորոշում «իրենց պատմական հողերը»։ Այս տրամաբանությունն է գործում։ Իսկ մե՞զ մոտ ինչ է։ Մեզ ասում են՝ հարմարվեք, իրենք ռազմական ճանապարհով հարց են լուծում։ Սա շատ վնասակար խոսույթ է բոլոր առումներով։ Դա ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ–ին է շատ խոցելի դարձնում հնարավոր ագրեսիաների հանդեպ։ Դա իսկապես խնդրահարույց է»։

Ադրբեջանը, թեկուզ և խճճվելով իր թեզերի մեջ, այսուամենայնիվ, փորձում է տարբեր խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Երևանը հաճախ հայտնվում է  պատասխանողի կարգավիճակում։ Նույն խնդիրը նաև իրավական դաշտում է, որտեղ Ադրբեջանը որդեգրել է հայելային մեղադրանքների քաղաքականությունը՝ անգամ էթնիկ զտումների հացում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց  դեմ դիմումներ են ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան։

«Իրենք այդ հայելային քաղաքականությունը միշտ տանում են և դա նորություն չէ։ Ես կարծում եմ՝ հենց այդ ոլորտը այն քիչ ոլորտներից է, որտեղ մենք իսկապես, հսկայական աշխատանք ենք անում և բազմաթիվ խնդիրներ ստեղծում Ադրբեջանի համար։ Բայց այստեղ գալիս է երկրորդ հարցը․ միջազգային իրավունքը օգտակար է և աշխատում է, եթե դառնում է պետության կողմից տարվող քաղաքականության մաս։ Եթե դուք հայց եք ներկայացրել Ադրբեջանի դեմ, որ Ադրբեջանը ռասիստական պետություն է, ատելություն է քարոզում հայերի դեմ, ապա դուք չեք կարող կոչ անել Արցախում ապրող հայերին հարմարվել, քանի որ ինչպես իրենք են ասում, հարցը լուծվել է ռազմական ճանապարհով։ Խնդիրը այն է, որ աշխատանքն արվում է, բայց տրամաբանությունը չի պահվում և դա վնասում է Հայաստանին»։

Ոչ թե կարճաժամկետ, ասենք՝ Լաչինի միջանցքը փակել-բացելու, այլ երկարաժամկետ՝ ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար, վերլուծաբանների կարծիքով անհրաժեշտ է, մի կողմից, ճիշտ հասկանալ Ադրբեջանի մարտավարությունն ու ռազմավարությունը, մյուս կողմից՝ մշակել սեփականը՝ այն առաջ տանելով համակարգված ու հետևողականորեն։  

Back to top button