ԿարևորՀասարակություն

Հայաստանի հյուսիսում նոր էկոգյուղ կկառուցվի

Հայաստանի հյուսիսում կկառուցվի նոր մոդելի էկոգյուղ։ Ծրագիրը բաղկացած է երկու մասից․ մեկը Կապսի ջրամբարի շինարարությունն է, մյուսը՝ նոր մոդելի էկոգյուղի հիմնադրումը։ Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն մᵌ ծավալի համար: Հետագայում այն կբարձրացվի` ջրամբարի ծավալը հասցնելով 60 մլն մᵌ: Ջրաձորցիների վերաբնակեցման և նոր բնակավայրի կառուցման համար նախատեսված է 4 մլրդ 950 մլն դրամ և 67 ամիս ժամանակ։

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրը շուտով ամբողջովին կտեղափոխվի այլ տարածք՝ դիմացի սարահարթ, իսկ գյուղի տարածքն ու վարելահողերը կմնան Կապսի ջրամբարի հատակին։

Այս  նախագիծը մշակվել էր տարիներ առաջ, իրականացնելու փորձեր պարբերաբար եղել են, բայց այս անգամ ծրագիրը հաստատ կյանքի կկոչվի՝ վստահեցնում են  էկոնոմիկայի, ֆինանսների, քաղաքաշինության նախարարությունների  ներկայացուցիչները, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահն ու ՏԻՄ ներկայացուցիչները, որոնք Ամասիայի համայնքապետարանում քննարկում են Նոր Ջրաձոր կառուցելու և մեր երկրում էկոգյուղի մոդել ներդնելու ընթացիկ քայլերը։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյան․ «Ծրագիրը նորանկախ Հայաստանի համար բավականին հավակնոտ ծրագիր է, որը պետք է կյանքի կոչենք»։

Ծրագիրը բաղկացած է երկու մասից․ մեկը Կապսի ջրամբարի շինարարությունն է, մյուսը՝ նոր մոդելի էկոգյուղի հիմնադրումը։ 

Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն մᵌ ծավալի համար: Հետագայում այն կբարձրացնեն`ջրի ծավալը  հասցնելով 60 մլն մᵌ:

Հանձնաժողովի նիստի օրակարգում նաև ջրաձորցիների վերաբնակեցման և նոր բնակավայրի կառուցման հարցերն են։

Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան․

«Շատ ուրախալի է, որ հանրապետության մեջ սա նոր տիպի գյուղ է լինելու, էկոգյուղ է լինելու, որի կառուցումը շատ կարևոր դեր է ունենալու նաև մեր համայնքի համար։ Այնտեղ կառուցվելու է կաթի վերամշակման արտադրամաս և կոոպերատիվ՝ գյուղատնտեսական մեքենաներով համալրված»։

Ծրագրի մեկնարկը 2021-ի դեկտեմբերին էր։ Այս ընթացքում կազմվել են Ջրաձորի 74 բնակելի տների և հողամասերի կադաստրային գրանցման փաթեթները։

Ծրագրի իրականացման թիմի ղեկավար Տիգրան Դանիելյանն ասում է, որ ամենածավալուն աշխատանքը փոխհատուցման պայմանագրերի կնքման գործընթացն է եղել, քանի որ գյուղի բնակիչները, երկրաշարժից հետո անընդհատ փոխհատուցման սպասելով, նույնիսկ սեփականության վկայականներ չեն ունեցել․ գյուղում չկա գրանցված անշարժ գույք։

«Օրինականացման նոր պլանը մշակել ենք, այս պահին իրականացման ընթացքում է, բաժանված է երկու մասի․ մեկը՝ ժառանգության, մյուսը սեփականության իրավունքի գրանցման գործընթացն է։ Ժառանգության մասով ունենք իրականացման ենթակա 40 գործ։ Պայմանագրերի, համաձայնագրերի հաստատումից հետո անմիջապես կմեկնարկենք փոխհատուցման գործընթացը»։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 4 մլրդ 950 մլն դրամ է, 2023-ի առաջին կիսամյակում կփոխհատուցվեն Ջրաձորի բնակիչները, տարվա երկրորդ կիսամյակում կավարտվեն նոր Ջրաձորի նախագծային աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2024-ից։

Ջրաձորի բնակիչ 58–ամյա Հովիկ Վարդանյանն ասում է, որ  գյուղի վերաբնակեցման մասին խոսակցությունները գրեթե իր տարիքին են։ «Իմ ողջ գիտակցական կյանքում, ինչ ինձ հիշում եմ, մեր գյուղը տեղափոխելու էին, բայց մինչև հիմա այստեղ ենք, արդյո՞ք կիրագործվի մեր կենդանության օրոք։ Մի քանի սերունդ հեռացել է՝ չտեսնելով այդ գործընթացը, գոնե մեր սերնդին հաջողվի նոր պայմաններում ապրել»։

 21–ամյա Միշա Վարդանյանը գյուղի առաջադեմ երիտասարդներից է, ծրագրավորող է։ Ասում է այս ծրագիրը իր և սերնդակիցների համար գյուղից չհեռանալու նախադրյալ է։ «Ես մտածում էի գնալ Գյումրիում ապրել ու աշխատել, քանի որ այստեղ բնակելի տները շատ անհարմարավետ են, սակայն նոր գյուղի նոր բնակելիների կառուցումը կնպաստի, որ գյուղից չհեռանամ, իսկ Գյումրի աշխատանքի գնալ-գալը խնդիր չի լինի»։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանն ասում է, որ  նոր գյուղում գոմերը և կաթի վերամշակման արտադրամասերը կկառուցվեն գյուղից դուրս․ «Նախատեսվում է գյուղում կառուցվող տների շինարարության ընթացքում հիմնականում օգտագործել էկոնյութեր։ Սա աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նաև այն իմաստով, որ գյուղը կառուցվում է՝ ի սկզբանե ունենալով իր հատակագիծը՝ խմելու ջրով, ոռոգման, ջրահեռացման համակարգերով, արևային ջրատաքացման վահանակներով և գազաֆիկացմամբ»։   

Նոր Ջրաձորը կկառուցվի 67 ամսում, ֆինանսական խնդիրներ ծագի՝ վստահեցնում են ծրագրի պատասխանատուները, իսկ գյուղի ավագ կանայք ուրախությամբ սպասում են, որ վերջապես կկարողանան առանց խնդիրների որդիներին ամուսնացնել ու հարս տուն բերել։

Back to top button